Այս տարվա առաջին 4 ամիսների կտրվածքով սպառողական ապրանքների գների ամենաբարձր աճն արձանագրվել է ապրիլ ամսին. մարտի համեմատ սպառողական գներն աճել են 3.2%-ով:
Սա՝ այն դեպքում, երբ 2009թ. հունվար ու մարտ ամիսներին նախորդ ամիսների նկատմամբ արձանագրվել էր 1.2 եւ 1.4% գնաճ, իսկ փետրվարին՝ նույնիսկ 1.8% գնանկում: Ընդ որում, այս տարվա ապրիլ ամսին սպառողական ապրանքների գները նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ աճել են` 3.9%, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք եւ ծխախոտ)` 2.2%, ոչ պարենային ապրանքներինը` 4.3%, իսկ ծառայությունների սակագներինը` 106.6%: Այդ 3.9%-ը, իհարկե, բավականին մեծ թիվ է: Այն ավելի բարձր է, քան 2000, 2001, 2002, 2004, 2005, 2006 եւ 2007 թվականների համապատասխան ցուցանիշներն էին, եւ զիջում է միայն 2003 եւ 2008 թվականների նույն ցուցանիշին: Եվ եթե հաշվի ենք առնում նաեւ այն, որ տնտեսական ճգնաժամի պարագայում գները որպես կանոն պետք է ավելի քիչ աճեն, իսկ Հայաստանը դեռեւս նոր է թեւակոխում ճգնաժամի ամենածանր փուլը, եւ դեռ նոր են սկսում ավելի ու ավելի շատ նվազել բնակչության եկամուտները, ապա պարզ է դառնում, որ նախորդ ամիս ընդհանուր առմամբ մենք ունեցել ենք բավականին բարձր գնաճ: Ընդ որում, ապրիլի գնաճն այս տարվա ամենաբարձրը կլիներ նաեւ այն դեպքում, եթե ապրիլի մեկից չթանկանային էլեկտրաէներգիայի, գազի ու ջրի սակագները: Այսպես, բոլոր տեսակի ծառայությունների գները մարտ ամսի համեմատ ապրիլին աճել են 5.6%-ով, ոչ պարենային ապրանքներինը` 2.8%-ով, իսկ պարենայիններինը` 2.1%-ով: Բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում 2009թ. ապրիլին մարտի համեմատ գրանցված գների այդքան բարձր հավելաճի վրա իրենց էական ազդեցությունն են ունեցել բնակարանային-կոմունալ ծառայությունների 18.2% եւ տրանսպորտի ծառայությունների 8.6% հավելաճերը: Առաջինը պայմանավորվել է խմելու ջրի մատակարարման (8.2%), խողովակաշարերով բնակչությանը գազային վառելիքի վաճառքի (14.3%), էլեկտրաէներգիայի վաճառքի (23.1%) թանկացումով, իսկ երկրորդը` օդային տրանսպորտի ծառայությունների սակագների 24.5% թանկացումով: Եվ առանց այդ ծառայությունների սակագների փոփոխությունների` գների աճը ապրիլին մարտի նկատմամբ արձանագրված 3.2% աճի փոխարեն՝ կկազմեր 1.8%: Ծառայություններից 2009թ. ապրիլին մարտի համեմատ հանրապետությունում համեմատաբար ցածր են եղել կրթության համակարգի (0.1%), իրավական ու բանկային (0.2%), կենցաղային բնույթի (0.4%), մշակույթի ոլորտի (0.4%), հանրային սննդի (0.4%), բուժսպասարկման (1.4%), հանգստի կազմակերպման (1.7%), եւ կապի (-1.4%) ծառայությունների սակագների աճը: Ինչեւէ, տեսնենք, թե որ ապրանքների գներն են 2009թ. ապրիլին համեմատաբար ավելի շատ թանկացել: Պարենային ապրանքների շուկայում 2009թ. ապրիլին արձանագրված 2.1% գնաճը հիմնականում հացամթերքի, մրգի, կենդանական եւ բուսական յուղերի, ձկնամթերքի գնաճի արդյունք է: Մրգի ապրանքախմբում 2009թ. ապրիլին 2008թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 13.0%, իսկ 2009թ. մարտի համեմատ` 6.5% գնաճ: 2009թ. ապրիլին մարտի համեմատ հանրապետությունում արձանագրվել է հացամթերքի 2.5% գնաճ: Վերջինս մեծապես պայմանավորվել է մակարոնեղենի 2.8-3.7%, հաճարի 3.3%, ոլոռի 5.6%, հնդկացորենի 6.0%, բրնձի 7.1%, ձավարի 7.1%, սիսեռի 7.2%, ոսպի 7.9% գնաճով: Կենդանական եւ բուսական յուղերի ապրանքախմբում 2009թ. ապրիլին մարտի համեմատ արձանագրվել է 3.0% գնաճ: Դա հիմնականում պայմանավորվել է ձիթապտղի եւ արեւածաղկի բուսական յուղերի 3.5-4.0%, այլ յուղերի (հալած յուղ) 5.5% գնաճով: Կարագի գինը 2009թ. ապրիլին մարտի համեմատ աճել է 0.2%-ով: Ոչ պարենային ապրանքների շուկայում 2009թ. ապրիլին մարտի համեմատ գրանցված 2.8% գնաճը հիմնականում կենցաղային էլեկտրաապրանքների՝ 2.9%, կահույքի՝ 3.0%, գեղաhարդարման՝ 4.0%, մշակույթի ապրանքների՝ 4.4%, լվացող միջոցների՝ 5.7%, դեղամիջոցների՝ 10.4% գնաճի արդյունք է: Շինանյութերի, հագուստի եւ գործվածքի, կոշկեղենի, անձնապիտո ապրանքների, տեքստիլեղենի, գորգեղենի, այգեգործական ապրանքների, գրենական պիտույքների, ոսկերչական ապրանքների ապրանքախմբերում նշված ժամանակահատվածում արձանագրվել է 0.1-2.3% գնաճ, իսկ խոհանոցային սպասքի եւ վառելիքի ապրանքախմբերում` 1.0% գնանկում: 2009թ. ապրիլին մարտի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի 3.1% գնաճ, իսկ դիզելային վառելիքի գինը նվազել է 2.1%-ով: 2009թ. ապրիլին 2008թ. ապրիլի համեմատ բենզինի եւ դիզելային վառելիքի գները նվազել են համապատասխանաբար 20.3% եւ 25.6%-ով, իսկ 2008թ. դեկտեմբերի համեմատ` 1.4% եւ 10.8%-ով: Վերջում նշենք, որ եթե դիտարկում ենք 2009թ. առաջին չորս ամիսների գնաճը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ, ապա գնաճի պատկերը մի փոքր ավելի մեղմ է դառնում` նախորդ երեք ամիսներին արձանագրված ցածր գնաճի շնորհիվ: Այսպես, 2009թ. հուվար-ապրիլ ամիսներին 2008թ. հունվար-ապրիլի համեմատ գներն աճել են 2.3%-ով: Դրանից ցածր ցուցանիշ վերջին 5 տարիներին եղել է միայն 2006թ.-ին, երբ գրանցվեց գների 1.5% անկում նախորդ տարվա հունվար-ապրիլ ամիսների նկատմամբ: Իսկ, օրինակ` 2008թ. հունվար-ապրիլ ամիսներին 2007թ. նույն ժամանակահատվածի համեմատ գնաճը կազմել է 8.6%: