Կեղծիքների թվերը

05/05/2009

«2008թ. հուլիսի 1-ից մինչեւ 2009 թ. հունվարի 1-ը Երեւան քաղաքում ընտրողների քանակն ավելացել է 4274-ով: 2009 թվականի հունվարի 1-ի եւ նախնական ցուցակի (ապրիլի 1-ի) դրությամբ, ընտրողների քանակը ավելացել է 7570-ով, որից 2511-ը փախստականներն են եւ կացության հատուկ կարգավիճակ ունեցող օտարերկրյա քաղաքացիները: Այսինքն` ՀՀ քաղաքացիները ավելացել են 5059-ով»,- երեկ նման տվյալներ է հրապարակել Ոստիկանության Անձնագրերի եւ վիզաների վարչության պետ Նորայր Մուրադխանյանը, ըստ որի՝ այս տարվա ապրիլի 20-ի դրությամբ, Երեւանում հաշվառված է 771 հազար 353 ընտրող, որոնք կազմում են ՀՀ ընտրողների ընդհանուր թվի 32 տոկոսից ավելին: Ինչ վերաբերում է ՍԴ-ի կողմից «Ընտրական օրենսգրքի» 10-րդ հոդվածի կասեցմանը (ՍԴ-ն, ինչպես հայտնի է, կասեցրել է ԸՕ 10-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին պարբերության գործողությունը: Այսինքն՝ մինչ այդ որեւէ քաղաքացի չեն կարող գրանցել, հաշվառել Երեւանում), ապա, ըստ նրա, այդ հոդվածի համապատասխան, որեւէ մեկը` ժամանակավոր գրանցումով, տեղ չի գտել նախնական ցուցակներում, քանի որ նախնական ցուցակները կազմվում են ըստ հաշվառման: Իսկ լրացուցիչ ցուցակները, այսինքն, այն մարդիկ, ովքեր չունեն մշտական հաշվառում, բայց ժամանակավոր բնակվում են Երեւանում, քվեարկությունից 21 օր առաջ պետք է դիմեն համայնքի ղեկավարին, իսկ քվեարկությունից 15 օր առաջ՝ լիազոր մարմնին: Այդ առնչությամբ երեկ հայտարարություն է տարածել Գերագույն Խորհուրդ պատգամավորական ակումբը: «Պետական այդ պաշտոնյայի մոտեցումներն ակնհայտորեն հակասում են ԸՕ 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին պարբերության պահանջներին, այն է` ՏԻՄ ընտրություններում ընտրողը համապատասխան համայնքում պետք է ունենա առնվազն 1 տարվա հաշվառում…: Ավելին, ՀՀ ընտրական ցուցակի կազմման եւ վարման լիազոր մարմին` ՀՀ Ոստիկանությունը ներկայացնող ՀՀ Ոստիկանության Իրավական ապահովման վարչությունը, արդեն իսկ ներկայացրել է օրենքին համապատասխանող իր դիրքորոշումը, այն է` «եթե բնակիչը ռեգիստրում հաշվառվել է առնվազն մեկ տարի առաջ, ապա նա համարվում է ընտրական իրավունք ունեցող՝ ԸՕ 2-րդ հոդվածի համաձայն…»,- ասված է հայտարարության մեջ: