Երեկ տեղի ունեցած հանրահավաքին ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթի «Հայ-թուրքական հարաբերություններ» գլուխը գոնե ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանին պիտի որ լուրջ հիմքեր տար՝ վերանայելու իր վերջին ասուլիսում հնչեցրած միտքը, թե. «Կոնգրեսի հետ մենք ունենք լուրջ տարաձայնություններ: Հենց նույն այս հարցերում (խոսքը հայ-թուրքական հարաբերությունների մասին է.- Լ.Ա.) հայտնի չէ՝ Կոնգրեսը նույն բանը չէ՞ր անի արդյոք: Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ մենք հակադրվում էինք այս խնդիրներով: Ինքը շա՞տ տարբեր տեսակետներ ուներ»:
Մինչ Մայիսի մեկը՝ Աշխատավորների միջազգային օրը, աշխարհի խոշորագույն քաղաքներում նշանավորվեց աշխատավորների բողոքի ցույցերով, հայ ժողովրդի մի մասը երեկ եւս փողոց էր դուրս եկել. Նախ՝ օրը ոչաշխատանքային էր, երկրորդ՝ հազարավոր մարդիկ ցանկություն ունեին լսելու ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսքը: ՀԱԿ համակիրների համար դա արդեն տոն էր: Իսկ նրա ելույթը լրիվ տեղավորվում էր մարտի մեկի հանրահավաքի ելույթի տրամաբանության մեջ. կոշտ չէր, չէր պարունակում անհապաղ իշխանափոխության կոչեր, ինչը պիտի որ հաճելի լիներ նաեւ օրերս իշխանական կոալիցիայից մեկ ոտքով դուրս եկած ՀՅԴ-ի ականջին: Իսկ եթե հաշվի առնենք հանրահավաքների երկու ամիսը մեկ պարբերականությունը՝ ելույթի ընթացքում բարձրացվող հարցերը հանրահավաքների երկարատեւ ընդմիջումներին հասցնում են այնքան քննարկվել մամուլում, եթերում, որ հանրահավաքի ժամանակ դադարում են հետաքրքիր լինել՝ անգամ, եթե հնչում են Լեւոն Տեր-Պետրոսյանի շուրթերից:
Ելույթի «Սոցիալ-տնտեսական իրավիճակ» գլխում արծարծվող դրամ-դոլար փոխհարաբերության եւ պետության՝ որպես ժողովրդի գրպանահատի մասին թեման առավել հետաքրքիր վերլուծված էր թերեւս Տեր-Պետրոսյանի` մարտի մեկի հանրահավաքի ելույթում: Մամուլում «Յոթի գործի» դատական նիստերից ռեպորտաժները, գործից անջատված Ալեքսանդր Արզումանյանի եւ Սուրեն Սիրունյանի դատավարություններին ընտանիքները պահելու համար որպես ծախու վկա աշխատող մարդկանց վկայություններն արդեն իրենց գրոտեսկային պարզությամբ խամրեցնում են ցանկացած վերլուծություն այդ թեմայի շուրջ: Երեւանի քաղաքապետի ընտրությունների շուրջ հնարավոր զարգացումների մասին Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթում դժվար էր նոր բան գտնելը: Իսկ «Ժառանգություն» կուսակցության հասցեին արված շոյիչ արտահայտություններն, ավաղ, արդեն ժամանակավրեպ էին:
ՀԱԿ առաջնորդի ելույթի ամենասպասված մասը թերեւս հայ-թուրքական հարաբերություններում արձանագրված լուրջ եւ սրընթաց գործընթացների գնահատականն էր: Հայաստանի հասարակությունը, չունենալով տեղեկատվության լուրջ եւ հավաստի որեւէ աղբյուր հայ-թուրքական հարաբերությունների զարգացման հեռանկարների մասին, ստիպված է ականջը սրած հետեւել՝ ո՛վ, ի՛նչ տոնով եւ դեմքի ինչպիսի՛ արտահայտությամբ է խոսում այս թեմայով: Հայ ժողովրդի տեղեկատվության աղբյուրը, որքան էլ անհեթեթ է, թուրքական «Սաբահ» թերթի տեղեկատվական արտահոսքն է, ինչին ոչ մի կերպ չեն կարողանում հակազդել անգամ երկրի առաջին դեմքերի հավաստիացումները, թե հայ եւ թուրք դիվանագետների աշխատանքի արդյունքում ստեղծված պայմանավորվածությունների աշխատանքային փաստաթուղթը երբեւէ չի կարող վնասել Ցեղասպանության ճանաչմանը եւ Ղարաբաղի հարցում անդառնալի հետեւանքներով հղի զիջումներին: Եթե այդպես է, ապա ինչո՞ւ այն չի հրապարակվում: Միջազգային հարաբերություններում նման «Ճանապարհային քարտեզներն» ունեն նախադեպեր, ինչպես, ասենք, իսրայելապաղեստինյան հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ 2002-ին հրապարակված «Ճանապարհային քարտեզը», որն, ի դեպ, երկրների ղեկավարների միջեւ համաձայնեցվելուց հետո անմիջապես ներկայացվեց հանրության ուշադրությանը: Հասկանալի է, որ ՀՀ առաջին նախագահի տեղեկատվության աղբյուրները պիտի որ լուրջ եւ հավաստի լինեն, սակայն, դատելով ելույթի «Հայ-թուրքական հարաբերություններ» հատվածից, ենթադրում ենք, որ նրա վերլուծությունների համար եւս հիմք է ընդունվել թուրքական աղբյուրների տեղեկատվական արտահոսքը՝ հայտնի կետերով՝ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատում, պետական սահմանների փոխադարձ ճանաչում, այլ կերպ ասած՝ Կարսի պայմանագրի ռեաբիլիտացիա, հայ-թուրքական սահմանի բացում, հայ եւ թուրք պատմաբաններից կազմված հանձնաժողովի ստեղծում: Տեր-Պետրոսյանի ռեզյումեն բավական սուր էր. «Սերժ Սարգսյանը, հանուն սեփական իշխանության երկարաձգման, բառիս բուն իմաստով, ծախեց Ցեղասպանությունը: Նրա հաջորդ քայլն, անկասկած, լինելու է Ղարաբաղը ծախելը, ինչից հետո, բնականաբար, նա դառնալու է առաջին հայը, ով կարժանանա Նոբելյան մրցանակի»: Իրո՛ք, ոչ պատվաբեր անվանակարգ է:
Չգիտես ինչու, տեղեկատվական արտահոսքը միայն Թուրքիայից է, իսկ հայաստանյան կողմից որեւէ արտահոսք այդպես էլ չի արձանագրվում, որը կարող էր պատճառ դառնալ, որ թուրք հասարակությունը եւս մտավախությունների, իշխանությունների հանդեպ անվստահության խորացման նույնպիսի խնդիր ունենա, ինչպես հիմա ունի հայ հասարակությունը:
Վերադառնալով հոդվածի սկզբում հիշատակած ՀԱԿ եւ ՀՅԴ մոտեցումների նմանությանը` նշենք, որ որքան էլ իշխանական կոալիցիայից դուրս եկած ՀՅԴ շատ անդամներ, այդ թվում եւ՝ ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն էր իր ասուլիսում ՀՅԴ ներկայությունն անհամատեղելի համարում ոչ միայն կոալիցիայում, այլեւ ՀԱԿ-ի եւ անձամբ Տեր-Պետրոսյանի կողքին, սակայն թե՛ դաշնակցականների հիմնավորումները՝ կոալիցիան լքելու կապակցությամբ, թե՛ Տեր-Պետրոսյանի մեղադրանքներն այս իշխանությունների վարած «ձախորդ» քաղաքականության մասին, թերեւս, շատ կետերում համընկնում են: Մասնավորապես, ՀԱԿ-ը եւ ՀՅԴ-ն գտնում են, որ եթե ապրիլի 22-ին չլիներ շվեյցարական կողմի միջնորդությամբ ստեղծված համաձայնագիրը, ԱՄՆ նախագահը գուցե եւ արտասաներ «ցեղասպանություն» բառը: ՀՅԴ-ն եւ ՀԱԿ-ը նույնակարծիք են նաեւ հայ եւ թուրք պատմաբանների հանձնաժողով ստեղծելու` Թուրքիայի վարչապետ Էրդողանի առաջարկին ՀՀ նախագահի համաձայնության վերաբերյալ՝ այն համարելով, ըստ էության, ոչ գրագետ եւ Ցեղասպանության փաստը կասկածի տակ դնող: Իսկ եթե ՀՅԴ անդամներն առավել ուշադիր ընթերցեն նաեւ մարտի մեկի հանրահավաքում ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը, չի բացառվում, որ հայ-թուրքական հարաբերությունների ջերմացմանը զուգահեռ` ականատես լինենք նույնքան բարդ` Տեր-Պետրոսյան-ՀՅԴ հարաբերությունների ջերմացմանը: