Ոչ թե կինոկենտրոն, այլ՝ կինոգավառ ենք

07/05/2009 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆԸ

Կինոն միշտ էլ ազգային ինքնության լավագույն միջոցն է եղել, քանի որ իր բնույթով այն զանգվածային արվեստ է եւ կարող է հեշտությամբ յուրաքանչյուրիս տուն մտնել, հուզել ու ստիպել մտածել` ո՞վ ենք մենք:

Կինոն նաեւ պետության ամենացայտուն այցեքարտն է: Կարող ես փոքր ու աղքատ երկիր լինել, բայց եթե լավ կինո ունես, ուրեմն դեմք ունես ու կարող ես այն ներկայացնել աշխարհին: Այն փաստը, որ ժամանակակից հայկական կինոն չունի ո՛չ դեմք, ո՛չ էլ որակ, կասկածի առիթ չի տալիս: Մեր կինոն շատ դժգույն է, իսկ հատուկենտ կինոհաղթանակները ոչ թե օրինաչափ են, այլ` բացառիկ դեպքեր են: Պատկերը տխուր է ոչ միայն այն պատճառով, որ կինոպրոցեսը գրեթե կանգ է առել, ու տարեկան լավագույն դեպքում 1-2 ֆիլմ է նկարահանվում, եւ ընդամենը 2-3 գործող կինոթատրոն ունենք (որոնք, ի դեպ, պետական չեն, այլ` պատկանում են ռուսաստանյան մասնավոր ընկերություններին), այլեւ` այն պատճառով, որ կինոստեղծման մեխանիզմները վաղուց արդեն անդառնալիորեն հնացել, խեղաթյուրվել ու փտել են, սակայն, չգիտես` ինչու, շարունակում են անձեռնմխելի մնալ: Ժամանակակից հայկական կինոյի մասին խորհելիս` կարելի է եզրակացնել, որ ստեղծված իրավիճակում այն զարգանալու ոչ մի շանս չունի:

Խորհրդային տարիներից ժառանգած մեխանիզմները գումարվել են պարտադիր նեղ բարեկամական շրջանակների մեջ գործելու ցանկությանը, ինչի արդյունքում լույս են տեսնում ֆիլմեր, որոնք դատապարտված են անհաջողության: Մեղավորը անհատները չեն, մեղավորը սիստեմն է:

Երբ մասնավորեցվեց «Հայֆիլմ» կինոստուդիան, ստուդիայի սեփականատերերը վստահեցնում էին, որ խոշոր ներդրումների, նոր տաղավարների ու տեխնիկայի ձեռքբերման ու աշխատանքի խելամիտ մոտեցման շնորհիվ, Հայաստանը տարածաշրջանի կինոկենտրոն է դառնալու: Շատ արագ պարզ դարձավ, որ այդ խոսակցությունները դատարկ բաներ են: ՀՀ կառավարությունը եթե ցանկություն ունենար, ապա կարող էր ուղղակի անվավեր ճանաչել մասնավորեցման պայմանագիրը, քանի որ ստուդիան պարզապես չէր կատարել (ու չի էլ կատարելու) իր պարտավորությունները: Եվ եթե մեր պետությունը շարունակում է ձեւացնել, որ «Հայֆիլմի» հետ ամեն ինչ կարգին է, ապա պետք է «խաչ քաշել» «Հայֆիլմի» վրա ու փորձել կինոյի ոլորտը կարգավորող այլ կառույցներից խելամիտ աշխատանք պահանջել: Չէ՞ որ ազգային կինոֆիլմեր դիտելու ու դրանցով հպարտանալու ցանկություն բոլորիս մոտ կա:

Այժմ Հայաստանում կինոստեղծման հետեւյալ մոդելն է գործում. պետությունը բյուջեից գումար է տրամադրում ՀՀ Մշակույթի նախարարությանը, որը Ազգային կինոկենտրոնի միջոցով պետք է այդ գումարը բաշխի կինոարտադրողների միջեւ: Հարկ է հիշեցնել, որ երբ ցանկացած երկրում Ազգային կինոկենտրոն է ստեղծվում, ապա ենթադրվում է, որ կենտրոնը պիտի կատարի օժանդակողի կամ պրոֆեսիոնալ ծառայություններ մատուցողի դերը: Այն պետք է քննարկի ու ընտրի լավագույն կինոնախագծերն ու լավագույն պրոդյուսերներին, կապ հաստատի միջազգային հիմնադրամների հետ, գումար հայթայթի մասնավոր ներդրողներից` ապահովելով նրանց գումարների նվազագույն ռիսկայնությունը, զբաղվի դիստրիբյուցիայով ու ֆիլմի համար առավել շահեկան փառատոնային ու կինոթատրոնային ցուցադրման գրաֆիկ մշակի: Ազգային կինոկենտրոնն իր էությամբ դոնոր կազմակերպություն է, կամուրջ է պետության ու անկախ ստեղծագործողի միջեւ: «Ազգային» բառը արդեն իսկ ենթադրում է, որ կինոկենտրոնը պետք է կարողանա ֆինանսական հոսքեր ապահովել ազգային կինոյին ու ազգային ֆիլմերը գրագետ ներկայացնել ու վաճառել կինոշուկաներում, իսկ դա նշանակում է, որ պետք է լավ տեղեկացված լինել միջազգային ֆոնդերի աշխատանքից: Կինոն վաղուց արդեն զուտ ազգային արտադրանք չէ, այն գրեթե միշտ տարբեր ֆոնդերի կինոպրոդուկցիա է, եւ դա հասկանալով միայն կարելի է ազգային բազա ստեղծել: Իսկ Հայաստանի Ազգային կինոկենտրոնում նույնիսկ անգլերեն լեզվին տիրապետող աշխատակիցներ չկան, որոնք կարող են նամակագրություն վարել միջազգային կառույցների հետ: Հայկական կինոն չունի լուրջ ներկայություն նաեւ ինտերնետում, որը լավագույն դաշտն է` կինոնախագծերը դեռ սցենարական պրոյեկտի փուլում վաճառքի հանելու ու համագործակիցներ փնտրելու համար: Այդ պարտականությունը մեր օրերում իր վրա է վերցրել «Ոսկե ծիրան» կինոփառատոնը, որը լինելով հասարակական կազմակերպություն` լրացնում է պետական կառույցների շինծու աշխատաոճը: Եվ վստահ կարելի է ասել, որ երբ ֆիլմի մտահղացում ունեցող եւ ֆոնդերին դիմելու ձեւաչափին տեղականալ ցանկացող երիտասարդ է հայտնվում, նա հետեւում է «Ոսկե ծիրանի» կազմակերպիչների խորհուրդներին, Կինոկենտրոնը այդ հարցում պարզապես պիտանի չէ: Ի դեպ` «Ոսկե ծիրանը», որը հսկայական դեր ունի Հայաստանի վարկանիշը բարձրացնելու գործում, մինչ օրս սեփական գրասենյակ չունի ու ստիպված է տարածք վարձակալել:

Ո՞ւմ հետ են մրցում

Հայաստանի ազգային կինոկենտրոնը որոշել է, որ ամենաշահեկան քայլը սեփական տեխնիկայով սեփական արտադրություն թողարկելն է: Եվ հենց այս կետում էլ խաթարվել է գումար-նկարահանում-դիստրիբյուցիա-պոտենցիալ շահույթ շղթան: Ստացվում է, որ կենտրոնը գումարը ոչ թե բաշխում է, այլ` օգտագործում է, եւ ոչ թե համագործակցում է կինոպրոդյուսերական ընկերությունների հետ, այլ` մրցում է նրանց հետ: Եվ քանի դեռ Ազգային կինոկենտրոնը տնօրինում է պետական (այսինքն` մեր բոլորիս) գումարները, մրցակցությունը շատ անարդար է դառնում: Մինչդեռ կենտրոնը իրավունք չունի անկախ պրոդյուսերի մրցակիցը լինել: Մոտեցումը ճիշտ հակառակը պետք է լինի, կենտրոնը պիտի մասնավոր ֆիլմարտադրողի կողքին կանգնի ու նրա համար գարանտ հանդիսանա: Իսկ երբ մեկ կառույց եւ՛ փողն է տնօրինում, եւ՛ այդ փողն օգտագործում է, նշանակում է, որ գումարը ճիշտ հասցեատերերին երբեք չի կարող հասնել, եւ ամեն բան կարվի, որպեսզի փողը ներսում` մի քանի մարդու ձեռքում մնա: Եվ որքան էլ փորձեն հանձնաժողովներ գումարել ու կինոհայտեր քննարկել, միեւնույն է, նախապատվությունը կտան իրենք իրենց: Այն էլ` արտահերթ: Չմոռանանք, որ խոսքը պետության փողերի մասին է, եւ «ինչ ուզեմ` կանեմ»-ի սկզբունքը այստեղ չպիտի գործի: Բիզնեսի պարզ տրամաբանությունը հուշում է, որ փողը պետք է տալ այն ֆիլմարտադրողին, որն իր գործը լավ կանի ու հույս կտա, որ փողը օրերից մի օր կրկին բյուջե կվերադառնա: Իսկ դրա համար պետք է վստահել այն նախագծերի հեղինակներին, որոնք իրենց ուժերով ու ջանքերով են օտարերկրյա ֆոնդերից գումար ստացել, այսինքն` որոշակի երաշխիքներ են ձեռք բերել: Հայաստանի անկախության տարիների ընթացքում դա հաջողվել է անել միայն անկախ ֆիլմարտադրողներին, այն էլ` ի հեճուկս պետական կառույցների: Այլ երկրների ֆոնդերից տարբեր չափերի գումար են ստացել պրոդյուսերներ Հովհաննես Գալստյանը («Խճճված զուգահեռներ»), Մելիք Կարապետյանը («Չնչիկ»), Արմինե Անդան («Ժաննան եւ ձայները»): Եվ անհասկանալի օրինաչափությամբ` հենց նրանց լիամետրաժ գեղարվեստական ֆիլմերի նախագծերն են ամենից շատ ձգձգվել, ու հարցականի տակ է դրվել ազգային համաֆինանսավորումը: Կինոկենտրոնի 10-ամյա գործունեության ընթացքում պետական գումարներին միջազգային ֆոնդերի գումարներն ավելացնելու նախադեպ չի ստեղծվել: Եվ այդ նախադեպը ստեղծած անկախ կինոպրոդյուսերները միանգամից համարվել են պետության մրցակիցները, նույնիսկ` ոխերիմ թշնամիները: Եվ պետական մարմինները (Մշակույթի նախարարությունն ու Ազգային Կինոկենտրոնը) նրանց հետ մրցելու ամենալավ միջոցը համարել են պետական աջակցության ձգձգումը ու թթվածնի պարբերաբար փակումը: Հայրենական բյուրոկրատական խոչընդոտները թույլ չեն տալիս նույնիսկ ֆիլմի պրոյեկտի հաջող միջազգային մեկնարկի դեպքում դրանց համար «կանաչ ճանապարհ» բացել:

Այժմ ոչ մի անկախ պրոդյուսեր Ազգային Կինոկենտրոնը որպես դոնոր չի ընկալում, նա մրցում է պետական այդ կառույցի հետ` ժամանակ եւ ուժեր վատնելով: Կենտրոնն էլ նրա հետ է մրցում: Նեղլիկ մտածողությունը կինոյի պատասխանատուներին թույլ չի տալիս մոռանալ սեփական գրպանի մասին ու իրապես հեռատես ու սթափ ներդրում անել կոնկրետ ֆիլմերի նկարահանման ու դիստրիբյուցիայի մեջ: Կինոկենտրոնը լրջորեն չի զբաղվել նաեւ ֆիլմերի դիստրիբյուցիայով, վերջին տարիներին նկարահանված ֆիլմերը լավագույն դեպքում մի 2 օր ցուցադրվել են Հայաստանում, ապա միանգամից կազմակերպվել է հեռուստատեսային ցուցադրությունը: Իսկ դա ուղղակի դիստրիբյուցիայի տապալում է, որը նշանակում է, որ ֆիլմի մեջ ներդրված գումարը շանս չունի գոնե որոշակի տոկոսով պետական բյուջե վերադառնալ, որ ֆիլմը դուրս չի գալու այլ երկրների կինոէկրաններին կամ գոնե տեսաֆիլմի ֆորմատով չի փորձելու գումար վաստակել:

Ֆիլմերի շահը

Երբ ուզում ես ինքդ քեզ խաբել, ասում ես, որ ոչ թե մասսայական, այլ էլիտար ֆիլմ ես ստեղծում: Ըստ ձեւավորված ավանդույթի` էլիտար ֆիլմ է համարվում անմշակ ու վատ ֆիլմը, որը դիտելիս անպայման պետք է ձանձրանալ:

Վերջին տարիներին Հայաստանում նկարահանված ֆիլմերը լավագույն դեպքում շոյում են հեղինակների ինքնասիրությունը, եւ ոչ ավելին: Ռեժիսորներն էլ սկսում են խոսել կինոյի սպեցիֆիկայի, բարդ աշխատանքային պրոցեսի ու արվեստի վեհ դերի մասին: Ասում են, որ փողը ետ բերելը իրենց համար երկրորդական հարց է, քանի որ իրենք միայն ազգային շահի ու արվեստի մասին էին մտածում: Նաեւ` ցավում են, որ փողը քիչ էր, եթե շատ լիներ, ավելի լավ կաշխատեին: Ռեժիսորներ Արամ Շահբազյանը («Չնչիկ») ու Հովհաննես Գալստյանը («Խճճված զուգահեռներ»), որոնք իրենց նախագծերը 4-5 տարի փորձում են իրականություն դարձնել, հակառակ կարծիքն ունեն: Նրանք համարում են, որ ֆիլմը պետք է սկսել նկարահանել այն ժամանակ, երբ ուրվագծված է ֆիլմի հետագա ճակատագիրը, ու հնարավոր է պոտենցիալ շահն ու շոշափելի որակը համատեղել:

Տարիներ շարունակ մենք փորձել ենք սեփական անզորությունը կինոյի ոլորտում արդարացնել ֆինանսների պակասով: Հիմա ֆինանսները գտնելն ավելի հեշտ է, եթե, իհարկե, լավ նախագիծ ունես ու փող որոնելու ճանապարհներին տեղյակ ես: Աշխարհը բաց է կինոհամագործակցության համար, իսկ մենք խորհրդային կենտրոնացված համակարգի գերին ենք մնացել, փակել ենք դռներն ու պատուհանները` ամեն բան թողնելով նեղ շրջանակների քմահաճույքին: Իսկ այդ շրջանակները սովոր են ամեն բան հարթ, հանգիստ, առանց աղմուկի, նույնիսկ` ծածուկ անել: Նրանք անընդհատ խոսում են բարձր արվեստի ու ֆիլմերի ազգային դերի մասին: Կարծես մոռացվել է, որ ազգային ֆիլմը նախեւառաջ լավ ֆիլմն է, որը գրագետ է նկարահանված ու գրագետ էլ մատուցվում է հանդիսատեսին ու միջազգային փառատոներում: Հաշվի չի առնվում, որ ցանկացած ֆիլմ իր վերջնական տեսքը ստանում է այն պահին, երբ կադր առ կադր հավաքագրվում է թղթի վրա: Եվ մինչ նկարահանման փուլ ու խոշոր գումար ծախսելը՝ արդեն իսկ պարզ է ֆիլմի տեսքը, որակը, ձեւը, ժանրային ամբողջականությունը, կերպարների ու դիալոգների շեշտադրումները: Եթե սցենարական փուլում հարցեր են ծագում, ապա դրանք կարելի է հարթել` տարբեր երկրների մասնագետների կամ պրոֆեսիոնալների խորհուրդներին հետեւելով, որպեսզի արդյունքը լինի այնպիսին, ինչպիսին եւ սպասվում էր: Եթե կինոն ֆինանսավորող պետական մարմինը սցենարական լայն քննարկում անցկացնի ու փորձի սցենար-հայտերը միջազգային ֆոնդերի ցանցով անցկացնել` ստուգելու համար սցենարի արդյունավետությունը շուկայական ու հանդիսատեսի պահանջարկի տեսակետից, ապա շատ հայկական կինոնախագծեր ուղղակի «կմաղվեն»: Վերջին ֆիլմերը` «Տխուր փողոցի լուսաբացը», «Արահետը», «Քրմուհին», հաստատ կարելի էր ավելի գրագետ նկարահանել, եթե ճիշտ պրոդյուսերական աշխատանք տարվեր, ու հստակեցվեին սցենարները: Թեման, ժանրը, կազմը նշանակություն չունեն, խոսքը գրագետ աշխատանքի մասին է: Իսկ Հայաստանում քիչ չեն կինոմտածողություն ունեցող ռեժիսորները (արդեն ստեղծվել է Հայաստանի անկախ կինոդպրոցը, որը հանրահայտ ռեժիսորների վարպետության դասեր է անցկացնում մեր տարածաշրջանի երիտասարդների համար), սկսել է ձեւավորվել նաեւ անկախ պրոդյուսերական դպրոցը, մնում է միայն օգտագործել նրանց ներուժը ու կինոյի խթանման համար բարենպաստ օրենսդրական դաշտ ստեղծել: Երկար ժամանակ ինքնախաբեությամբ ենք զբաղվել ու կինո ունեցող պետության պատրանք ենք ջանացել թողնել:

Կինոն, իհարկե, պատրանք ստեղծող արվեստ է, սակայն այդ պատրանքները շատ բարդ ու պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքում են ստեղծվում: