ՀՀ Սահմանադրական դատարանը որոշել է ժամանակավորապես կասեցնել Ընտրական օրենսգրքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին պարբերության գործողությունը, որը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում համայնքի ընտրողների ցուցակում ընդգրկվելու հնարավորություն է տալիս հաշվառում չունեցող քաղաքացիներին: Ըստ ՍԴ մամուլի ծառայության հաղորդագրության, ապրիլի 28-ին, քննության առնելով Ընտրական օրենսգրքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին պարբերության սահմանադրականությունը վիճարկելու վերաբերյալ գործով դիմող կողմի միջնորդությունը, ՍԴ-ն որոշել է. «Որպես դիմումի ապահովման միջոց, մինչեւ 2009 թվականի մայիսի 8-ին տվյալ գործի դատաքննության ավարտը եւ Սահմանադրական դատարանի կողմից գործով որոշման ընդունումը, ժամանակավորապես կասեցնել ՀՀ Ընտրական օրենսգրքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին պարբերության գործողությունը»: Ընտրական օրենսգրքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին պարբերությունում, մասնավորապես, ասված է. «Ընտրելու իրավունք ունեցող եւ հաշվառում չունեցող քաղաքացիները քվեարկության օրվանից մինչեւ 21 օր առաջ իրենց համայնքի ղեկավարին, իսկ քվեարկության օրվանից ոչ ուշ, քան մինչեւ 15 օր առաջ` նաեւ լիազոր մարմնի կամ նրա համապատասխան ստորաբաժանման ղեկավարին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով ներկայացնում են ընտրողների ցուցակում ընդգրկվելու վերաբերյալ հայտ: Հաշվառում չունեցող քաղաքացիներն ընտրողների ցուցակում ընդգրկվում են բնակության վայրի մասին տեղեկանքի հիման վրա»: Հիշեցնենք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում Հայ Ազգային կոնգրեսը ներկայացնող Պատվական Հովակիմյանը եւ ավագանու անդամի թեկնածուներ Արտակ Զեյնալյանն ու Ռուբեն Թորոսյանը ապրիլի 16-ին դիմել էին Սահմանադրական դատարան, պնդելով, որ ԿԸՀ-ի կողմից Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակացույցում ամրագրված այն դրույթը, ըստ որի` առաջիկա ընտրություններում քվեարկության իրավունք ունեն նաեւ մայրաքաղաքի որեւէ համայնքում առնվազն մեկ տարվա հաշվառում չունեցող անձինք, «հակասահմանադրական եւ հակաօրինական է»: ՀԱԿ-ի ներկայացուցիչները նաեւ մտավախություն էին հայտնել, որ այդ դրույթը կարող է չարաշահվել Երեւանի ավագանու ընտրություններում` ընտրացուցակում Երեւանում փաստացի չբնակվող անձանց գրանցելու ճանապարհով, ինչը, նրանց պնդմամբ, խախտում է «Երեւանի բնակչի», Երեւանի հաշվառում ունեցող քաղաքացու իրավունքները: ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանն էլ ՀԱԿ ներկայացուցիչների այս հայտարարությունները համարել էր «անհիմն»: Հիշեցնենք նաեւ, որ մինչեւ ՍԴ դիմելը ՀԱԿ-ի հայցը մերժվել էր Վարչական դատարանում: