Երեկ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը հրապարակել է քաղբանտարկյալ Գրիգոր Ոսկերչյանի մեղադրական եզրակացությունը: Նախկինում «7-ի գործով» անցնող Գ. Ոսկերչյանը մեղադրվում է Քրօր-ի 225 հոդվածի 1-ին մասով` մի խումբ անձանց հետ զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ: Եվ ըստ երեկ հրապարակված մեղադրական եզրակացության, նա եւ մի շարք անձինք «երկրում ներքաղաքական իրավիճակն ապակայունացնելու եւ զանգվածային անկարգություններ հրահրելու դիտավորությամբ կազմակերպել եւ անմիջականորեն իրականացրել են հանցավոր մտադրությունն ի կատար ածելուն ուղղված գործողություններ»: Սակայն Գ. Ոսկերչյանը երեկ հայտարարել է, որ որեւէ վկայությամբ չի ապացուցվում դիտավորության պնդումը: Բավարար չհամարելով մեղադրող կողմի փաստարկները եւ պնդելով, որ գործում հանցակազմը բացակայում է, Գ. Ոսկերչյանի փաստաբանը հանդես է եկել նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու, գործի վարույթը կարճելու եւ նրան անհապաղ ազատ արձակելու միջնորդությամբ: Բնականաբար, դատավորը միջնորդությունը թողել է առանց քննության` հիմնավորելով, որ նախկինում պաշտպանական կողմը նման միջնորդություններով հանդես եկել է: Դրանից հետո դատարանը որոշել է անցնել ապացույցների հետազոտման հաջորդականությանը: Սկզբում կհարցաքննվեն վկաները, այնուհետեւ՝ մեղադրյալը, իսկ հետո կքննվեն գործում առկա ապացույցները: Ոսկերչյանի գործով դատավարությունը կշարունակվի այսօր: