«Jethro Tull» հանրահայտ բրիտանական ռոք խումբը մայիսի 22-ին հանդես կգա Երեւանի Մարզահամերգային համալիրում: Այդ խումբը 1970-ական թթ. հսկայական դահլիճներ էր հավաքում աշխարհում ու հիրավի համարվում էր լավագույն ռոք խմբերից մեկը: «Jethro Tull»-ի այցը իրոք մեծ իրադարձություն է: Խումբն իր կոմպոզիցիաներում փայլուն համադրում է սիմֆոնիզմը, մեղեդայնությունն ու կիրքը: Յան Անդերսոնի խումբը ռոքի էսթետիկան հասցրեց գրեթե ակադեմիական մակարդակի, գերելով ռոքի սիրահարներին: Իսկ Անդերսենն առաջինն էր, որ ռոք կոմպոզիցիաներում սկսեց հաճախակի օգտագործել ֆլեյտան: Ի դեպ, ուշագրավ է, որ խմբի անվանումը հենց այնպես չի առաջացել: Ջետրո Թուլը 200 տարի առաջ ապրող ագրարային գյուտեր արած գիտնական է, ով հորինել է «մեխանիկական արորը», վարող-ցանող սարքը, որի կառուցվածքում օգտագործվել են երգեհոնի տարրերը: Թե ինչպես է այդ սարքն աշխատել, այժմ ոչ ոք չի էլ հիշում, սակայն բոլորը հիշում են 40 ալբոմ թողարկած «Ջետրո Թալ» ռոք խումբը:
Երեւանյան համերգի կազմակերպիչներն են կրթական ու մշակութային ծրագրեր իրականացնող «Լույս» հիմնադրամը, «Ամերիա» բանկն ու «Վիբրոգրաֆուս» պրոդյուսերական ընկերությունը: Ի դեպ, «Լույս» հիմնադրամի ստեղծման բուն նպատակը միջազգային հեղինակավոր բուհեր ընդունվող հայ ուսանողներին ֆինանսական օգնություն ցուցաբերելն է, ինչի համար ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ում բնակարանի վրա էլ հենց գրանցված է այս հիմնադրամը, օրերս հայտարարել էր, թե կրթական այդ ծրագրերի վրա ծախսվելու է 1 մլն 200 հազար դրամ: Ավելին, Տիգրան Սարգսյանը օրեր առաջ ՀՀ Ազգային ժողովում, ի վերջո, հայտարարել է, որ «Լույս» հիմնադրամը բացարձակապես մասնավոր ընկերություն է, որը չի առնչվում պետական ֆինանսների հետ: Եվ ահա «Jethro Tull»-ի համերգի ֆինանսավորումը նույնպես մասնավոր նախաձեռնությամբ է իրականացվել: «Վիբրոգրաֆուս» ընկերության նախագահ Գագիկ Գյուլբուդաղյանը հայտնեց, որ խմբի հինգ անդամները համերգից առաջ հանդիպումներ կունենան Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների ու հայաստանյան ռոք երաժիշտների հետ: Ինչպես հայտնի է` վարչապետը, ֆինանսների նախարարը, կրթության նախկին նախարարը ռոքի սիրահարներ ու գիտակներ են:
Իսկ երեկ Սպենդիարյանի անվան Օպերայի ու բալետի թատրոնում մեկ այլ խոշոր իրադարձություն էր. Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետը երեկ ներկայացվեց ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի եւ ՌԴ առաջին տիկին Սվետլանա Մեդվեդեւայի բարձր հովանու ներքո: Ներկայացումը նախաձեռնել էր բալետի երկրպագու, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Երեւանյան «Սպարտակը» բեմադրել էր բալետմայստեր Յուրի Գրիգորովիչը, 40 տարի առաջ իր իսկ ստեղծած բեմականացման կրկնությամբ: Պահպանվել էին նաեւ Մոսկվայի «Մեծ թատրոնում» ցուցադրված «Սպարտակի» մենակատարների զգեստների էսքիզները: Երեւանյան միջոցառումը շատ շքեղ էր ներկայացվել ու պատվելի հյուրերից էր բաղկացած: