Երեկ Երեւանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակներում Արաբկիր համայնքում` Արաբկիրի թաղապետարանի դիմացի այգում, կայացավ Հայ Ազգային կոնգրեսի առաջին հանդիպումն ընտրողների հետ:
Հանրահավաքը սկսվելուց 1 ժամ առաջ էլ այգու փոքր հրապարակում հավաքվել էին բազմաթիվ արաբկիրցիներ: Ժամեր առաջ այգում դիրքավորվել էին նաեւ բազմաթիվ ոստիկաններ` ընդդիմության հանրահավաքներից բոլորին հայտնի` Երեւանի ոստիկանապետի տեղակալ Աղասի Կիրակոսյանի եւ Ոստիկանության ՊՊԾ գնդի պետ Ռոբերտ Մելքոնյանի գլխավորությամբ: Հանրահավաքը սկսվելուց րոպեներ առաջ ՀԱԿ ներկայացուցիչներին մոտեցավ Արաբկիրի փոխոստիկանապետ Վալերի Ավակիմյանը եւ պահանջեց նախատեսված երթն իրականացնել միայն մայթերով: ՀԱԿ ներկայացուցիչ Պատվական Հովակիմյանը փորձում էր փոխոստիկանապետին բացատրել, որ երեկվա թե՛ հանրահավաքը, եւ թե՛ երթը քաղաքապետարանն ընդունել է ի գիտություն, հետեւաբար՝ դա պետք է ի գիտություն ընդունեն նաեւ ոստիկաններն ու չխոչընդոտեն իրենց միջոցառմանը: «Դուք կարո՞ղ եք այնպիսի մի օրենք ցույց տալ, որ մայթով քայլելու համար պետք է քաղաքապետարանից թույլտվություն խնդրենք: Փողոցով մեր երթը քաղաքապետարանը թույլ է տվել, դուք միայն պետք է մեզ չխանգարեք»,- փորձում էր բացատրել Պ.Հովակիմյանը:
Սակայն փոխոստիկանապետը չցանկացավ դա հասկանալ, ու ոստիկանները հանրահավաքից հետո սկսված երթին խոչընդոտեցին` որքան կարողացան:
Իսկ հանրահավաքը բացեց ՀՀՇ վարչության փոխնախագահ, Արաբկիր համայնքի բնակիչ Արամ Մանուկյանը եւ հայտարարեց, թե Երեւանի ավագանու ընտրություններով պետք է վերափոխեն Հայաստանը: «Նախագահական ընտրությունների ժամանակ որքան էլ կեղծեցին, Արաբկիրից մենք 22.000 ձայն ստացանք: Ես վստահ եմ, որ այս անգամ 27-28 հազար ձայն ենք ստանալու»,- հայտարարեց նա` կոչ անելով մասնակցել ընտրություններին, քանի որ, ըստ Ա. Մանուկյանի` իշխանությունները գումար են բաժանում` ընտրություններին չմասնակցելու դիմաց: «Երեւանի ազատագրումը սկսում ենք Արաբկիրից: Հիշեք, մայիսի 31-ին մենք վճռում ենք ոչ միայն Երեւանի, ոչ միայն Հայաստանի, այլեւ մեր ազատազրկված ընկերների` քաղբանտարկյալների հարցը»,- հայտարարեց ՀԱԿ անդամ Դավիթ Շահնազարյանը:
Հանրահավաքին մասնակցում էր նաեւ մարտի 1-ի գիշերը զոհված Գոռ Քլոյանի հայրը` Սարգիս Քլոյանը: «Ես իմ տեղը հանգիստ չեմ կարող նստել: Ինձ հետաքրքրում է, թե ինչ հանգամանքներում է զոհվել իմ որդին, եւ ո՞վ է եղել նրան սպանողը: Այդ գործը մինչեւ հիմա Դատախազությունում քնած մնացել է, եւ ոչ մի առաջընթաց չկա: Ես սպասում եմ քաղաքապետարանի ընտրություններին, ակտիվ մասնակցելու եմ ընտրարշավին»,- մեզ հետ զրույցում ասաց նա:
Հանրահավաքին մասնակցում էր նաեւ «Ժառանգության» անդամ Զոյա Թադեւոսյանը: Նա չցանկացավ որեւէ մեկնաբանություն տալ` բացատրելով, որ դա իրեն չի թույլատրվում, որովհետեւ ԿԸՀ անդամ է: Ելույթ ունեցան նաեւ ՀԱԿ անդամ կուսակցությունների ղեկավարները: «Հարցրեք քաղաքապետի բոլոր թեկնածուներին` այս երկրում քաղբանտարկյալներ կա՞ն: Եթե կասեն՝ այո, կասեք` բա ինչո՞ւ չեք պահանջում, որ այդ մարդկանց բաց թողնեն: Չէ՞ որ այդ մարդիկ այս երկրի ծանր պահին մեր կողքին են կանգնել իրենց կյանքով ու արյամբ: Եթե կասեն` ոչ, ուրեմն այդ մարդիկ ստում են, իրենց ծրագիրն էլ է սուտ, իրենց հարգանքն էլ է սուտ»,- իր ելույթում ասաց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:
«Կարեւոր փուլ է երկրում օրինականություն հաստատելու համար, օլիգարխիկ եւ կրիմինալ համակարգից ազատվելու համար: Միեւնույն ժամանակ՝ հաղթելով ընտրություններում` դա չի նշանակում, թե մենք անտեսելու ենք Երեւանի խնդիրները: Հաղթելու դեպքում մենք առաջին հերթին ուշադրության կենտրոնում ենք պահելու մեր քաղաքացուն»,- հայտարարեց Ստեփան Դեմիրճյանը: Ելույթ ունեցավ նաեւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: «Ի՞նչ է ուզում մեր ժողովուրդը` ուզում է ապրել հանգիստ եւ հանդարտ` ոչնչով պակաս չլինելով մյուս պետություններից ու ժողովուրդներից: Ուզում է որդուն բանակ ուղարկելուց հանգիստ լինի, որ ինչ-որ մի խուլիգան կամ մի հարբած հրամանատար չի կարող նրան սպանել: Մեր ժողովուրդը ուզում էր, որ իր ունեցվածքը չթալանվի ավազակների ու գողերի կողմից: Շատ հասարակ բաներ, որոնք աշխարհի շատ երկրներում կան, իսկ մեզ համար դարձել են երազանք»,- հայտարարեց ՀՀ առաջին նախագահը:
Լ.Տեր-Պետրոսյանի ելույթից հետո հանրահավաքի մասնակիցները երթով ուղեւորվեցին դեպի Մերգելյան ինստիտուտի հարակից հրապարակ: Ու թեեւ Երեւանի քաղաքապետարանն ի գիտություն էր ընդունել նաեւ երթ անցկացնելու իրազեկումը (ինչը նշանակում է, որ երթը պետք է անցներ փողոցի երթեւեկելի մասով), սակայն ոստիկանները խախտելով այդ որոշումն ու մարդկանց հրելով, գոռգոռալով՝ փողոցից դուրս հանեցին: Անցնող մեքենաներն ազդանշաններով ողջունում էին երթի մասնակիցներին: Կոմիտաս պողոտայի ամբողջ երկայնքով շենքերի բնակիչները պատուհաններից բռունցքները թափահարելով ողջունում էին անցնողներին: