Բուժիչ նամակ

02/05/2009 Սուսաննա ԱԶԱՏՅԱՆ

Սիրելի ընթերցող, մի մոռացիր, որ յուրաքանչյուր օրգանիզմ յուրովի կարող է արձագանքել այս կամ այն դեղատոմսին: Ինչն օգտակար է մեկին, կարող է հակացուցված լինել մյուսին: Այդ պատճառով մինչ դեղատոմսերը գործածելը, ճիշտ կլինի խորհրդակցել բժշկի հետ:

Կռատուկը կամ կոթուկը (լոպուխ) ժողովրդական բժշկության մեջ

Կռատուկը օժտված է բացարձակ բուժական հատկություններով: Նրա լատինական անվանումն է՝ lappa` (արջի թաթ): Այս բույսին անվանում են այդպես ոչ միայն իր շատ մեծ չափերի համար, այլ նաեւ այն բանի համար, որ նրա տերեւները շատ մեծ են եւ նման են թաթի:

Բուսաբանները պնդում են, որ կռատուկը 1815թ. հայտնվել է Եվրոպայում՝ Ռուսաստանից, որտեղ լայն տարածում ուներ։ Ենթադրություն կա, որ կռատուկի սերմերն այնտեղ են գնացել ռուսական բանակի միջոցով: Պատմական փաստերից կարելի է եզրակացնել, որ բուժական նպատակներով կռատուկն առաջինն օգտագործել է Ալեքսանդր Նեւսկին:

Որպես դեղամիջոց օգտագործվում են կռատուկի արմատները, ավելի մատղաշ տերեւներն ու սերմերը: Տերեւներն ավելի հաճախ օգտագործվում են որպես կոմպրեսներ: Կռատուկի տերեւներն ընդհանրապես հավաքում են հունիս-հուլիս ամիսներին եւ չորացնում են հով ու քամոտ վայրում: Իհարկե, ավելի հաճախ այն օգտագործվում է թարմ վիճակում: Ճիշտ ձեւով չորացված տերեւների պահպանման ժամկետը 1 տարի է: Իսկ սերմերը հավաքում են սեպտեմբեր ամսին, պահպանման ժամկետը` 2 տարի:

Կռատուկի ալկալոիդներն օժտված են հակակոնցերոգեն հատկություններով: Իսկ ահա մեր ընթերցողներից` Տաթեւ Գրիգորյանն ուղարկել է ռեւմատիզմի վիճակը կռատուկով թեթեւացնող դեղատոմս:

Ռեւմատիզմի համար. վերցնել 50 գրամի չափ կռատուկի աղացած արմատներ ու թրմել 100 գ արեւածաղկի ձեթով` ուղիղ 1 օր: Հետո այն դնել կրակի վրա ու եփել մոտ 15 րոպե ու քամել: Ստացված զանգվածը մի քիչ խտացնելու համար խառնել 15գ ակնամոմ։ Այս քսուքը քսել ցավացող հոդերին ու պառկել տաք շոգեբաղնիքում ու խմել կռատուկի արմատներից պատրաստված հյութ` 1 բաժակ: 30 րոպե հետո կզգաք, թե ինչպես եք քրտնում: Հիվանդն այնքան պիտի գոլորշու մեջ մնա, մինչեւ քրտնարտադրությունը դադարի: Իսկ ծարավ զգալու դեպքում չի կարելի ջուր խմել, այլ միայն կաթնաշիճուկ: Դուրս գալով շոգեբաղնիքից` մեկ անգամ էլ քսեք ձեր պատրաստած քսուքը, այնուհետեւ փաթաթեք հոդերը բամբակով ու հաստ շալով: Այս պրոցեդուրան ցանկալի է անել երեկոյան ժամերին, որպեսզի խուսափեք մրսածությունից: Այս միջոցը զգալի դրական արդյունք է տալիս: Առաջարկում ենք մի դեղատոմս եւս` հոդացավերը թեթեւացնելու համար: Արտաքին գործածության համար կռատուկի կես բաժակ աղացած արմատների վրա լցնել 3 լիտր ջուր ու եռացնել 20 րոպե ու թողնել 2 ժամ: Ստացված թուրմով թրջել սավանը, շատ լավ քամել ու փաթաթել հիվանդի թեւատակերից մինչեւ ոտքի ծայրը: Հետո վրայից չոր սավանով ու բրդյա շորով ծածկել ու թողնել 1 ժամ 30 րոպե: Իսկ եթե հիվանդը փորձի քնել, պետք չէ նրան արթնացնել: Այս պրոցեդուրան ցանկալի է կատարել երեկոյան` քնելուց առաջ: Այն պետք է կատարել 6 օրը մեկ` 3 շաբաթ, այսինքն` 3-4 անգամ:

Կանանց ֆիբրոմիոմաները եւս կարող են նահանջել կռատուկի բուժական հատկություններից: Կռատուկի տերեւների թարմ քամած հյութը, որը կարելի է պահել սառնարանում, շատ լավ է նման դեպքերի համար: Ի դեպ, եթե այն պետք է պահածոյացվի` երկար պահելու համար, ուրեմն` դրան պետք է խառնել սպիրտ` 1լիտր՝ 200մլ հարաբերությամբ: Հյութը պարտադիր պետք է խմել ուտելուց առաջ` 1 ճաշի գդալից: Պետք է 1 շաբաթ խմել, 1 շաբաթ ընդմիջում տալ, եւ այսպես՝ 5 կուրս: Հինգշաբաթյա կուրսը պետք է կրկնել 3 ամիս հետո: Նրանք, ովքեր չեն դիմանա հյութի դառնությանը, ապա այն կարելի է բացել ջրով`1:3 հարաբերակցությամբ, բայց ոչ մի դեպքում չի կարելի քաղցրացնել: Մայիսյան մատղաշ տերեւներն օժտված են ուժեղ հակաբակտերիալ ազդեցությամբ, այդ պատճառով դրանից պատրաստված հյութը, խյուսն ու քսուքն օգտագործում են թարախային պրոցեսները կանգնեցնելու համար:

Մի քանի ժողովրդական միջոց` հոդացավերը հանգստացնելու համար

Հոդացավերին օգնում է կամֆորայից պատրաստված քսուքը: 50գ չոր կամֆորան, 50 գ մանանեխը, 10 գ մաքուր սպիրտը խառնել այնքան, մինչեւ մանանեխն ու կամֆորան լավ լուծվեն: Հետո այս ամենին ավելացնել 6 հատ կեղեւով ձու ու էլի լավ խառնել: Ստացված քսուքն այնպես պետք է քսել բորբոքված մասերին, որ մաշկը պոլիէթիլենի թաղանթի նմանվի: 15 րոպե հետո այդ թաղանթը պետք է մաքրել գոլ ջրով թրջած սրբիչով: Պրոցեդուրան պետք է կրկնել գիշերվա ընթացքում մի քանի անգամ:

Այդ ցավերից ազատվելու համար շատ լավ միջոց է մանանեխով կոմպրեսը: Չոր մանանեխը, 6 տոկոսանոց կերակրի քացախը, կերակրի աղը, բժշկական սպիրտը, նավթը եւ ջուրը լավ խառնել ու թողնել 10 օր: Այնուհետեւ այս լուծույթը վրձինով քսել ցավող մասին, փաթաթել պերգամենտի թղթով ու բրդե շորով:

Կարելի է ամռանն ու աշնանը բորբոքված մասերին թարմ ծովաբողկի տերեւներ դնել: Տերեւները գցել տաք ջրի մեջ, բայց ոչ եռացող, հենց ծովաբողկի հոտը զգացվի, պետք է անմիջապես այն հանել ջրից, վրան քսել մեղր ու դնել հիվանդ մասերին եւ ծածկել բրդե շորով: