Չնայած երկուշաբթի օրը ՀՅԴ-ն հայտարարեց կոալիցիայից դուրս գալու եւ ընդդիմություն դառնալու իր որոշման մասին, ու չնայած հենց այդ նույն օրը ՀՅԴ-ական 3 նախարարները, մարզպետը, ԱԺ փոխնախագահն ու մշտական 2 հանձնաժողովների նախագահները հրաժարականի դիմումներ ներկայացրեցին, «ընդդիմադիր» այդ կուսակցությունը հավանաբար կշարունակի պահպանել որոշ պաշտոններ: Երեկ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը կոալիցիայի անունից ԱԺ ՀՅԴ խմբակցությանն առաջարկեց հետ վերցնել Արտաքին հարաբերությունների եւ Պաշտպանության, Ազգային անվտանգության ու Ներքին գործերի մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոնից հրաժարվելու մասին դիմումները: Անցած տարի խորհրդարանը «ԱԺ կանոնակարգ-օրենքում» փոփոխություն կատարեց, որի համաձայն՝ ընդդիմությունը նույնպես կարող է ԱԺ-ում պաշտոններ ունենալ: «Այսօր քաղաքական կոալիցիան կոչ է անում ՀՅԴ խմբակցությանը, լինելով ընդդիմություն, հետ վերցնել հանձնաժողովի նախագահներ Արմեն Ռուստամյանի եւ Արթուր Աղաբեկյանի դիմումները»,- հայտարարեց Հ.Աբրահամյանը: ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց այդ առաջարկի համար ու ավելացրեց. «Սա, իսկապես, մեր ընթացող ռեֆորմների շրջանակի մեջ է: Մենք կքննարկենք ու պատասխանը կներկայացնենք ԱԺ նախագահին»:
Սակայն երեկ, ժամը 18:00-ին սկսված եւ մինչեւ ուշ գիշեր շարունակված ՀՅԴ ԳՄ նիստում դեռ այդ մասին որոշում չէր կայացվել: ՀՅԴ խմբակցության անդամ Արտյուշա Շահբազյանն ասաց, որ հանձնաժողովների նախագահների պաշտոններից հրաժարականների դիմումներից հրաժարվել-չհրաժարվելու որոշումը կկայացվի այսօր:
Հիշեցնենք, որ ՀՅԴ-ն դուրս եկավ կոալիցիայից արտաքին քաղաքականության ոլորտում` մասնավորապես «Հայաստան-Թուրքիա բանակցություններում արծարծվող որոշ դրույթների վերաբերյալ ՀՀ իշխանությունների դիրքորոշման հարցում» սկզբունքային տարաձայնություններ ունենալու պատճառով: Եվ այս պարագայում տարօրինակ է, որ Դաշնակցությունը կարող է ԱԺ-ում պահպանել հատկապես մշտական այն հանձնաժողովի նախագահի պաշտոնը, որը համակարգում է հենց արտաքին հարաբերությունների ոլորտը: ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի ՀՅԴ-ական նախկին(դեռեւս) նախագահ Արմեն Ռուստամյանը, սակայն, ոչ մի տարօրինակ բան չի տեսնում այն հարցում, որ դաշնակցականները կարող են շարունակել ղեկավարել այդ երկու հանձնաժողովները: «Ես կարծում եմ, որ հակասություն չկա, որ այդ հանձնաժողովները տրվում են ընդդիմությանը: ԱԺ-ի ազատությունը, անկաշկանդ գործելու դաշտը եւ նրա դերակատարությունը բոլորովին այլ է: Դա կապ չունի կոալիցիայի գործունեության հետ, մենք վաղուց այն տեսակետին էինք, որ խորհրդարանում ընդդիմությունը պետք է ունենա տեղեր, եւ «ԱԺ կանոնակարգ-օրենքի» փոխված տեքստը հենց դա է նախանշում: Ամբողջ աշխարհում է այդպես, եւ մենք չպետք է դրանից խրտնենք, կամ անսովոր չթվա, որ ընդդիմությունը ԱԺ-ում պաշտոններ կարող է զբաղեցնել: Դա պիտի համարենք շատ նորմալ եւ բնական պրոցես, եւ լավ է, որ մենք դրա հիմքը դնենք: Դա նպաստելու է ԱԺ դերի բարձրացմանը»,- երեկ հայտարարեց Ա.Ռուստամյանը` ավելացնելով, թե դասական իմաստով իշխանությունը այն ուժն է, որը կառավարության մեջ տեղ ունի:
Հիշեցնենք, որ անցած տարի, երբ ԱԺ մշտական հանձնաժողովների քանակը 9-ից հասցվեց 12-ի, պաշտոններ առաջարկվեց նաեւ «Ժառանգություն» խմբակցությանը: Սակայն վերջինս հրաժարվեց այդ հանձնաժողովներում նախագահի ու փոխնախագահի պաշտոններ ունենալու հնարավորությունից: «Ցավում եմ, որ «Ժառանգությունը» հրաժարվեց այդ հնարավորությունից»,- կարծիք հայտնեց Ա.Ռուստամյանը: Այս անգամ նույնպես ԱԺ-ում խոսակցություններ կային, թե թափուր մնացած պաշտոնների մի մասը կարող են զբաղեցնել նաեւ «Ժառանգության» ներկայացուցիչները: «Մենք մեկ անգամ նման առաջարկ մերժել ենք, եւ դրանից հետո ոչինչ չի փոխվել»,- ի պատասխան նման խոսակցությունների՝ երեկ հայտարարեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը:
ՀՅԴ-ի` ընդդիմություն դառնալու մասին հայտարարության նույն օրը ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանն ասել էր, որ ընդդիմություն լինելու իրավունքը նախ պետք է վաստակել: Ի պատասխան Լ. Զուրաբյանի այդ գնահատականի՝ երեկ Ա.Ռուստամյանն ասաց. «Այն խնդիրները, որ մենք դրել ենք հայտարարության մեջ, առաջնահերթ հարցեր, որ մենք ուզում ենք լուծել ընդդիմության մեջ լինելով` իհարկե, ժամանակ են պահանջում: Բայց հենց այդ խնդիրները սկսենք լուծել, պարզ կդառնա, որ մենք մեր տեղը վերցնում ենք անկախ որեւէ մեկի ցանկությունից: Ես պարզապես չեմ հասկանում ընդդիմության այն գործիչներին, որոնք փոխանակ իրենց քաղաքական պայքարն ուղղեն իշխանություն-ընդդիմություն դաշտին, ուղղում են ընդդիմադիր դաշտին: Սա եւս մեկ անգամ ապացուցում է, որ մենք իսկապես ՀԱԿ-ի հետ ունենք քաղաքական դիրքորոշումների լուրջ տարաձայնություն»: Անցած ամիս, երբ «Ժառանգություն» խմբակցությունը որոշում կայացրեց Երեւանի քաղաքապետի` մայիսի 31-ին կայանալիք ընտրություններին չմասնակցելու մասին, իր ընտրողներին կոչ արեց քվեարկել ընդդիմության օգտին: Ա.Մարտիրոսյանը երեկ հայտարարեց, որ իրենց կոչը պահպանվել է: Իսկ արդյո՞ք այս անգամ արդեն ընդդիմություն ասելով՝ «Ժառանգությունը» նկատի ունի նաեւ ՀՅԴ-ին, հատկապես, որ ՀՅԴ-ի` ընդդիմություն հռչակվելուց հետո երկու կողմերն էլ չեն բացառել համագործակցությունը: «Մենք կոչ ենք անում ընտրել ընդդիմությանը»,- պնդեց Ա.Մարտիրոսյանը` չկոնկրետացնելով, թե ընդդիմություն ասելով՝ ո՞ր ուժին նկատի ունի: