Փոխշահավետ լուծում

05/05/2009

Տաքսիների կայանման խնդիրը Երեւանում մինչեւ վերջերս կանոնակարգված չէր: Անձնական օգտագործման ավտոմեքենաների եւ մարդատար տաքսիների անկանոն եւ անկազմակերպ կայանումից եւ՛ քաղաքի փողոցների թողունակությունն էր փոքրանում, եւ՛, ընդհանրապես, քաղաքային երթեւեկը դառնում անկազմակերպ:

Ելնելով Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հանձնարարականից` քաղաքապետարանի Ճարտարապետության եւ Քաղաքաշինության ու Տրանսպորտի վարչությունները, ուսումնասիրելով խնդիրն ու առկա հնարավորությունները, քաղաքի տարբեր հատվածներում առանձնացրին 40 հատված` դրանցում հետայսու տաքսի ավտոմեքենաների կայանատեղիներ կազմակերպելու նպատակով: Տաքսիները, անկախ նրանից, թե որ կազմակերպությանն են պատկանում, անարգել կմտնեն կայանատեղիի տարածք եւ առանց Պետավտոտեսչության աշխատակիցների կողմից տուգանվելու մտավախության` կսպասեն ուղեւորների, կամ` այնքան, մինչեւ ռադիոկապով համապատասխան հասցեով ուղեւորվելու կանչ կստանան: Սա ինչ-որ տեղ նաեւ վերադարձ է քաղաքի՝ հանիրավի մոռացության տրված երբեմնի գեղեցիկ ավանդույթներին: Ավագ եւ միջին սերնդի երեւանցիները լավ են հիշում, որ ժամանակին մայրաքաղաքում առանձնացված հատուկ տեղեր կային. անկախ օրվա ժամից, մինչեւ իսկ ոտքով հասնելու պարագայում մարդիկ գիտեին, որ եթե տեղում այդ պահին տաքսի էլ չլինի, գոնե իրենց երկար սպասելու հարկ չի լինի:

Ասենք, որ այս օրերին ընթացքում է նշված 40 կայանատեղիների «կահավորումը», իսկ դրանց մի մասը, նշագծված եւ երթեւեկության համապատասխան նշաններով կահավորված, արդեն իսկ շահագործվում է ըստ նշանակության: Ի դեպ, դեղին գույնով արված գծանշումների սահմաններից ներս, բացի տաքսի ավտոմեքենաներից, այլ տրանսպորտային միջոցների կայանումն արգելվում է: Սա, անկասկած, կհանգեցնի նրան, որ տաքսի ավտոմեքենաների կայանման հիմնախնդիրը Երեւանում որոշակիորեն կկարգավորվի: Տաքսու վարորդներն իրենք էլ կիմանան, որ քաղաքում կան առանձնացված հատուկ հատվածներ, եւ որ իրենց մեքենաները միայն այդտեղ կայանելու իրավունք ունեն, եւ ոչ` ով որտեղ կամենա: Պատահական տեղերում կայանելով` նրանք այդկերպ իրենց ենթարկում են Պետավտոտեսչության աշխատակիցների կողմից նկատվելու եւ տուգանվելու մշտական սպառնալիքին: Եվ քանի որ սա մայրաքաղաքի տրանսպորտային երթեւեկության կանոնակարգման միջոցառումների շրջանակում իրականացվող առաջնահերթ գործընթաց է, Երեւանի քաղաքապետ Գ. Բեգլարյանը վստահ է, որ դրանից գոհ կմնան բոլորը` եւ՛ քաղաքացիները, եւ՛ տաքսի ծառայությունները:

Տաքսիների համար նախատեսված բոլոր 40 կայանատեղիներն էլ ընտրվել են՝ նկատի առնելով մարդկային հոսքերի շատությունն ու դրանց՝ խոշոր առեւտրահասարակական կենտրոններին մոտ լինելու հանգամանքը: Բնականաբար, նշված կայանատեղիները մայրաքաղաքում առկա ամբողջ պահանջարկը բավարարել չեն կարող: Չնայած դրան, դրանց ավելացման միտումն էլ չի կարող ձգտել անսահմանության: Տաքսիների կայանատեղիների թվաքանակն առայժմ չի սահմանափակվի, եւ եթե թաղապետարանների կողմից համապատասխան առաջարկություններ լինեն, եւ ոլորտի պատասխանատուներն էլ համոզվեն, որ տվյալ հատվածում դրանք իսկապես անհրաժեշտ են, մեզ հավաստիացրին, թե դրանք եւս ուշադրության կարժանացվեն, նկատելով, սակայն, որ գործընթացն անվերջանալի լինել չի կարող. հակառակ պարագայում այն կարող է դառնալ մինչ այժմ գոյություն ունեցող իրավիճակի հայելային անդրադարձը, բայց արդեն` որոշման տեսքով: Ի վերջո, Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի այս նախաձեռնության նպատակը ներքաղաքային այս հիմնախնդրին արմատական լուծում տալն է եւ կանոնակարգելը: Մայրաքաղաքի փողոցների թողունակությունը չպակասեցնելու եւ դրանով իսկ երթեւեկության համար լրացուցիչ խնդիրներ չհարուցելու նկատառումով առանձնացվել են հիմնականում այն փողոցներն ու փողոցների այն հատվածները, որտեղ «գրպանիկներ» կան, կամ որտեղ եթեւեկության ոչ մեծ խտության պայմաններում մայթերին զուգահեռ` մեկ շարքով կայանելու հնարավորություն կա: Նշված կայանատեղիներում փողոցների, մայթերի լայնությանն ու կառուցվածքին միջամտելու կարիք չի զգացվել. քաղաքապետարանի մասնագետներն ընտրել են քաղաքի փողոցների այն հատվածները, որտեղ քաղաքաշինական միջամտության անհրաժեշտություն ի սկզբանե չի եղել:

Ի դեպ, երեւանյան բակերի բարեկարգման ընթացիկ աշխատանքների 2-րդ փուլում քաղաքապետը նախատեսում է ընդհանրապես բակերն ազատել դրանցում կայանած ավտոմեքենաներից ու ավտոտնակներից: Ինչպես տեղեկացանք, դա կարող է լինել ավտոմեքենաները ստորգետնյա տարածքներ տեղափոխելու, կայանելու իրավունքին առավել կայուն կարգավիճակ տալու, ստորգետնյա կայանատեղիների վերին հատվածները մարզահրապարակների, խաղահրապարակների համար օգտագործելու եւ այլ ճանապարհով:

Ֆրանսիայի հրապարակին կից տաքսու նորաբաց կայանատեղիում տաքսի «Տուր»-ի վարորդ Արմեն Ներսիսյանը մեզ հետ զրույցում ասաց. «Գիշերը ժ. 12-ն էր, կայանատեղիում կանգնած էինք, քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը շրջում էր քաղաքում: Մոտեցավ, բարեւեցինք, մեզ հուզող խնդիրները բարձրացրինք եւ քաղաքում կայանատեղիներ ունենալու հարցը: Մարդը խոստացավ կարգավորել, եւ խնդրեմ, այսօր մեր տաքսիներն արդեն թույլատրված տարածքում են կանգնած` պաշտպանված ավտոտեսուչների հետապնդումներից: Իսկ ընդհանուր առմամբ, քաղաքի տաքսի ծառայությունների բոլոր վարորդներն ու ժողովուրդն էլ տեսնում են, որ այս խնդիրն աստիճանաբար կարգավորվում է: Սա բոլոր վարորդների սրտովն էր»: Իսկ վարորդ Պետրոս Սարգսյանն այս կապակցությամբ նշեց. «Առաջ խառնաշփոթ վիճակ էր. պետավտոտեսուչներն ամեն քայլափոխի գալիս-տուգանում էին, փողոցում կայանելն արգելում, չգիտեինք` որտեղ կանգնել»: Վարորդ Էդիկ Արշակյանն ավելացրեց. «Այս լուծումը ճիշտ ժամանակին էր ու տեղին, լավ գործ արեց մեր քաղաքապետը: Հազիվ ազատվեցինք ավտոտեսուչներից, օրվա վաստակած 3000 դրամը տանում-մուծում էինք` չիմանալով ինչի համար: Իսկ հիմա հանգիստ կանգնում ենք` սպասելով մեր ուղեւորին»:

Աստղիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ