Հայաստանի կոմունիստական կուսակցությունը երեկ իր մայիսմեկյան շքերթը մեկնարկեց Մարտիրոս Սարյանի արձանին հարող տարածքից: Եվ, չնայած քաղաքապետարանն արգելել էր ՀԿԿ-ին երթ անցկացնել, այդուհանդերձ, կոմունիստները երթով շարժվեցին դեպի Շահումյանի հրապարակ, որտեղ էլ հանրահավաք անցկացրին: «Ես, օրինակ, շատ կուրախանայի, որ այսօր հանրապետության ղեկավարները կամ մայրաքաղաքի ղեկավարները գնային մեզ հետ միասին: Թող հաստատ համոզված լինեն, որ մենք նրանց կոմունիստ չենք դարձնի, չենք ընդունի մեր կուսակցության շարքերը: Բայց այսօր աշխատավորության տոնն է, եւ նրանք պետք է գնային մեր շարքերի առջեւից»,- երեկ ասել է ՀԿԿ առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը` նշելով, որ երեկ փակ են եղել ճանապարհները, եւ իրենց համակիրներից շատերը չեն կարողացել մարզերից հասնել մայրաքաղաք: Երթի կազմակերպիչ ու պատասխանատու, ՀԿԿ Կենտրոնական կոմիտեի նախագահ Երջանիկ Ղազարյանն էլ նկատել է, որ այսպիսով նաեւ իրենց բողոքն են հայտնում կապիտալիզմին ու իշխանություններին: «Ժողովուրդը սոցիալիզմ է պահանջում, իսկ ճգնաժամը ցույց տվեց, որ կապիտալիզմը չի կարողանում գոյատեւել: Ի վերջո, սոցիալիզմը կհաղթի, ժողովուրդն էլ կփրկվի, մեր սերունդներն էլ անվճար կրթվելու, լավ աշխատանք գտնելու հնարավորություն կունենան»,- ասել է Ե. Ղազարյանը: