Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ, «Ժողովրդավարական շարժում-Միասնական Վրաստան» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեն հայտարարել է, որ վրաց ժողովուրդը երկրի ղեկավարությանը չի ների անցյալ տարի Կովկասում տեղի ունեցած իրադարձությունների համար, եւ վստահություն է հայտնել, որ Միխայիլ Սահակաշվիլիի ռեժիմը շուտով կփոխարինվի: «Եկել է ժամանակը, որ Վրաստանի իշխանությունները պատիժ կրեն անցյալ տարվա օգոստոսին կատարածի համար: Իշխանությունները կարծում են, թե հեշտությամբ կարող են խաբել մարդկանց, բայց վրաց ժողովուրդը դա նրանց չի ների»,- ասել է Բուրջանաձեն խորհրդարանի շենքի առջեւ ընթացող հանրահավաքում: Ընդդիմադիր գործիչը վստահություն է հայտնել, որ վրաց ժողովուրդը «կազատագրի երկիրը եւ կկառուցի իսկական՝ արժանավայել ու ազատ Վրաստան»: