Մի արջուկ, մի շարիկ ու մի երազ

05/05/2009 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Ջուլիետան ու սպասումն ամեն օր կռվում են, որովհետեւ սպասումը նրան հավատացնում է, որ փրկություն, այնուամենայնիվ, կա, իսկ Ջուլիետան հավատալով էդ «անիծյալ» սպասումին՝ մենակության մեջ ծերանում է: Նայում է իր «դոմիկի» դռան առաջ ծիլ տված, աճած, բայց սաղարթազուրկ ծառին ու իրեն նույնացնելով առերեւույթ անտեր ու չորացած այդ «անշունչ» կանաչի հետ` անընդհատ կրկնում է` «Էլ չեմ դիմանում, ուզում եմ ինքնասպան լինել»: «Դոմիկին» կիպ-կպած գնացքի ռելսերի հեռվից եկող «շառաչը» Ջուլիետային անջատում է աշխարհից, ու նա թախծոտ հայացքով ուշադիր հետեւում է մոտեցող վագոնների տեսարանին: Գնացքի վագոններն ամեն օր նրան տանում են հեռու Ռուսաստան, որտեղ ապրում է 26 տարեկան Արմեն անունով մի տղա, որն այստեղ` Հայաստանում լքել է մորն ու արդեն քանի տարի իր գոյության մասին զգացնել չի տվել: Ջուլիետայի որդին է… որին մայրն ամեն օր գրկում, կարոտն առնում է, երբ մտովի նստում է գնացքն ու մեկնում որդու մոտ:

Շարիկի ու Արջուկի հաչոցից Ջուլիետան վերադառնում է իրականություն ու սկսում է շոյել էս աշխարհում ունեցած իր միակ հարազատներին` շներին: Շարիկը սկսում է թռվռալ, «մեյմունություն» անել, վերուվարել, որպեսզի Ջուլիետայի տրտմությունը «լուսավորի», ու բոլորս ծիծաղելով շշմած նայում ենք էդ զարմանալի կենդանու վարքագծին: «Տեսնո՞ւմ ես, շներն ինձ ավելի շատ են սիրում, քան մարդիկ, քան իմ հարազատ որդին»,- ասում է 54-ամյա կինն, ում արցունքները խեղդում են, եւ նա հազիվ արտաբերում է խոսքերը: Շարիկն ու Արջուկը նույնքան միայնակ ու լքված են, որքան իրենց տերը` Ջուլիետան, դրա համար էլ այստեղ բոլորը ճակատագրով իրար նման են ու իրար հասկանում են: Աղբանոցներից հավաքած չորացած հացի կտորները թրջելով՝ Ջուլիետան դնում է շների առաջ ու քմծիծաղով ասում` «Իմ շներն ինձ նման հարմարվող են: Ո՞վ ա տեսել, որ շունը չոր հացով ապրի, բայց Շարիկս ու Արջուկս գոհ են ինձնից: Սրանք մսի երես չեն տեսնում, բայց ինձնից գոհ են, սիրում են ինձ, ու գիտեմ, որ երբեք ինձնից չեն հեռանա»: Հետո Ջուլիետան պատմում է իր կյանքից, որն ապրել է նորմալ, բայց կյանքի վերջին տարիների սոցիալական խնդիրներն ու մենակությունը նրան ստիպել են մահվան հարցում շտապել. «Մեկ-մեկ ուզում եմ ինքնասպան լինել, չեմ դիմանում: Շներն ինձնից լավ են ապրում, ո՞ւմ եմ պետք եսգ»: Բնակարան չեն ունեցել, վարձով են ապրել, իսկ երբ կյանքը լրիվ վատացել է` Ջուլիետան որդու հետ հայտնվել է փողոցում: Մի օր էլ Երկաթգծի ռելսերին կպած ազատ տարածք է գտել ու հանգրվանել են այնտեղ` Մուրացան 210 հասցեում, որտեղ նույնն է թե՝ փողոցում ապրելը: «Մի դոմիկ գտա, տեղադրեցինք էստեղ ու մայր ու տղա սկսեցինք ապրել: Շատ վատ վիճակ ագ Տղայիս ներվերը լրիվ քայքայվեց, ներվային շուն դառավ: Ոչ աշխատանք էինք ճարում, ոչ էլ` ուտելու հաց: Էդ վիճակից սկսեցինք իրար մեղադրել, վիճել: Մի օր էլ սկսեց ինձ վիրավորել, ջղայնացա ասեցի` թող գնա, ոնց ուզում ես ապրի»: Ջուլիետայի զայրույթից «պայթած» խոսքերից Արմենն այնպես է խոցվել, որ անհետացել է, ու երկրորդ տարին է, ինչ նրանից մայրը տեղեկություն չունի: Միայն գիտի, որ ռուսաստաններում կապվել է մի կնոջ հետ ու «գլուխը պահում է»:

Ջուլիետան, այնուամենայնիվ, չի դադարում որդուն սպասել: Ասում է` «Ցավս խորն էր, անընդհատ մտածում էի՝ հես ա կգա: Երբ մարդու ուշքն ու միտքը սպասելն ա` ապրելու մասին չես մտածում: Հետո հասկացա, որ սովամահ եմ լինում: Ձուկ ծախեցի, կանաչի, սեմուշկա ծախեցի, որ էդ 10-20 դրամներից հացի փող հանեմ: Հետո էդ յաշիկների ծանրությունից գրիժա ստացա, ցավից ոռնում էի: Հալից ընկագ Հիմա փողոցներում շրջելով՝ աղբանոցներից պղինձ, շշեր, քրջեր եմ գտնում, հանձնում եմ: Մեկ-մեկ մարդիկ հին շորերը ցելոֆանով դնում են դռան առաջ կամ զիբիլի մոտ: Բերում լվանում, կարգի եմ բերում ու տանում եմ քրջի բազար ծախելու: Հես ա, տե՛ս, էն օրը զիբիլանոցից կոշիկ եմ հանել, կտանեմ 200 դրամով կծախեմ, հաց կառնեմ»: Ամենասարսափելին մթությունն է, որի մեջ պարբերաբար հայտնվում է ծախսած էլեկտրականության գումարը չվճարելու համար: Չի դժգոհում, որովհետեւ իր վիճակը համարում է այնպիսին, ինչին ինքն արժանի է: Արդեն քանի տարի աշխատանք է փնտրում, բայց անգամ հավաքարարի աշխատանք չեն տալիս միայն նրա համար, որ Ջուլիետան անձնագիր չունի. «Իմը էն կարմիր պասպորտներից էր: Շատ վաղուց եմ կորցրել, բայց չեմ կարում նորը հանեմ: Անձնագրայինում խնդրեցի, որ արխիվից գտնեն, նորը տան, բայց պարզվեց, որ պաժառ ա եղել, փաստաթղթերը չկան: Ասում են` գնա ստեղ, գնա ընդեղ, էս թուղթը բեր, ախր ես հիվանդ եմ, էդքան քարշ տալով շատ են տանջում ինձ: Եթե կարողանայիք ինձ օգնել անձնագրի հարցումգ Պատկերացրե՛ք, որ գրիժաս կախվել, ցավից ոռնում եմ, բայց չեմ կարում գնամ մի տեղ դիմեմ, խնդրեմ, որ ցավս բուժեն: Անձնագիր են ուզում. անպասպորտ մարդուն ո՞վ տիրություն կանի: Գոնե անձնագիր, փաստաթուղթ ունենայի` «Փարոսին» կդիմեի, հես ա թոշակիս տարիքն ա գալիս, բայց թոշակ էլ չեմ կարա ստանամ: Պատկերացրու, որ ցավերս հանգստացնելու համար պիտի 350 դրամ տամ դեղի համար, բայց ասում եմ` ախր ո՞նց հաց չառնեմ, դեղ առնեմգ Սենց անտանելի ցավերի մեջ ապրում եմ, էլիգ Շաբաթներով հացի երես չեմ տեսել, գիտեմ, թե սովն ինչ բան ա»:

Ջուլիետա Առղուշյանը, փաստորեն, չի համարվում Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որովհետեւ անձնագիր չունի, հետեւաբար չունի նաեւ մշտական բնակության վայր: Ասում է, եթե չլինեին առողջական խնդիրները` անձնագրի հարցում քայլեր չէր անի, որովհետեւ այդ փաստաթուղթը մինչեւ կորցնելն իրեն ոչինչ չի տվել: Ասում է` «Ես ուղղակի հիմա իրավունք չունեմ Սովետի մեջ ապրելու, որովհետեւ պասպորտ չունեմ»: Ջուլիետան ցավից այնքան է փակվել ինքն իր մեջ, որ կարծում է՝ ինքը դեռ ապրում է Սովետի մեջ: Մարդկանց հետ չի շփվում, տեղեկություններ չի ստանում, դրա համար էլ այս կինը տեղյակ չէ, որ Հայաստանը վաղուց անկախացել եւ ստացել է առանձին պետության կարգավիճակ: Ժամանակի մեջ շփոթված Ջուլիետան տեղյակ չէ, որ Հայաստանի Երրորդ Հանրապետությունում Սովետից հետո եկած նախագահները երկնիշ տնտեսական աճ են արձանագրում, մարդու իրավունքների պաշտպանության համար «ջանքեր» են գործադրում…: Այս կինը շատերի նման համարում է, որ արժանի է նրան, ինչ ունի` մի Արջուկ, մի Շարիկ ու մի երազ, որի արտացոլանքը գնացքի ռելսերն են: