– Այսօր ովքե՞ր են դիմում հոգեբանի օգնությանը, կամ արդյո՞ք դիմում են:
– Պետք է նշեմ, որ Հայաստանում վերջին տարիներին արդեն ձեւավորվել է հոգեբանի ծառայություններին դիմելու մշակույթը, մարդիկ ավելի գրագետ են մոտենում իրենց հոգեբանական առողջությանը: Ոչ միայն դեռահասները, այլ նաեւ կարող են դիմել տարեցները, ովքեր ճգնաժամ են ապրում կենսաթոշակի, աշխատանքից զրկվելու, լուրջ փոփոխությունների ժամանակ: Մարդու ամենածանր ճգնաժամը նկատվում է դեռահասության շրջանում: Օրինակ` դեռահասության փուլում պաշտպանված լինելու զգացումը եթե չի բավարարվել, ինքնագնահատականը չի ձեւավորվում: Նա փորձում է միջավայրի միջոցով հասկանալ` ինքն ինչպիսին է` գեղեցի՞կ է, թե՞ տգեղ: Եթե սա ճիշտ ժամանակին չի բավարարվում, ճիշտ զարգացում եւ ձեւավորում չի ստանում, ապա ամբողջ կյանքում ֆիքսված մնում է այդ փուլի վրա: Անշուշտ, դիմում են նաեւ դեռահասության փուլում գտնվող երեխաները: Դա կարող է ոչ միայն սիրահարվածության առիթ լինել, այլ չհասկացվածության, մենակության զգացման, որը բնորոշ է այս փուլին, ինչը կարող է խախտել ծնող-երեխա փոխհարաբերությունները եւ շատ լուրջ հետեւանքներ ունենալ:
– Երեխան հաճախ ծնողին պատմում է իր հետաքրքրությունների մասին, բայց ծնողը այլ բաների մասին է մտածում, լի լսում նրան:
– Մենք վերաբերմունքի փոփոխություն ենք անում: Նրանք ամեն ինչ այնպես չեն ընկալում, ինչ իրականում կա, անհրաժեշտության դեպքում աշխատանքը շարունակում ենք ծնողի հետ: Երբ ասում ենք՝ պետք է երեխային սիրել, ծնողները զարմանում են` ո՞վ չի սիրում իր երեխային: Իսկ ինչպե՞ս սիրել: Ցավոք, այս հասարակ հարցը շատ ծնողներ չգիտեն, որն էլ դառնում է շատ ողբերգությունների պատճառ:
– Ինչպե՞ս սիրել:
– Երեխային պետք է սիրել առանց պայմանների եւ անպայման դա դրսեւորել: Երեխայի աչքերին հաճախ նայել, խոսելիս միշտ նայել նրա աչքերի մեջ, երեխայի հետ անընդհատ ֆիզիկական կոնտակտ ապահովել` գուրգուրանք, համբույրներ: Համակ եւ հետեւողական ուշադրության մեջ պետք է լինի երեխան: Նա պետք է զգա, որ ծնողների համար ոչ թե առաջնահերթը աշխատանքն է կամ այլ ոլորտները, այլ առաջնահերթն ինքն է: Ծնողը պետք է չխախտի կարգապահությունն ու պատիժը. դրանք տարբեր բաներ են: Ֆիզիկական պատիժներից երեխան կարող է դիտավորությունների գնալ: Չպետք է լինի պարտադրանք, պետք է լինի երկուստեք հարցի լուծում: Երեխան ունի հուզական ռեզերվուարի պահեստարան, որը պետք է լցնել ժամանակին, հակառակ դեպքում՝ երեխայի վարքագիծը ոչ ադեկվատ է լինում: Հասունանում է անվստահություն, վախ՝ աշխարհի, հարաբերությունների նկատմամբ, որը չի թողնում երեխային ցանկացած ոլորտում ինքնակայանալ: Այ, այստեղ է, որ ծնողը կարիք ունի իրազեկվելու, որ հոգեբանական աշխատանքի միջամտության արդյունքում կլուծվի իր խնդիրը: Սխալ է նաեւ մյուս տարբերակը` սեփականատիրական զգացումով սերը` «դու իմն ես, եւ ես կարող եմ քեզ հետ ամեն ինչ անել»: Օրինակ, ծնողը կարող է դիտողություններ անել երեխային ուրիշների ներկայությամբ, սակայն երեխան հաճախ չի հասկանում, թե ինչո՞ւ ինքը պետք է ասվածը անի: Այստեղ է հենց պետք, որ ծնողները եւ երեխաները կարողանան անկեղծ լինել միմյանց հետ: Չպետք է վախենալ երեխայից, չպետք է վախենալ այն անկեղծ հարաբերություններից, որը երջանիկ է դարձնում եւ ծնողին, եւ երեխային: Երջանկության, ներդաշնակության հիմքում ընկած է առանց պայմանների սերը, անկեղծությունը եւ իրար հասկանալու, այդ հասկացածն էլ իրար փոխանցելու հնարավորությունը:
Մարինե ԳԱՍՊԱՐՅԱՆ