Մաշկի գարնանային խնամք

07/05/2009

Գարնանը մեր մաշկը հատուկ խնամքի կարիք է զգում: Յուղոտ մաշկին շատ լավ է սառը ջուրը կամ երիցուկի թուրմը:

Չոր մաշկը մաքրելու համար խորհուրդ է տրվում մաշկը լվանալ հանքային ջրով: Ավելի լավ է հրաժարվել օճառից եւ օգտագործել հատուկ փրփուրներ կամ խոնավացնող միջոցներ: Պետք չէ թողնել, որ դեմքն ինքնուրույն չորանա, որովհետեւ ջրի գոլորշիացումից ջրազրկվում է նաեւ մաշկը: Մաշկի սնուցման համար արդեն գարնան վերջին կարելի է հրաժարվել բոլոր տեսակի յուղոտ քսուքներից եւ օգտագործել այն, ինչ տալիս է մեզ բնությունը` հատապտուղներ, բանջարեղեններ ու այլ մրգեր: Չոր եւ նորմալ մաշկի սնուցման համար կարելի է շաբաթը 3 անգամ պատրաստել դիմակ դդմի հյութով: 1 ճաշի գդալ թարմ դդմի հյութին ավելացնել 1 ճաշի գդալ կիտրոնի հյութ, 1 հատ թարմ ձվի դեղնուց, 2 թեյի գդալ թթվասեր: Այս ամենը լավ խառնել ու քսել դեմքին: 20 րոպե հետո այն լվանալ գոլ ջրով:

Յուղոտ մաշկին շատ լավ օգնում է թրթնջուկով դիմակը: Վերցնել թրթնջուկի միջին չափի մի քանի թերթիկ եւ գդալով ճզմել, ավելացնել 1 թարմ ձվի դեղնուց: Այս խառնուրդը քսել դեմքին բարակ թաղանթով, չորանալուց հետո քսել մյուս թաղանթը, սա չորանալուց հետո` երրորդ թաղանթը: 15 րոպե հետո դեմքը լվանալ ոչ ուժեղ թեյի լուծույթով:

Խառը տիպի մաշկի սնուցման համար անհրաժեշտ է շաբաթը 3 անգամ դնել դիմակ խատուտիկի տերեւներով: Վերցնել խատուտիկի 3-5 տերեւ, մանր կտրատել ու փայտե գդալով լավ ճզմել: Այս հյութը խառնել 2 գդալ ոչ յուղոտ կաթնաշոռի հետ ու քսել դեմքին: 20 րոպե հետո դիմակը մաքրել թղթե անձեռոցիկով ու հետո դեմքին քսել կաթնաթթվային ինչ-որ մթերք. շատ օգտակար է «Նարինեն»։

Ուշադրություն. Եթե հատապտուղներից ու այլ մրգերից պատրաստված դիմակը առաջին անգամ եք օգտագործում, չի կարելի միանգամից քսել դեմքին: Այդ քսուքը սկզբից քսեք ականջի հետեւամասին եւ 20 րոպե հետո մաքրեք, եթե ալերգիկ որեւէ ռեակցիա տեղի չի ունենում, ապա նոր միայն քսեք դեմքին:

Գարնան փոփոխական արեւին մաշկի ամենախոցելի մասը աչքերի շուրջն է, որ կկոցելով՝ ամենաշուտն է կնճիռներ առաջանում, այդ պատճառով պետք է միշտ օգտագործել արեւի ակնոցներ:

Բացի մաշկի արտաքին խնամքից, պետք է հետեւել նաեւ սննդին, քանի որ գարնանն օրգանիզմը վիտամինների կարիք շատ է զգում: Գարնանային դիմահարդարումը պետք է հնարավորինս թեթեւ լինի: Եթե նկատել եք, դիմահարդարման հաստ շերտը արեւի ճառագայթներից կարող է սարսափելի տեսք ունենալ: Այդ պատճառով բոլոր տեսակի տոնային քսուքներին ու դիմահարդարումներին պարզապես պետք է փոխարինի խոնավացնող կրեմը: Գեղեցիկ ու ճիշտ դիմահարդարումը պետք է աննկատ լինի: Դեմքին անպայման դիմափոշի քսեք, որովհետեւ դիմափոշիները հիմնականում պաշտպանում են մաշկն արեւից: