30/04/2009

– Պարոն Հարությունյան, մայիսի 31-ին առաջին անգամ կայանալու են Երեւանի ավագանու ընտրությունները։ Ի՞նչ փոփոխություններ կբերեն դրանք մայրաքաղաքի կառավարման համակարգում։ Որո՞նք են «Երեւանի մասին» օրենքի առավելությունները եւ թերությունները։

– Ժողովրդավարական երկրի համար զարգացման կարեւորագույն չափանիշներից մեկը տեղական ինքնակառավարման մակարդակն է։ Իշխանության այդ ձեւը շատ ավելի մոտ է բնակչությանը։ Որքան ուժեղ տեղական ինքնակառավարում է իրականացվում, այնքան ավելի ուժեղ է պետությունը, եւ այնքան ավելի բարվոք լուծում են ստանում քաղաքացիների խնդիրները։ Շատերի կողմից ամբողջովին գիտակցված չէ էական այն տարբերությունը, որ կա պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության բնույթի միջեւ։ Բազմաթիվ հարցեր, որ օրենսդրորեն վերապահված չեն պետական իշխանությանը, կարող են լուծվել տեղական ինքնակառավարման մարմինների միջոցով։ Այս առումով վերջիններիս ձեռքերը ազատ են։ Նրանք ամբողջացնում են հասարակության մեջ պետաիրավական համակարգի գործունեությունը։ Հանրային կյանքի նրբագույն խնդիրներ կան, որոնք որեւէ օրենսդիր չի կարող նախատեսել, եւ դրանք կարող են լուծվել միայն ՏԻՄ տիրույթում։

Առանց տեղական ինքնակառավարման մարմինների հնարավոր չէ կառավարել որեւէ համայնք։ Մեզ մոտ այդ մարմինները ձեւավորվում էին թաղային մակարդակով, եւ այն, այսպես թե այնպես, կատարել է իր խնդիրները, սակայն դրանով մենք երբեւէ չենք ունեցել Երեւան քաղաքի բնակչության ամբողջական կամքի արտահայտությունը։ Իսկ Երեւանը ծնվել եւ կազմավորվել է որպես մեկ օրգանիզմ, եւ շատ մեծ առաջընթաց կատարվեց, երբ սահմանադրական փոփոխությունների շնորհիվ հնարավորություն ստեղծվեց Երեւանը դիտարկելու որպես մեկ միասնական համայնք, համապատասխան ընտրովի մարմիններով։

Օրենքը միշտ պետք է լինի այնպիսին, որպեսզի առաջացնի զարգացում դեպի առաջ, դեպի դրականը։ Այսօր մենք ունենք արդիական խնդիրներ, եւ այս օրենքով փորձ է՝ արվում առավել ամբողջական պատասխանելու այդ խնդիրներին՝ առաջարկելով նոր մեխանիզմներ դրանց լուծման համար։ Ցանկացած օրենք ստեղծվում է իր պահի համար։ Մենք չեն կարող վերցնել, ասենք, Լոնդոնի կառավարման օրենքը եւ այն ամբողջությամբ վերարտադրել Երեւանում, որովհետեւ այն կդառնա մեռած օրենք։ Այն պետք է գրվի մեզ համար եւ ապրի իր օրինաչափ զարգացումը։ Վաղը, անշուշտ, օրենքը կհամալրվի նոր դրույթներով։ Իսկ այս պահին ես այս օրենքը համարում եմ հաջողված։ Անվիճելի է, որ սա շատ ավելի առաջադիմական օրենք է եւ պարունակում է բավարար հենք՝ քաղաքի պատշաճ զարգացման համար։

Երեւանի մասին օրենքը նաեւ նոր խոսք է մեզանում ոչ միայն այն առումով, որ Երեւանում առաջին անգամ ստեղծվում է տեղական միասնական ինքնակառավարման համակարգ։ Առաջին անգամ մենք գնում ենք քաղաքական թիմային պատասխանատվության ճանապարհով։ Թիմ, որը հավակնում է իր գաղափարներով ազդել քաղաքի զարգացման վրա, որը ստանձնում է պատասխանատվություն, որի գաղափարները, կարողությունները եւ մտահղացումներն են ուղղորդելու Երեւան քաղաքի զարգացումը ապագա 4 տարիների ընթացքում։

– Դա՞ է պատճառը հրաժարվելու ուղղակի ընտրությունների ավելի սովորական եղանակից։

– Ուղղակի ընտրությունները Երեւանի համար այդքան արդյունավետ չեն կարող լինել։ Հակառակ դեպքում ստանում ենք ընդամենը պայքար անձանց միջեւ, այլ ոչ թե թիմերի։ Առանց կուսակցությունների մասնակցության, քաղաքական պայքարը միշտ սեւեռված է լինում որոշակի անձանց վրա։ Գաղափարը հենց դա էր՝ ունենալ քաղաքական թիմ, որը ստանձնում է ավելի բարձր պատասխանատվության մակարդակ։ Ուղղակի ընտրություններով նույնիսկ եթե շատ հաջողված քաղաքապետ է ընտրվում, իր հեռանալուց հետո կուտակած փորձը կորչում է։ Երբ խոսքը վերաբերում է թիմին, ապա նա շահագրգռված է իր արածի ժառանգման, փոխանցման եւ զարգացման հարցում, որովհետեւ նա միայն քաղաքի համար չի աշխատում, եւ այդ աշխատանքը իր հեղինակության եւ ապագայի երաշխիքն է՝ ոչ միայն քաղաքում, այլեւ ընդհանրապես իր քաղաքական գործունեության մեջ։ Քանի դեռ մենք չունենք տեղական ինքնակառավարման կայուն ձեւավորված ավանդույթ, այս լուծումը մեր օրենքի առավել կարեւոր ձեռքբերումներից է։

Սա նաեւ հիմք է քաղաքական բարեփոխումների, որոնց մասին շատ է խոսվում։ Այն կուսակցությունները ուժեղացնելու իրական ճանապարհ է, ինքնահաստատման գործնական եւ լայն ասպարեզ։ Մեզանում շատ հաճախ կուսակցությունները, չգտնելով ինքնարտահայտման ոլորտներ, սկսում են իրենց նախընտրական քարոզչությունը միայն խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ Եվ հաճախ խորհրդարաններում հայտնվում են կուսակցություններ, որ մինչ այդ իրենց չեն դրսեւորել։ Երեւանի մասին օրենքը քաղաքական ռեֆորմ է, որ իրական հիմքի վրա է դնում քաղաքական բարեփոխումները։ Կարծում եմ, Երեւան քաղաքի ընտրական մոդելը դեռ պետք է տարածում գտնի հանրապետության մյուս համայնքներում եւս, որպեսզի կուսակցությունները կարողանան իրենց ամենօրյա աշխատանքով արդարացնել ընտրողների քվեն։ Եվ այստեղ նրանց հաջողումը իրական գրավական կդառնա երկրի կառավարման մեջ իրենց հետագա մասնակցության չափի։

– Սակայն կարծիք կա, որ իշխանությունները վախենում էին ուղիղ ընտրություններից, քանի որ այդ դեպքում կարող էր լինել ուժեղ քաղաքապետ փոքր հանրապետությունում, որը կարող է հակակշռել իշխանության մյուս օղակներին։

– Վերը բերեցինք այնպիսի սկզբունքային հիմնավորումներ, որոնց հետ համեմատած՝ ձեր հիշած մոտեցումը շատ մանր մտածողության եւ շահերի արտացոլում է։ ՈՒղիղ ընտրության ժամանակ քաղաքապետը, իհարկե, ստանում է շատ մեծ լիազորություններ, որոնք որոշակի դեպքերում կարող են ոտնահարել հենց հասարակության շահերը։ Մինչդեռ այս օրենքով հասարակությունը ի դեմս ավագանու՝ կարողանում է լուրջ գործիքներ ունենալ, եւ քաղաքապետը չի կարող միանձնյա որոշումներ կայացնել սկզբունքային հարցերում։ Երեւան քաղաքի ավագանին այն մարմինն է, որը կարող է ինքնուրույն փոփոխություններ մտցնել բյուջեում, որոշել զարգացման հեռանկարները եւ այլն։ Սա ամենամեծ ձեռքբերումն է, որովհետեւ որքան շատ մարդ է մասնակցում որոշումների կայացմանը, այնքան յուրաքանչյուր քաղաքացու կարծիքն ավելի լավ է արտահայտվում վերջնական որոշման մեջ։ Ճիշտ չէ ժողովրդավարական բարեփոխումների ուղղությամբ լուրջ եւ արմատական աշխատանք կատարած կոլեկտիվի աշխատանքը հանգեցնել նման մանր խնդիրների։ Պարզ է, չէ՞, եթե մնար Լեւոն Տեր-Պետրոսյանի սահմանադրության սխեման, այսօր ընդդիմությունը, եւ ինքն իսկ, ոչ մի շանս չէին ունենա մասնակցելու հանրապետության այս խոշոր հատվածի ղեկավարությանը, քանի որ Երեւանում քաղաքապետը այդ սխեմայի համաձայն՝ նշանակվում էր Հանրապետության Նախագահի կողմից։ Վերը նշված տրամաբանությամբ առաջնորդվելիս դուրս կգա, որ իշխանությունները այս օրենքը մշակել են՝ լրացուցիչ գլխացավանք ստեղծելու իրենց համար։ Իրականում սա Հայաստանի իշխանության համար եւս մի փորձություն է՝ համոզվելու իր նպատակների իրականացվելիության մեջ եւ, իհարկե, մի խոշոր քայլ առաջ՝ ժողովրդավարության հաստատման ուղղությամբ։

– 65 հոգին շատ չէ՞ Երեւան քաղաքի ավագանու համար։

– Մեծ քաղաքների օրինակների ուսումնասիրությունը թույլ է տալիս եզրակացնել, որ մեզ մոտ շատ օպտիմալ թիվ է ընտրված։ Մեկ միլիոնից ավելի բնակիչ ունեցող շատ քաղաքներ ունեն անհամեմատ ավելի մեծ ավագանու կազմ եւ նույնիսկ առանձին կառավարություններ։ Ժողովրդավարության մի բանաձեւ կա՝ իշխանության հնարավորին չափ լայն բաշխումը խոսում է ժողովրդավարության մասին։ Փոքր ավագանիով նրա յուրաքանչյուր անդամը դառնում է ավելի ուժեղ, բայց արդյո՞ք դա նրան ավելի մոտեցնում է ժողովրդին։ Որքան մեծ է ավագանու կազմը՝ այնքան ավելի ներկայացուցչական է համակարգը։

– Որքանո՞վ քաղաքական կարելի է համարել Երեւանի ավագանու ընտրությունները, եւ ի՞նչ առանձնահատկություններ ունի այն։

– Ցանկացած իշխանության ընտրություն դա երկրի քաղաքական զարգացումների մի մասն է։ Իհարկե, երկրի ներքին եւ արտաքին քաղաքականությունը հիմնականում ձեւավորում են Հանրապետության Նախագահը, Ազգային ժողովը, կառավարությունը։ Սակայն բնակչին հուզող բազում հարցեր դուրս են մնում այդ տիրույթից: Այս ընտրությունները քաղաքական են այնքանով, որ ձեւավորվող թիմն ունի իր գաղափարները, եւ փորձելու է ապացուցել ժողովրդին, այս դեպքում՝ Երեւանի ընտրողներին, որ իր այդ գաղափարները կարող է լավագույնս կիրառել գործնականում։ Եվ նորից եմ ուզում կրկնել՝ ամենակարեւորը, ցանկացած թիմ ընտրությունների արդյունքում տիրանալով կոնկրետ ոլորտին, իր աշխատանքով հավակնում է ապագա համապետական ընտրություններում ավելի ամրացնելու իր տեղը։ Երեւանը չափազանց խոշոր, բայց կոնկրետ ոլորտ է։ Այստեղ միայն հավակնությունները բավարար չեն, կարելի է ոչ միայն հաղթել, այլեւ կրել խոշոր պարտություններ, ինչն անմիջապես անդրադառնում է ժողովրդի վրա։

– Ինչպիսի՞ մասնակցություն կարող են ունենալ, եւ ի՞նչ դերակատարում է վերապահված Եվրոպական կառույցներին՝ Երեւանի ավագանու ընտրություններում։ Ի՞նչ իրավասությունների շրջանակում կարող են նրանք գործել։

– Եվրոպայի խորհուրդն ունի տեղական եւ տարածքային ինքնակառավարման մարմինների կոնգրես։ Հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ Երեւան քաղաքում կենտրոնացած է մեր բնակչության գրեթե 40 տոկոսը, շատ բնական է այն հետաքրքրությունը, որ առաջացնում են Երեւան քաղաքի ՏԻՄ ընտրությունները, առավել եւս՝ երբ խոսքը վերաբերում է առաջին ընտրություններին։ Դա, բնականաբար, գտնվելու է նրանց ուշադրության կենտրոնում, եւ մեզ համար շատ կարեւոր են նրանց գնահատականները։ Սակայն որեւէ վերահսկիչ դեր նրանք չունեն։

Եվրոպական կառույցները շատ մեծ աջակցություն ցուցաբերեցին (որ այսօր էլ շարունակվում է) այս օրենքի մշակմանը եւ կիրարկմանը։ Բայց իսկապես պետք չէ հեծանիվ հայտնագործել։ Մեզ պետք էր վեր հանել մեխանիզմները, որոնք թույլ են տալիս Արեւմուտքի զարգացած երկրներում այդքան առաջ գնալ համայնքային կառավարման գործերում։ Երեւանի մասին օրենքը արդյունավետ եւ մանրամասն փորձաքննություններ անցավ եվրոպական բազմաթիվ հաստատություններում եւ առաջատար մասնագետների մոտ։ Այդ տեսանկյունից Եվրոպան, անշուշտ, մեծ դերակատարում է ունեցել, եւ վստահ եմ՝ շարունակելու է ունենալ Երեւան քաղաքի ինքնակառավարման զարգացման գործում։

– Իսկ դիտորդական մասնակցության հետ կապվա՞ծ։

– Եվրոպական կառույցները կարող են ունենալ դիտորդական առաքելություն, եւ մենք պատրաստ ենք ընդունել նրանց։

– Տեսակետ կա, թե եվրոպական կառույցները կցանկանային Երեւանի քաղաքապետի պաշտոնում տեսնել ընդդիմության ներկայացուցչի…

– Եվրոպական կառույցները սովորաբար չեն սիրում խառնվել այս կամ այն երկրի ներքին քաղաքականությանը։ Նրանք ուզում են տեսնել Երեւանի քաղաքապետի պատշաճ ընտրություն, ուզում են տեսնել իսկապես գաղափարների պայքար։ Գաղափարներ, որոնք վերաբերում են հենց տեղական ինքնակառավարմանը, եւ դա շատ ողջունելի է։ Բոլորովին պետք չէ սպասել, թե նրանք ինչ-որ աջակցություն կցուցաբերեն ընդդիմությանը կամ որեւէ մեկին՝ հաղթելու ընտրություններում։ Թե ով կլինի Երեւանի քաղաքապետ, ընտրում են Երեւանի քաղաքացիները։ Իրենք են որոշում իրենց քաղաքի ապագա ճակատագիրը։

– Ինչպիսի՞ն է համաշխարհային պրակտիկան, երբ մայրաքաղաքի քաղաքապետը ներկայացնում է երկրի օրենսդիր եւ գործադիր իշխանություններին հակադիր քաղաքական ուժ։ Կա՞ն դեպքեր, երբ մայրաքաղաքը ղեկավարում է երկրի իշխանության նկատմամբ արմատական ընդդիմությունը։ Ինչպիսի՞ երկրներում է դա ավելի հնարավոր։

– Ցանկացած ժողովրդավարական երկրում շատ տարածված է, երբ երկրի իշխանությունը ներկայացնում է հիմնականում մեկ քաղաքական ուժ, իսկ տեղական կամ մունիցիպալ մարմինները՝ երկրի մեկ այլ, ընդդիմադիր քաղաքական ուժ։ Սա որպես մտահոգիչ երեւույթ՝ որեւէ երկրում չի դիտվում, բազմաթիվ օրինակներ ունենք։ Օրինակ՝ ԱՄՆ-ում ընտրվեց դեմոկրատ նախագահ, որն ամենեւին չի խանգարում Կալիֆոռնիայի հանրապետական նահանգապետին՝ աշխատելու իր սկզբունքներով։ Հաճախ դա պարտադրում է երկրի բնականոն զարգացումը։ Եթե նայենք, Երեւանի մասին օրենքը հենց մի քայլ էր այս ուղղությամբ հնարավորությունների ընդլայնման։ Այսինքն, այստեղ ճիշտ մոդել ենք ընտրել։ Սա մարտահրավեր է՝ քաղաքական ուժերին, եւ լրացուցիչ հնարավորություն Երեւանի հասարակությանը՝ նրանց մեջ լավագույնին ընտրելու։

Յուրաքանչյուր բնականոն զարգացող երկրում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում հաղթանակ տանելու ձգտումը, որպես կանոն, փորձ է քաղաքական ուժի համար՝ ստանձնելու պատասխանատվություն տեղական մակարդակով, ապացուցելու այդ ոլորտի խնդիրները լուծելու իր կարողությունները եւ նոր միայն ընթանալու առաջ, հավակնելով մեկ այլ, ավելի բարձր մակարդակով մասնակցության երկրի կառավարմանը։

Բոլորովին այլ խնդիր է, երբ տեղական իշխանությանը փորձում են տիրանալ երկրի իշխանությանը հակադրվելու կամ իրենց օրենքները այնտեղ կիրառելու համար։ Օրինակ, վերջերս ականատես եղանք, ինչեր էին կատարում Աֆղանստանում մի քաղաքի իշխանությունը գրաված թալիբները։ Նման երեւույթները հազվադեպ են եւ պատահում են հիմնականում կառավարման ճգնաժամի մեջ գտնվող, քայքայման վտանգի առջեւ կանգնած երկրներում։ Եթե խոսքը վերաբերում է հեղափոխության, իշխանությունը փոխելու կարգախոսի տակ՝ տեղական իշխանությանը տիրանալու փորձերին, նման օրինակներ ժամանակակից քաղաքակիրթ, կայացած երկրներում դժվարանում եմ հիշատակել։

Անժելա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ