Պաշտոնական լիազորություններն անցնելու համար մեղադրանք է առաջադրվել «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ Արմեն Մուրադյանի նկատմամբ, քանի որ նախնական վարկածով նրա պատճառով է հնարավոր դարձել, որ Արշակ Աղաբաբյանը 1 ամիս առաջ փախել է ԱԱԾ մեկուսարանից: Հիշեցնենք, որ Ա. Աղաբաբյանը դատապարտված էր վերլուծաբան Լեւոն Մելիք-Շահնազարյանի դեմ սպանության փորձ կատարելու համար: Հատուկ քննչական ծառայությունից երեկ տեղեկացրել են, որ «ձեռք բերված ապացույցների համաձայն՝ Ա. Մուրադյանը, դուրս գալով օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակից, Ա. Աղաբաբյանին, առանց վերջինիս գրավոր համաձայնության, հիմնարկի պետի գրավոր որոշման եւ համապատասխան ձեւակերպումներ կատարելու, պարբերաբար դուրս է հանել խցից եւ ներգրավել քրեակատարողական հիմնարկի տնտեսական բնույթի աշխատանքներին»: Ա. Աղաբաբյանը խցից հերթական անգամ դուրս էր հանվել 2009թ. ապրիլի 1-ին` ժամը 14:30-ի սահմաններում եւ ներգրավվել հիմնարկի համար ստացված սննդամթերքը բեռնաթափելու եւ պահեստ փոխադրելու աշխատանքներին: Նա թողնվել է առանց հսկողության, ինչից էլ օգտվելով ժամը 17:00-ի սահմաններում տնտեսական պահեստի պատուհանից դուրս է եկել Նալբանդյան փողոց եւ դիմել փախուստի: Մեր տեղեկություններով, սակայն, Ա. Աղաբաբյանը դուրս է եկել ոչ թե պատուհանից, այլեւ ԱԱԾ նախարարական մուտքից` այն մուտքից, որտեղից ելումուտ է անում ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանը: Իսկ ՀՔԾ-ից երեկ հայտնել են նաեւ, որ նախաքննությամբ արդեն պարզվել է փախուստի կոնկրետ մեխանիզմը եւ ժամն` ըստ վայրկյանների: