Մասնավոր հիմնադրամների կյանքից

30/04/2009

ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր Անահիտ Բախշյանը երեկ փորձել է պարզել «Լույս» հիմնադրամի կրթական ծրագրերը: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան ի պատասխան նշել է, որ 2009թ. իրականացվելիք կրթական ծրագրի համար կհատկացվի մոտ 1 մլն 200 հազ. դոլար: Վարչապետը մեկ անգամ եւս պարզաբանել է, որ հիմնադրամի ստեղծումը մասնավոր նախաձեռնություն է եւ բացարձակապես չի առնչվում պետական ֆինանսների հետ: Հավաքագրվում են միջոցներ միայն մասնավոր անձանցից, կազմակերպություններից, եւ հիմնադրամն ունի բարեգործական բովանդակություն: «Որքան գումար կարողանանք հայթայթել, այնքան էլ ծախսերը կավելանան, բայց ոչ մի լումա պետական միջոցներից այդտեղ չի ծախսվելու»: Սակայն, ըստ վարչապետի՝ «Ճգնաժամի պարագայում ֆինանսական միջոցների հավաքագրումն այնքան էլ հեշտ գործ չէ»: Պատասխանելով Ա. Բախշյանի դիտարկմանը, թե 1,2 մլն դոլարը մեծ գումար չէ միջազգային հեղինակավոր բուհեր ընդունված հայ ուսանողներին ֆինանսավորելու համար, վարչապետը կոչ արեց միանալ նախաձեռնությանը եւ օգնել, որպեսզի ավելի շատ միջոցներ հնարավոր լինի հայթայթել: «Բայց 1,2 մլն դոլարը նույնպես քիչ գումար չէ, որպեսզի 2009-ին ծրագիրը սկսենք»,- ասել է Տ. Սարգսյանը: Հիշեցնենք, որ այս մասնավոր հիմնադրամը գրանցվել է մոտ մեկ տարի առաջ Տիգրան Սարգսյանի բնակարանի հասցեում: Մի քանի ամիս առաջ հիմնադրամի գործադիր տնօրեն էր ընտրվել սփյուռքահայ Ժակլին Կարաասատրյանը: Ըստ վարչապետի՝ նա մեկ ամիս հետո կկազմակերպի մամլո ասուլիս, իսկ շուտով կհրապարակվի հիմնադրամի 2008թ. հաշվետվությունը: