Խմբագրություն զանգահարած Շենգավիթ համայնքի բազմաթիվ բնակիչներ տեղեկացնում են, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներն, արդեն քանի օր է, տնետուն ընկած հավաքում են բնակիչների անձնագրային տվյալները` խոստանալով, որ մայիսի 31-ի Երեւանի ավագանու ընտրություններում ԲՀԿ-ի օգտին քվեարկելու դեպքում յուրաքանչյուր ձայնի համար 5000-ական դրամ կվճարեն: «Երեկ մեր տուն եկան, անձնագրերն ուզեցին ու սկսեցին պատմել, թե ինչ երանության մեջ ենք ապրելու, եթե քաղաքի տերերը դառնան «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամները: Առանց ամաչելու էլ մարդն ասեց` ամեն ձայնի համար 5000 դրամ կտանք: Հանեցի տնիցս դուրս շպրտեցի»,- մեր թղթակցի հետ զրույցում պատմել է Շենգավիթ համայնքի մի բնակիչ` խնդրելով չհրապարակել իր անունը: