Երկու ամիս ընդմիջումից հետո երեկ կայացավ ընդդիմության` Հայ Ազգային կոնգրեսի (ՀԱԿ) հերթական ու բազմամարդ հանրահավաքը: Անցյալ տարվա նախագահական ընտրություններից հետո երեկ առաջին անգամ Ոստիկանությունը չխոչընդոտեց ու լրացուցիչ դժվարություններ չստեղծեց դեպի Մատենադարանի հրապարակ բարձրացող հանրահավաքի մասնակիցների համար: Երեկ Օպերայի շենքի հարակից տարածքում սովորականից քիչ ոստիկաններ էին շրջում: Փոխարենը ոստիկաններով լի էր հանրահավաքի վայրը եւ Հանրապետության հրապարակը: Երեւանի քաղաքապետարանն էլ այս անգամ ի գիտություն էր ընդունել հանրահավաքի մասին ընդդիմության իրազեկման դիմումը: Ոստիկանները, սակայն, իրենց սովորության համաձայն՝ այս անգամ էլ փակել էին Երեւան եկող ճանապարհները, ու մարզերից հանրահավաքի շտապող մարդկանց մի մասին թույլ չէին տվել հասնել մայրաքաղաք: ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը երեկ տեղեկացրեց, որ որոշ մարզերում ոստիկանները նույնիսկ ավտոմատներով են դիմավորել Երեւան եկող մարդկանց: Ավելացնենք, որ, քաղաքապետարանը չէր արտոնել հանրահավաքից հետո նախատեսված երթը, սակայն հանրահավաքը դեռ չսկսված` բոլորի համար անսպասելի կերպով Մատենադարանի հարթակին հայտնվեց Երեւանի ոստիկանապետի տեղակալ Աղասի Կիրակոսյանը եւ հայտարարեց, թե հաշվի առնելով տոնական օրը` թույլ կտան նաեւ երթ անցկացնել: ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը փորձում էր Ա. Կիրակոսյանին տեղեկացնել, որ կասկածելի մարդկանց խմբեր է տեսել Կամերային թատրոնի շրջակայքում, եւ ուզում էր զգուշացնել նրանց հնարավոր սադրիչ լինելու եւ միջադեպեր ստեղծելու մասին, սակայն բարձրաստիճան ոստիկանը չցանկացավ այդ մասին լսել ու իր խոսքն ավարտելուց հետո` արագ հեռացավ: «Նա անմիջապես պիտի համագործակցեր մեզ հետ, փորձեր պարզել, թե ովքե՞ր են այդ մարդիկ եւ ինչո՞ւ են այնտեղ` Կամերային թատրոնի մոտ հավաքվել: Ոստիկանությունը չուզեց անգամ լսել այդ տեղեկատվությունը: Դա նշանակում է, որ Ոստիկանությունը հրաժարվում է մեզ հետ համագործակցել՝ հասարակական կարգը պահպանելու համար»,- ասաց Լ. Զուրաբյանը:
Հանրահավաքին, ինչպես միշտ, մասնակցում էին ՀԱԿ անդամ բոլոր կառույցներն՝ իրենց առաջնորդներով: Այս անգամ Մատենադարանի հարթակին էր նաեւ ՀՀ առաջին նախագահ Լ.Տեր-Պետրոսյանի որդին` Դավիթ Տեր-Պետրոսյանը, ով ամիսներ առաջ է վերադարձել ԱՄՆ-ից: Հանրահավաքը վարող Ա. Զուրաբյանը հայտարարեց, որ այս հանրահավաքը կապ չունի Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավի հետ, որ քարոզարշավը կսկսեն այսօրվանից, եւ հաջորդ հանրահավաքը տեղի կունենա մայիսի 4-ին` Արաբկիր համայնքում: Ելույթ ունեցան ՀԱԿ գործիչներ Դավիթ Շահնազարյանը, Լ. Զուրաբյանը, Արամ Սարգսյանը, Ստեփան Դեմիրճյանը եւ, ինչպես միշտ, վերջում` Լ. Տեր-Պետրոսյանը: Դ. Շահնազարյանը նախ անդրադարձավ վերջերս մամուլում հրապարակված` Փաստահավաք խմբի առաջին զեկույցին, որը վերաբերում էր Ոստիկանության սպա Համլետ Թադեւոսյանի մահվան հանգամանքներին: «Փաստաթղթում ապացուցված է, որ քննությունն ամեն ինչ արել է, որպեսզի կեղծի, թաքցնի իրական հանգամանքները: Փաստահավաք խմբի այս զեկույցից կարելի է անել մեկ եզրակացություն` Հ. Թադեւոսյանը զոհվել է իր իսկ ձեռքում պայթած նռնակի արդյունքում: Եվ դուք հիշում եք, թե ինչպես էին իշխանությունները շահարկում այդ երիտասարդի մահը, ոչինչ չստացվեց,- ասաց Դ. Շահնազարյանն ու անդրադարձավ ԱԺ-ում ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի հայտարարություններին, -Պարոն Հարությունյան, ձեր հրահանգով ոստիկանները ավազակային գործողություն կատարելով Ազատության հրապարակում` հետապնդել են քաղաքացիներին մինչեւ Ֆրանսիական դեսպանատուն: Ընդ որում, հավանաբար նույն ձեր հրահանգով ոստիկանները քարերով էին գրոհում խաղաղ քաղաքացիների վրա: Դրա համար պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ Հայկ Հարությունյանն իր վերջին հայտարարություններով լուրջ հայտ ներկայացրեց հայտնվելու Միջազգային քրեական դատարանում Ռոբերտ Քոչարյանի կողքին` մեղադրյալի աթոռին»:
Լ. Զուրաբյանը տեղեկացրեց այն քայլերի մասին, որոնք իրականացնելու է ՀԱԿ-ը Երեւանի ավագանու ընտրություններում հաղթելուց հետո. «Կվերականգնենք հավաքների ազատությունը, հավաքների ու ցույցերի համար ավանդական վայրը` Ազատության հրապարակը կվերադարձվի ժողովրդին: Մենք նաեւ կճեղքենք այս խայտառակ ինֆորմացիոն շրջափակումը, որ իշխանությունները փաթաթել էին ժողովրդի վզին` վերահսկողության տակ վերցնելով բոլոր հեռուստակայաններն ու ռադիոկայանները: Դրա լավագույն ձեւը կլինի, որ մենք Երեւանում կստեղծենք կաբելային հեռուստատեսություն, հեռարձակվելու հնարավորություն կստանան իշխանությունների կողմից փակված բոլոր հեռուստաընկերությունները: Մենք կփակենք Երեւանի իշխանությունների մասնակցությամբ բոլոր կոռուպցիոն սխեմաները եւ կստեղծենք հակակշիռներ այս իշխանությունների անօրինականությունների դեմ: Այդ քայլերի հետեւանքով շատ արագ էապես կփոխվի քաղաքական մթնոլորտը եւ կարճ ժամանակում անցնցում կհասնենք նախագահական եւ խորհրդարանական արտահերթ ընտրությունների»:
Հաջորդ ելույթ ունեցողներն անդրադարձան հայ-թուրքական բանակցություններում ստեղծված ծանր իրավիճակին, ԼՂՀ հիմնախնդրին, ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակին, քաղբանտարկյալներին ու նրանց նկատմամբ իրականացվող դատավարություններին ու շատ այլ հարցերի: Լ.Տեր-Պետրոսյանն իր ծավալուն ելույթում անդրադարձավ 4 հիմնական հարցերի` ՀՀ սոցիալ-տնտեսական իրավիճակի վատթարացմանը, «7-ի գործի» տապալմանը, հայ-թուրքական երկխոսության խորացմանը եւ Երեւանի ավագանու ընտրությանը: Նա նաեւ վստահություն հայտնեց, որ թեեւ «Ժառանգությունը» չմիացավ իրենց, բայց ընտրություններին կպաշտպանի ՀԱԿ-ին: Երեկ «Ժառանգության» ներկայացուցիչները Մատենադարանի հարթակում չէին: «Եթե Սերժ Սարգսյանն իսկապես մտածում է իր եւ պետության վարկի մասին, ապա նա այսօր էլ ունի տվյալ նպատակին հասնելու հնարավորությունը: Թող անցկացնի օրինական ընտրություններ, որոնք, վստահաբար, կարժանանան ոչ միայն միջազգային դիտորդների, այլեւ մեր հասարակության գնահատանքին: Նա պետք է վերջիվերջո գիտակցի, որ օրինական ընտրությունների արդյունքում ոչ միայն իշխանության, այլեւ նույնիսկ ընդդիմության հաղթանակն ուժեղացնում է պետությունը եւ նրան զերծ պահում արտաքին ճնշումներից: Այլապես նա երբեւէ պետական այր կոչվելու իրավունք չի ձեռքբերի: Իսկ եթե Սարգսյանը, նեղմտություն դրսեւորելով, փորձի կրկնել այն, ինչ կատարեց նախագահական ընտրությունների ժամանակ, չխորշելով ոչ միայն բացահայտ կեղծիքներից, այլեւ ֆիզիկական բռնություններից, ապա պետությանը կհասցնի հերթական ծանր հարվածը, որից այս անգամ արդեն այն կարող է այլեւս ուշքի չգալ»,- այս խոսքերով եզրափակեց իր ելույթը ՀՀ առաջին նախագահը: