Ընդհանուր տեղեկություններ հեպատիտ C-ի մասին

07/05/2009 Սուսաննա ԱԶԱՏՅԱՆ

Ի՞նչ է հեպատիտ C-ն, ինչպե՞ս է արտահայտվում այդ վիրուսը, ինչպե՞ս են վարակվում եւ ախտորոշում, ինչպե՞ս է բուժվում եւ բուժվո՞ւմ է արդյոք: Սրանք հարցեր են, որոնք ծագում են մարդկանց մոտ, ովքեր լսում են հեպատիտ C-ի մասին:

Հեպատիտ C-ն (HCV) պարունակում է PHK-ի տեսքով գենետիկական նյութ` ծածկված թաղանթով: Մինչ HCV-ի հայտնաբերումը` 1989թ., այս վարակն անվանում էին «հեպատիտ ոչ A, ոչ B»:

Վիրուսի գլխավոր առանձնահատկությունը նրա գենետիկական փոփոխականությունն ու մուտացիաների ենթարկվելու արտահայտված հատկությունն է: Հայտնի են հեպատիտ C-ի 6 հիմնական տեսակներ, սակայն վիրուսի մուտացիոն ակտիվության շնորհիվ մարդու օրգանիզմում կարող են տեղ գտնել HCV-ի 40 ենթատեսակ` իհարկե, 1 գենոտիպի շրջանակներում:

Հեպատիտ C-ի տարածումը զարգացած երկրներում կազմում է 2 տոկոս, այսինքն՝ ամբողջ աշխարհում կարող է լինել մոտ 500մլն մարդ: Եվ դեռ բոլորը չէ, որ կանգնած են հաշվառման: Վարակման հիմնական մեխանիզմը տեղի է ունենում արյան միջոցով: Ավելի հաճախ այն տեղի է ունենում վարակված արյուն ներարկելիս: Վարակը հնարավոր է նաեւ կոսմետոլոգիական սրահներում ու գեղեցկության սրահներում տատուներ ու պիրսինգ անելու ժամանակ, մատնահարդարման ժամանակ ատամնաբուժարաններում եւ, նույնիսկ, եթե ատամի խոզանակի վրա արյան հետք է մնացել, ու այն պատահաբար դիպչում է ձեր խոզանակին: Իհարկե, վերջիններս զարգացած երկրներում քիչ հավանական են: Սեռական ճանապարհով հիվանդության փոխանցման հավանականությունը՝ 3-5 տոկոս: Հեպատիտ C-ով հիվանդի հետ սեռական հարաբերությունները պետք է լինեն միայն պահպանակով:

Հեպատիտ C-ով վարակված մորից պտղին վարակը փոխանցվում է 5 տոկոսի դեպքում` այն էլ ծննդաբերության ժամանակ, իսկ վարակը կանխելն այսօր դեռեւս հնարավոր չէ: Հիմնականում երեխաներն առողջ են ծնվում: Այս դեպքում էլ կրծքով կերակրելը կարող է վտանգավոր լինել: Վարակը կարող է անցնել ոչ թե կաթի, այլ՝ պտուկի շրջանում եղած բաց վնասվածքների միջոցով:

Հեպատիտ C-ն չի փոխանցվում օդակաթիլային ճանապարհով` խոսելու, հազալու, փռշտալու ժամանակ, ձեռք սեղմելու, գրկախառնվելու, սպասքի միջոցով: Եթե կենցաղային պայմաններում վարակը փոխանցվել է, ուրեմն այստեղ հաստատ հիվանդի արյունից առողջի արյան մեջ է անցել մի փոքրիկ մասնիկ` վնասվածքի, կտրված մասի միջոցով: Վիրուսակիրներին ու հիվանդներին պետք չէ մեկուսացնել ընտանիքի անդամներից, հասարակությունից, պետք չէ նրանց համար ստեղծել հատուկ պայմաններ սովորելու կամ աշխատանքի վայրում:

Հիվանդությամբ վարակվելու ռիսկային խումբ են համարվում վարակաբանները, թմրամոլները եւ նրանք, ում մինչեւ 1987 թ. կատարվել է արյան փոխներարկում:

Ավելի քիչ, բայց ռիսկային խումբ են համարվում նաեւ հիվանդները, որոնք ստանում են հեմոդիալիզ, կամ մարդիկ, ում օրգանների տրանսպլանտացիա են կատարել, հիվանդ մորից ծնված երեխան: Ավելի թույլ ռիսկային խումբ են համարվում բուժաշխատողները, սանիտարահիգիենիկ ծառայության աշխատակիցները: Ապահովության համար բժշկական հետազոտությունը պարտադիր է:

Հնարավոր է վարակվել հեպատիտ C-ով, բայց չհիվանդանալ, այսինքն` բուժվել: Նման տարբերակի հավանականությունը մինչեւ 10 տոկոս է: Կարելի է վարակվել ու դառնալ վիրուսակիր: Վիրուսը բազմանում է վիրուսակրի օրգանիզմում, բայց նրան մեծ վնաս չի հասցնում: Այսպիսի հիվանդների մոտ լյարդի բիոպսիայի արդյունքում առանձնակի փոփոխություններ չեն նկատվում: Չնայած հնարավոր է նաեւ հիվանդության գաղտնի զարգացում: Ամեն դեպքում վարակվածների մեծ մասը ձեռք է բերում քրոնիկական հեպատիտ C: Սրա հավանականությունը 70 տոկոս է: Բոլոր վիրուսակիրները միշտ պետք է բժշկի հսկողության տակ լինեն, քանի որ հիվանդության ակտիվացման վտանգը չի բացառվում:

Հիվանդությամբ կարելի է վարակվել ու հիվանդանալ կրկնակի անգամ: Նույնիսկ, եթե անցկացվող բուժումը շատ լավ արդյունք է տվել, այնուամենայնիվ, հեպատիտ C-ի հանդեպ դիմադրողականություն չի առաջանում:

Վարակվելը, որպես կանոն, հանգեցնում է հիվանդության քրոնիկական զարգացման: Հիմնականում հեպատիտ C-ի քրոնիկական ընթացքը բարորակ է լինում` առանց ախտանիշների վարակակրի տեսքով: Սակայն այս դեպքում եւս տվյալ անձը բժշկական հսկողության կարիք ունի: Բժշկի հսկողությունն անհրաժեշտ է, քանզի հնարավոր է հիվանդության զարգացում` վտանգավոր հետեւանքներով: Եթե քրոնիկական հեպատիտն ընթանում է լյարդի պրոբայի փոփոխություններով, ապա նման հիվանդները հակավիրուսային թերապիայի կարիք ունեն, քանի որ մեծ է ցիռոզի առաջացման վտանգը:

Հեպատիտ C-ն ծանր են տանում ալկոհոլը չարաշահողները: Նրանց մոտ սկսում է զարգանալ ցիռոզ 5-8 տարվա ընթացքում: Ավելի ծանր են տանում նաեւ ծերերն ու երեխաները: Բացի այդ, նրանց հաճախ հակացուցված է լիարժեք հակավիրուսային թերապիան:

Հեպատիտ C-ն կարող է լինել սուր եւ քրոնիկական ընթացքով: Սուր տեսակից քրոնիկականի փոխակերպվում է դանդաղ ընթացքով: Մի քանի տարվա ընթացքում աճում է լյարդի հիվանդ բջիջների քանակն ու զարգանում է ֆիբրոզ: Լյարդի գործունեությունն այս դեպքում կարող է երկար ժամանակ պահպանվել: Հեպատիտ C-ի սուր վիճակի բուժումը կարող է տեւել մինչեւ 1 տարի, իսկ քրոնիկականը կարող է երկարաձգվել տասնյակ տարիներ: Գոյություն ունի քրոնիկական հեպատիտ C-ի, այսպես ասած` արտալյարդային արտահայտություն, որոնք ավելի շուտ առաջանում են աուտոիմունային պրոցեսներից: Հեպատիտի ընթացքում իմունային համակարգի բջիջները «հարմարվում են» սեփական օրգանիզմի հյուսվածքների հետ պայքարին: Այդպիսի արտահայտություններից է գլոմերուլոնեֆրիտը (երիկամային հիվանդություն) եւ այլն:

Հեպատիտ C-ի գաղտնի շրջանը կարող է տեւել 20-140 օր: Հիվանդության ախտանիշներ կարող են ընդհանրապես չլինել: Վարակի ինչ-որ արտահայտություններ կարող են հայտնաբերվել այն ժամանակ, երբ հիվանդությունն արդեն վերածվել է ցիռոզի: Ընդհանուր առմամբ, այն առանց ախտանիշների հիվանդություն է եւ հաճախ ախտորոշվում է պատահականորեն: Ինչպես շատ հիվանդությունների ժամանակ, այս հիվանդության դեպքում եւս զգացվում է հոգնածություն եւ թուլություն: Արդեն ցիռոզի ժամանակ զգացվում է մաշկի դեղնություն, որովայնի մեծացում: Հեպատիտով հիվանդների կենսակերպում զգալի փոփոխություններ տեղի չեն ունենում: Նրանք կարող են սովորականի պես զբաղվել սպորտով, այլ հիվանդությունների համար դեղերի օգտագործման համար պետք է անպայման խորհրդակցել բուժող բժշկի հետ:

Առաջին հերթին անհրաժեշտ է հրաժարվել ալկոհոլից: Սննդի մեջ պետք է սահմանափակել աղը, կծուն, թթուն, ճարպերը, տապակած սննդատեսակներն ու կոնսերվանտները:

Հեպատիտ C-ի դեմ այսօրվա դրությամբ ոչ մի պատվաստանյութ չկա, իհարկե, շատ գիտական կենտրոններ զբաղված են դա փնտրելով:

Հեպատիտ C-ի վարակի կանխման համար պետք է.

– Երբեք չօգտվել արդեն օգտագործած ներարկիչից։

– Երբեք ոչ մեկի հետ պետք չէ կիսել սափրիչը կամ ածելին, որով սափրվում եք, ատամի խոզանակը, մի խոսքով՝ այն իրերը, որոնց վրա կարող են լինել արյան հետքեր։

– Եթե դուք բուժաշխատող եք, ապա միշտ աշխատեք պահպանել անվտանգության կանոնները` հատկապես սուր գործիքների հետ աշխատելիս։

– Եթե դուք եք գնացել ինչ-որ բժշկական հետազոտության, ապա հետեւեք, որ գործիքները` ներարկիչ եւ այլն, լինեն մեկանգամյա օգտագործման համար նախատեսված։

– Լավ մտածեք տատուի կամ պիրսինգի գնալու ձեր որոշման մասին` որտեղ եւ ում մոտ: Մասնագետը պետք է աշխատանքից առաջ լվանա ձեռքերն ու հագնի մեկանգամյա օգտագործման ձեռնոց, իսկ ասեղը պետք է յուրաքանչյուրի համար նորը լինի։

Բայց եթե արդեն վարակակիր եք, գոնե պետք է աշխատել պահպանել լյարդը.

– Ինչպես ասվեց` բացարձակ հրաժարվել ալկոհոլից։

– Անընդհատ խորհրդակցել բուժող բժշկի հետ եւ չընդունել ոչ մի ժողովրդական մեթոդներով բուժում, որը հաճախ անվնաս են համարում, լսել միայն բժշկին:

– Պարտադիր կատարել հեպատիտ A-ի ու հեպատիտ B-ի դեմ պատվաստումները: