Թրջվեցին միասին

07/05/2009

Երեկ Երեւանի ավագանու ընտրությունների քարոզչության շրջանակներում Հայ Ազգային կոնգրեսի թեկնածուները հանդիպեցին Աջափնյակ համայնքի ընտրողների հետ: Երեկվա հանդիպմանը նույնպես մասնակցում էին ՀԱԿ-ին անդամակցող գրեթե բոլոր ղեկավարները: Իսկ դանդաղ մաղող անձրեւը չխանգարեց, որ Աջափնյակի հարյուրավոր բնակիչներ մնային հրապարակում ու լսեին ելույթ ունեցողներին:

«Մենք ընդամենը խնդրում ենք, որ մայիսի 31-ին բոլորդ մեկ մարդու նման գնաք ընտրության եւ ընտրեք ձեր խղճի ու սրտի կամքով»,- ներկաներին դիմեց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Աջափնյակի բնակիչներից մի խումբ էլ եկել էր հատուկ Ստեփան Դեմիրճյանի հետ հանդիպելու համար: Նրանք այսօր գործազուրկ են, իսկ նախկինում աշխատել էին «Հայէլեկտրո» գործարանում: «Այն, որ Հայաստանում փոփոխությունների կարիք կա, ընդունում են բոլորը: Փոփոխությունների մասին խոսում են նաեւ այն ուժերը, որոնք պատասխանատու են առկա բացասական երեւույթների համար»,- ասաց Ս.Դեմիրճյանը: ՀԺԿ ղեկավարը նաեւ զգուշացրեց, որ քարոզարշավի ընթացքում իրենք ստիպված են լինելու լսել տարբեր «դեմագոգիաներ»: «Երեւանի կանաչ գոտիների ոչնչացման մասին կխոսեն նույնիսկ նրանք, ովքեր այդ տարածքները անխնա ոչնչացրել են իրենց դղյակների ու սրճարանների համար: Երեւանցիների իրավունքներից կխոսեն նրանք, ովքեր պատասխանատու են մարդկանց իրենց բնակարաններից դուրս շպրտելու համար: Երեւանի ճարտարապետական տեսքի մասին կխոսեն նրանք, ում անճաշակությունն ու ագահությունը իր այլանդակ հետքն է թողել այս քաղաքի վրա,- ասաց Ս.Դեմիրճյանն ու ավելացրեց,- Սա մեր բոլորի քաղաքն է, եւ միասին ենք կառուցելու մեր Երեւանը»: Աջափնյակի ընտրողների շարքում այսօր բազմաթիվ էին Արցախյան պատերազմի մասնակիցները: «Մենք գիտակցում ենք, որ բռնատերերի օրոք ընտրություններ չեն լինում, սակայն մենք բոլորիցդ խնդրում ենք մայիսի 31-ին ակտիվ լինել` շատ լավ գիտակցելով, որ մեր հաղթանակը մենք գրանցելու ենք փողոցում: Ժողովրդի դեմ խաղ չկա»,- ազատամարտիկներին դիմելով` ասաց Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սէֆիլյանը:

ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթի ընթացքում անձրեւն ավելի ուժեղացավ, սակայն հավաքվածները պահանջեցին շարունակել հանդիպումը: Փոխելով նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի` «Աշխատենք միասին» կարգախոսը` ՀՀ առաջին նախագահը հայտարարեց. «Թրջվենք միասին»: Լ. Տեր-Պետրոսյանը ներկաներին վստահեցրեց, որ իր գլխավոր խնդիրը մարդն է: «Ինձ համար գլխավորը մարդն է, որ երեկոյան տուն է գալիս ու իր ընտանիքի հետ ճաշակում իր համեստ ընթրիքը, եւ թե ինչ է խոսում իր ընտանիքում, ինչ հոգսեր ունի: Ինձ համար իրադարձությունները գնահատվում են ոչ թե ամբողջապես, այլ մարդու ճակատագրով»,- ասաց Լ.Տեր-Պետրոսյանը: Իր ելույթի ավարտին նա հավաքվածներին խնդրեց այս անգամ երթ չանել` հաջորդ անգամ բոլորին առողջ տեսնելու համար: Ու թեեւ հայտարարվեց, որ երթ չի լինելու, սակայն ՀԱԿ-ի երիտասարդները թմբուկներով եւ դրոշներով երթ անցկացրեցին, որին ստիպված էին մասնակցել ոստիկանները: