Երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանն ու ամերիկացի դերասան, երաժիշտ ու բանաստեղծ Մայքլ Սթոունը ակտիվ քաղաքացիական դիրքորոշում արտահայտող համերգային ծրագիր ներկայացրին Երեւանում։ Համերգի հիմքում Հայոց ցեղասպանության խնդիրն էր, որն իր արտացոլումը գտել էր ոչ միայն հարազատ «Էրգրի» կարոտալի, թախծոտ ու գեղեցիկ երգերի, այլեւ՝ Մ. Սթոունի բանաստեղծությունների ու Ժիրայր Դադասյանի նկարահանած կարճամետրաժ «Կանգ առեք, մարդիկ» ֆիլմի մեջ։ Հայոց ցավը դրվել էր համաշխարհային գլոբալ խնդիրների շարքում՝ բողոք արտահայտելով ցանկացած բռնությունների, մարդու ձեռքով սկիզբ առած աղետների ու ագրեսիայի, ոճրագործությունների դեմ։ Ի դեպ, ֆիլմը ստեղծվել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հովանավորությամբ:
Մայքլ Սթոունը Ֆլորա Մարտիրոսյանի հետ ծանոթացել էր մի քանի տարի առաջ՝ տիկին Ֆլորայի կատարած երգերի շնորհիվ։ Ամերիկացի դերասանը, թեեւ մի քանի հոլիվուդյան ֆիլմերում է նկարահանվել ու կարող է իր դերասանական կարիերան հաջողությամբ շարունակել (հիմնականում իր քրոջ՝ հանրահայտ կինոաստղ Շերոն Սթոունի շնորհիվ), այսումենայնիվ, նա իրեն առաջին հերթին երաժիշտ է համարում։ Նրա տարերքը ռոք-ն-ռոլն է։
Մեզ հետ հարցազրույցում նա ասաց, որ ցանկանում է մոտ ժամանակներս Երեւան գալ արդեն իր խմբի հետ։
– Ես զարմանալի երաժշտական խումբ ունեմ, որտեղ իսկական աստղեր են նվագում։ Իմ կիթառահարն, օրինակ, հայազգի աստղ Շերի խմբում է նաեւ նվագում, իսկ ստեղնաշարային գործիքների վրա նվագում է Ջեյմս Բրաունի հետ երկար տարիներ աշխատած դաշնակահարը։ Հուսով եմ, որ այս տարվա ամռանը իմ խմբով Երեւան կգամ ու Ֆլորայի հետ համատեղ համերգ կկատարեմ։ Նաեւ մեզ շրջագայություն է սպասվում, մենք ամռանը պիտի այցելենք Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Կիեւ, Փարիզ։
– Մարդիկ սովորաբար փորձում են իրենց ինքնությունը գտնել մշակույթի ու պատմության նշանների մեջ։ Ձեր կարծիքով՝ որտեղի՞ց է սկսվում այդ ինքնության գիտակցումը։
– Կարծում եմ, շատ կարեւոր է ճիշտ աշխատել երիտասարդների հետ։ Մի քանի օր առաջ ես եղա Երեւանի համալսարանում, զրուցեցի ուսանողների հետ ու հասկացա, որ շատ կարեւոր է երեխաներին փոխանցել այդ ինքնության զգացումը։ Կարծում եմ, պետք է սկսել երեխաներից։ Նրանք ժողովրդի վաղվա ձայներն են եւ հենց նրանք վաղը պիտի որոշումներ ընդունեն ու ասեն աշխարհին՝ ո՛չ, կանգնեցրեք ցեղասպանությունները, անձի վրա գործադրած բռնություններն ու ագրեսիան։ Յուրաքանչյուր մարդ պետք է իր սրտի թելադրանքին հետեւի ու ուշադրություն չդարձնի կառավարական որոշումներին։ Իհարկե, ես հասկանում եմ, որ հիմա շատ բարդ իրավիճակ է ողջ աշխարհում, մոլեգնում է տնտեսական ճգնաժամը, բայց ոչ ոք իրավունք չունի մոռանալ, որ հենց այսօր, այս վայրկյանին նորանոր ցեղասպանություններ են տեղի ունենում։ Եվ ցեղասպանություն վերապրած մարդիկ պետք է բարձրաձայնեն կատարվածի մասին ու աշխարհին ճշմարտությունն ասեն։ Ես ինքս իմ կյանքում շատ պատերազմներ եմ տեսել. 18 տարեկան էի, երբ Վիետնամում օդային հարձակումների էի մասնակցում։ Հավատացնում եմ ձեզ, որ պատերազմի մասնակցած երիտասարդը տուն է վերադառնում լրիվ խեղաթյուրված հոգեբանությամբ։ Նա այլեւս նույն մարդը չէ, եւ դա ուղղակի սարսափելի է։
– Դուք գիտե՞ք Արցախի պատերազմի մասին։
– Այո։ Եվ հասկանում եմ, որ երբ թշնամին է քո տուն գալիս, մտնում է պատուհանից ու սպառնում է ընտանիքիդ, դու ստիպված ես լինում զենք վերցնել։ Սակայն լրիվ ուրիշ պատկեր է, երբ դու ինքդ ես գնում այլ երկիր ու քանդում այն։ Ցավոք սրտի, այսօր շատ են այն պատերազմները, որոնք սկսվում են նավթին տիրանալու ցանկությունից։ Նավթ, ոսկի, ադամանդ ու հերոին. ահա սրանք են բոլոր պատերազմների պատճառները։ Աֆղանստանի պատերազմն էլ սկսվեց հերոինի ճանապարհները վերահսկելու ցանկությունից։ Եվ շատ ցավալի է, որ փոքր երկրները հսկա տերությունների համար կռվախնձոր են դառնում։ Համոզված եմ, որ հարկավոր է կամ պայքարել այդ իրավիճակի դեմ, կամ էլ պարզապես փորձել չներգրավվել նման պատերազմների մեջ։ Ես ասացի հայ ուսանողներին՝ առաջնորդ եղեք ու թույլ մի տվեք, որ ձեզ ընդամենը կատարող դարձնեն։
– Իսկ ինչպե՞ս նրանք պիտի դա անեն։
– Մարդու համար ամենակարեւորը կրթությունն է, մենք ամեն վայրկյան պետք է ինքնակրթվենք, զարգանանք ու լսենք՝ ինչ է մեզ ասում աշխարհը։ Կյանքը շատ կարճ է։ Ես ինքս հազվադեպ եմ հանդիպում իմ ծնողների ու քույրերի հետ։ Մենք բոլորս տարբեր քաղաքներում ենք ապրում, եւ ես իմ ծնողներին տարվա ընթացքում ընդամենը 1-2 անգամ եմ կարողանում տեսնել։ Եվ ամեն անգամ հանդիպելով իմ հայրիկին՝ ես տեսնում եմ, որ նա ավելի ու ավելի է ծերանում։ Դա շատ տխուր է։ Դեռ երեկ ես փոքր տղա էի, հիմա տղամարդ եմ, իսկ վաղը միգուցե արդեն կհանդիպեմ Աստծո հետ։ Ուզում եմ ասել, որ յուրաքանչյուրի համար ամենաթանկը ընտանիքն է։ Կարող ես աշխարհի փողերը, ադամանդները, նույնիսկ նավթն ունենալ, բայց եթե ընտանիք չունես, ուրեմն ոչինչ չունես։
– Կարծում եմ՝ Ձեզ այստեղ շատ լավ կհասկանան։ Հայերի համար ընտանիքը ամենակարեւոր օղակն է։
– Փողը երբեք չի կարող ընտանեկան երջանկությանը փոխարինել։ Ես անձամբ շատ միլիոնատեր ընկերներ ունեմ, որոնք իրապես շատ հարուստ եւ շատ տխուր են, քանի որ ընտանիքի քաղցրությունը չեն զգում։ Աղքատ մարդիկ դա ավելի լավ են հասկանում։
– Ինչպիսի՞ պատկերացում կազմեցիք այսօրվա Հայաստանի մասին։
– Ես զարմանահրաշ եկեղեցիներ տեսա Հայաստանում, հիացա նրանց վեհությամբ, եւ միաժամանակ զարմացա, թե ինչպե՞ս կարելի է հենց այդ հրաշքների կողքին աղբակույտեր թողնել։ Եկեղեցիների կողքը աղբի սարեր են բարձրանում, մարդիկ էլ ուղղակի իրենց ավտոմեքենաների պարտուհաններից են աղբը շպրտում։ Նման բան Ամերիկայում պարզապես լինել չի կարող։ Կարծում եմ՝ դա մարդկանց թերի կրթությունից է գալիս։ Նույն պատկերը կարելի է տեսնել Մեքսիկայում, որտեղ մարդիկ նույնպես անկիրթ են։ Եվ դա շատ ցավալի է, քանի որ այդ իրավիճակը ոչ մի կապ չունի երկրի հարուստ կամ աղքատ լինելու հետ։ Կարող ես փող չունենալ, բայց ներքին կուլտուրա պետք է ունենաս։ Եվ ես համոզված եմ, որ ազգային հպարտությունը սկսվում է կրթությունից ու ինքնակրթությունից։ Պետք չէ շատ խոսել, ավելի լավ է, եկեք հաճախ նայենք մեր շուրջն ու լսենք մեր շրջապատի, մեր հարեւանների, աշխարհի ասածը։ Շատ խոսելն ընդհանրապես լավ բան չէ, պետք է աշխատել։ Ես, օրինակ, երջանիկ եմ, որ աշխատում եմ, ամեն օրս լցված է իրադարձություններով։ Ես ուզում եմ, որ իմ հայրն ու մայրը ինձնով հպարտանան։
– Չե՞ք կարծում, որ տնտեսական ճգնաժամը կարող է նաեւ օգուտ տալ մարդկանց՝ վերաիմաստավորելով կյանքը։
– Ճգնաժամը լավ բան է, այն արթնացնում է մարդկանց, բացում է նրանց աչքերը։ Մարդկանց գրպաններում փողը պակասում է, եւ նրանք իրար լսելու ու իրար հասկանալու հնարավորություն են ստանում։ Մարդիկ պետք է կարողանան ամեն ինչ նորից սկսել, ավելի ճիշտ ապրել ու ավելի շատ աշխատել։ Գիտեք, մարդիկ սովորաբար ասում են՝ օ՜, դուք շատ հաջողակ եք, օ՜՝ ձեր քույրն էլ շատ հաջողակ է, նա կինոաստղ է ու ամեն ինչ նրան հեշտ է տրվումգ Բայց ոչ ոք չի ուզում նկատել, որ իմ քույրը՝ Շերոնը, ամեն Աստծո օր տաժանակիր աշխատանք է կատարում, նա հսկայական աշխատանքային գրաֆիկ ունի ու երբեք իրեն թույլ չի տա հանգստանալ։ Նա զբաղվում է աղքատ երեխաների, ՁԻԱՀ-ի հարցերով, տարբեր բարեգործական ծրագրեր է իրականացնում։ Եվ գիտե՞ք` ինչու է դա անում։ Որովհետեւ, երբ մենք փոքր էինք, մենք շատ աղքատ էինք։ Մեր ծնողները նույնիսկ գումար չունեին՝ մեզ համար բավարար ուտելիք գնելու համար։ Աղքատությունը շատ լավ խթան դարձավ մեզ համար։ Ես համոզված եմ, որ Շերոնը մեծ հաջողության հասավ, քանի որ չէր ուզում իր մանկությունը վերադառնալ ու կրկին աղքատ վիճակում հայտնվել։ Նա պատրաստ էր օր ու գիշեր աշխատել՝ հաղթահարելու համար սեփական աղքատությունը։ Մենք շատ ենք զրուցել այդ մասին, եւ նա միշտ ասել է, որ երախտապարտ է իր հուշերին, որոնք սովորեցրեցին իրեն պայքարել ու միշտ հիշել, թե ինչ է նշանակում՝ աղքատ լինել։ Մարդկանց հիշողությունը հաճախ կարճ է լինում, նրանք հարստանալով՝ միանգամից մոռանում են, որ ժամանակին աղքատ են եղել, ու դադարում են աշխատել ու զարգանալ։
– Կյանքին Դուք որպես պոե՞տ եք նայում, թե՞ որպես ռեալիստ։
– Ես էմոցիոնալ մարդ եմ ու գերադասում եմ իմ մտքերը պոեզիայի միջոցով փոխանցել մարդկանց։ Գիտեմ, որ պոետ մի քանի օրվա ընթացքում չես դառնում, հարկավոր է էմոցիաներով հագեցած կյանքով ապրել, որպեսզի քո մեսիջը տեղ հասնի։ Ես մի քանի օր ապրեցի Հայաստանում, ու Հայաստանը ներխուժեց իմ պոեզիա։ Արդեն մի քանի բանաստեղծություններ եմ գրել Հայաստանի մասին, որոնք հետագայում կմշակեմ։
– Իսկ ինչպիսի՞ մեսիջ ունեք հայաստանցիներին։
– Շարունակեք հավատալ Աստծուն ու ձեր հուշերին։ Նաեւ շատ աշխատեք։ Իսկ թե ինչպես է կյանքը ընթանալու` ոչ ոք չգիտե։ Նույնիսկ Բարաք Օբաման չգիտի։