Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հրավիրվել է ԱՄՆ, սակայն դեռեւս ճշտված չէ ժամկետը: Այս մասին երեկ հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Թերի Դեւիդսոնը: Նաեւ տեղեկացրել է, որ ԱՄՆ-ում տեղի է ունենալու Մամեդյարովի հանդիպումը պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ: «Ազատություն» ռ/կ-ին էլ իր «դիվանագիտական աղբյուրները» հայտնել են, որ առաջիկա օրերին ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ հանդիպման նպատակով ԱՄՆ է մեկնելու ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Ըստ նույն աղբյուրի` Նալբանդյան-Քլինթոն հանդիպման քննարկվելիք հիմնական թեման լինելու է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը: Հիշեցնենք, որ երկուշաբթի օրը
Հ. Քլինթոնը եւ Է. Նալբանդյանը հեռախոսազրույց էին ունեցել, որտեղ եւս անդրադարձ էր կատարվել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին, եւ Հ. Քլինթոնը «պատմական քայլ» էր որակել երկու երկրների միջեւ հարաբերություններ հաստատելու մասին «ճանապարհային քարտեզի» շուրջ համաձայնության ձեռքբերումը: