– Դուք որպես նախկին դաշնակցական, ինչպե՞ս եք գնահատում ՀՅԴ-ի` կոալիցիայից դուրս գալու քայլը: Հավատո՞ւմ եք, որ ՀՅԴ-ն կոալիցիայից դուրս եկավ, որովհետեւ «անհաղթահարելի սկզբունքային տարաձայնություն ուներ արտաքին քաղաքական ուղեծրի շուրջ»:
– Այս քայլը տարբեր մարդիկ տարբեր կերպ են մեկնաբանում, բայց ինձ համար պարզ է, որ Դաշնակցության քայլը հուշում է Սերժ Սարգսյանի մոտալուտ կործանման մասին: Եթե նրանք համոզված չլինեին, որ Ս.Սարգսյանը կործանվում է, չէին թողնի կերակրատաշտը: Շատերը, որ մեկնաբանում են, թե իրենց ծրագրային դրույթների, Հայ դատի գաղափարախոսության հետ հակասություն է եղել, դրանք հեքիաթներ են: Ես դեռեւս 10 տարի առաջ եմ համոզվել, որ ՀՅԴ վերնախավի համար իրենց ծրագիրը միջոց է իրենց նպատակներին հասնելու` հարստանալու համար: Ես դեռ 10 տարի առաջ եմ ինձ համար պարզել, որ գոյություն ունի դաշնակցականի 2 տեսակ: Մեկը նվիրյալ, ազնիվ տեսակն է, որոնք հիմնականում շարքային դաշնակցականներն են, մյուսն էլ նոմենկլատուրային դաշնակցականներն են, որոնց ես հաճախ անվանում եմ՝ պալատական, պնակալեզ դաշնակցականներ: Դրանք պաշտոնամոլ են, փառամոլ եւ ծախու: Օրինակ, մինչեւ Արագածոտնի մարզպետ նշանակվելը Հրայր Կարապետյանին ճանաչում էի որպես 1 սենյականոց բնակարանում չափավոր կյանքով ապրող, կարիքավոր մտավորական: Մտածում էի, թե այս մարդը ալան-թալան երբեք չի արել, չի էլ անի: Սակայն մարզպետ նշանակվելուց հետո շատ կարճ ժամանակում Աշտարակում սեփականաշնորհեց տարածքներ, մայրաքաղաքում ունեցավ շքեղ բնակարան, ավտոմեքենա եւ այլ տրամաչափի հարստություններ: Նրան ժամանակին կոռուպցիայի դեմ հանձնաժողովի անդամ էլ նշանակեցին, բայց Աշտարակում կադրեր նշանակում էր միմիայն կաշառքով:
– Դուք ասում եք, թե նրանց նպատակը հարստանալն ու կերակրատաշտին մոտ լինելն է: Սակայն ՀՅԴ-ն հրաժարվեց նաեւ իր լծակներից` նախարարների, մարզպետի ու այլ պաշտոններից:
– Դաշնակցության ասածները կեղծ են: Նժդեհը մի խոսք ունի` կեղծ հայրենապաշտներն ավելի վտանգավոր են, քան թշնամիները: Ս.Սարգսյանի հետ միասին ջուրը գցեցին տարիների ընթացքում Ցեղասպանության ճանաչման գործընթացը: Նրանք սոցիալիստ են, բայց գործում են միշտ դրան հակառակ: Ուշադրություն դարձրեք ԱԺ-ում նրանց քվեարկություններին: Որեւէ քվեարկություն չի բխել իրենց ծրագրային հիմնադրույթներից: Նրանք կաթիլ առ կաթիլ մսխել ու փոշիացրել են Հայաստանում ունեցած քաղաքական կապիտալը, որոնք ստեղծել ու կուտակել են մարդիկ, որոնք շատերն այսօր կենդանի չեն` զոհվել են կամ հեռացել են կուսակցությունից: ՀՅԴ պալատական ղեկավարները փողապաշտ ու աթոռապաշտ են, մինչեւ ուղնուծուծը խրվեցին նյութականացված կեղտի մեջ` կորցնելով իրենց խիղճը, հոգին, բարոյականությունը, եթե, իհարկե, երբեւիցե ունեցել են: Ես դեռ մեղմ եմ բնութագրում: Լեւոն Տեր-Պետրոսյանը, որ ասել է, թե ազգային գաղափարախոսությունը կեղծ կատեգորիա է, կիսատ է ասել: Պիտի ասեր` ազգային գաղափարախոսությունը, որ այս տեսքով կրում են դաշնակցականներն ու հանրապետականները, կործանարար կատեգորիա է: Սրանք ոչ թե ազգային գաղափարախոսներ են, այլ հակաազգային են: Իրենց ազգայնական-սոցիալիստ համարող պալատական դաշնակցականները իրենց չեն կարողանում պատկերացնել կոալիցիայի կերակրատաշտից դուրս՝ առանց նրա բարիքների ու հնարավորությունների, չեն պատկերացնում՝ առանց շքեղ ու թանկարժեք մեքենաների, առանց իրենց պատկանող գիշերային ակումբների, շուկաների ու ռեստորանների: Հասավ մի պահ, երբ զգացին, որ եթե մինչեւ վերջ մնան Սերժի հետ, պատասխանատվությունը հարյուրապատիկ ավելի խիստ է լինելու: Նաեւ շարքերի ու սփյուռքի ճնշման տակ, ու որ հետագայում արդարանալու տեղ ունենան, նրանք դուրս եկան կոալիցիայից:
– ՀՅԴ-ի Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու որոշո՞ւմն էլ կեղծ եք համարում:
– ՀՅԴ բոլոր որոշումները, բոլոր քայլերը կեղծիք են ու պատրանք, ծառայում են ինչ-որ կենտրոնների, թելադրվում են ոչ թե Դաշնակցության, այլ իրենց վերնախավի շահերից: 10 տարի հայ ժողովրդի հաշվին որոշակի ավար կուտակեցին, հիմա խնդիրը դրված է՝ այդ ավարը մի ձեւով պահել, չկորցնել: 1999թ. երբ նրանց իշխանության հիմքերը դրվեցին, ես տեսա, թե ինչ է կատարվում` ծրագիրը գցել են մի կողմ եւ զբաղվում են փող աշխատելով: Ես զրուցում եմ ՀՅԴ շարքային անդամների հետ, նրանք չեն ընդունում այս վիճակը: