Ապրիլի 29-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով եղել է Գեղարքունիքի մարզում:
Դիտել է Սեւանա լճի մակարդակի բարձրացման արդյունքում ջրածածկվող տարածքները, լճի ափամերձ հատվածներում տեղադրված եւ կառուցված ինքնակամ շինությունները: Այնուհետեւ Ս. Սարգսյանը Գեղարքունիքի մարզպետարանում մարզի սոցիալ-տնտեսական խնդիրներն է քննարկել մարզպետ Նվեր Պողոսյանի հետ: Ս. Սարգսյանն անցկացրել է Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նիստը, որին մասնակցել են նաեւ ՀՀ բնապահպանության, տրանսպորտի եւ կապի նախարարները: «Սեւանի` տարիներով, տասնամյակներով կարծրացած, փոխկապակցված խնդիրները մեզանից հետեւողական աշխատանք են պահանջում, եւ կարծում եմ, այստեղ կարեւորն այն է, որ չհուսահատվենք, տեսնենք, դեպի ուր ենք շարժվում, որովհետեւ շատ պարագաներում այս խնդիրները պարզապես արագ լուծումներ չունեն: Մեր աշխատանքի արդյունքը կարող է երեւալ տարիներ հետո: Երբ ասում եմ՝ չհուսահատվենք եւ չվհատվենք, այստեղ շատ կարեւոր, մշտապես գործող շարժիչ ուժ կա` դա մեր սերն է Սեւանի նկատմամբ ու նաեւ մեր պատասխանատվությունը սերունդների առջեւ: Մենք Սեւանի հանդեպ պարտք ունենք: Սեւանին պետք է վերադարձնենք այն, ինչ երկար տարիներ` սկսած Խորհրդային Միության ժամանակներից, լիուլի վերցրել ենք: Սեւանին պետք է վերադարձնենք նրա առողջությունը, եւ սրանք պարզապես գեղեցիկ խոսքեր չեն: Մեզ համար, իրոք, պարտականություն է, պարտավորություն է, եւ այդ պարտքը պետք է վերադարձնենք նաեւ այն ակնկալիքով, որ Սեւանը պետք է շարունակի ծառայել մեր ժողովրդին ու սերունդներին: Հանձնաժողովի ստեղծումից հետո անցել է չորս ամիս: Այս ընթացքում մեկ անգամ չէ, որ հանդիպել եմ հանձնաժողովի նախագահի հետ. ամբողջովին տեղյակ եմ կատարված աշխատանքին եւ կարծում եմ՝ այսօր պատրաստ ենք բաց քննարկել բոլոր հարցերը, խնդիրները: Սեւանի հետ կապված ծրագրերում մենք փոփոխությունների չենք գնալու: Թեեւ գիտեք, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետ կապված` մենք որոշակի ուղղումներ ենք մտցնում պետական բյուջեում, այնուհանդերձ, Սեւանին առնչվող խնդիրներում լինելու ենք, այո, խնայող, բայց ծրագրերը երբեք չենք դադարեցնելու»,- ասել է ՀՀ նախագահը: ՀՀ բնապահպանության նախարար Ա.Հարությունյանի խոսքով` արծարծվել են բոլոր այն խնդիրները, որոնք առաջանալու են Սեւանի ջրի մակարդակի բարձրացմանը զուգընթաց` նշաձող ունենալով եւ 1900, եւ 1903,5 մետրը: Առաջնային մաքրման է ենթակա լճի երկայնքով ճահճային 300 հա տարածքները: Ողջ տարվա ծրագրում, սակայն, եւս 300 հա ափամերձ տարածք կա: Լճաշեն համայնքի հատվածում պետբյուջեի միջոցների հաշվին ճանապարհը բարձրացվելու է, ձեռնարկվելու են համապատասխան ինժեներական ափապաշտպան միջոցառումներ: Ճանապարհաշինական աշխատանքները կկատարվեն 2,17 կմ-ի վրա: Աշխատանքների համար մրցույթներն արդեն կայացած են, ֆինանսավորումներն ապահովված են, եւ ՀՀ նախագահի հանձնարարականով` տարվա ընթացքում ամբողջությամբ ավարտին պետք է հասցվեն ծրագրերը: Մաքրման աշխատանքների համար նախատեսված է 250 միլիոն դրամ, ճանապարհների շինարարության համար` 1,5 միլիարդ դրամ: Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանի տեղեկացմամբ` այսօր առաջնահերթայինը Սեւանի մակարդակի բարձրացման հիմնախնդիրն է, մասնավորապես` Արփա-Սեւան թունելի վթարային մասի վերականգնումը, աշխատանքները սկսված են, այս տարի դեռ 1 մլրդ 100 մլն դրամի աշխատանքներ պետք է կատարվեն: Դրանք կավարտվեն 5 տարվա ընթացքում, քանզի շատ բարդ են. թունելի շուրջ 3,1 կմ-ը վթարային վիճակում է: «Եթե մենք այդ վթարային վիճակը չվերացնենք, ապա ջրի փոխադրումը Կեչուտի ջրամբարից Սեւան բարդանում է, իսկ այնտեղից մենք հնարավորություն ունենք տարեկան փոխադրելու 280 մլն խմ ջուր, իսկ անցյալ տարի տեղափոխել ենք ընդամենը 190 մլն խմ` այդ վթարի պատճառով: Դեֆորմացվել է թունելի խորշը, եւ թողունակությունը պակասել է»,- ասել է Վ.Մովսիսյանը: Իսկ երկրորդ խումբ խնդիրները կապված են ափամաքրման աշխատանքների հետ: Դրանք բազմազան են, որովհետեւ լճի մակարդակը բարձրանալու է մինչեւ 1905 մետր նիշը, բավականին կառույցներ ջրածածկ կլինեն, եւ, առաջին հերթին` շուրջ 2 հազար 700 հա անտառային տարածքներ, որից 600 հա այս տարի պետք է մաքրվեն: Վ. Մովսիսյանը նաեւ տեղեկացրել է, որ 6 կմ 100 մետր ափապաշտպան միջոցառումներ պետք է իրականացվեն, քանզի ջուրը ողողել է ճանապարհի հիմքը, եւ ճանապարհի մի մասն այդ պատճառով վտանգված է:
Հաջորդը էլեկտրատնտեսության խնդիրներն են. շուրջ 19 կմ էլեկտրահաղորդակցման գծեր են տեղափոխվելու աստիճանաբար եւ 18 կմ տարբեր ճնշման գազատարներ, տրանսֆորմատորային ենթակայաններ եւ այլն: Նիստում քննարկվել է նաեւ հողամասերի շենք-շինությունների հարցը: Այսօր արդիական է նաեւ ձկան պաշարի խնդիրը: «Մենք այսօր 50 անգամ ավելի քիչ ձկան պաշարներ ունենք, քան ունեինք: Խնդիր է դրվում կարգավորել որսորդությունը, աշխատանքներ տանել ձկան պաշարների վերարտադրության` ինչպես բնական, այնպես էլ արհեստական ճանապարհով, կարգավորել լիցենզավորման կարգը, բոլոր ձկնորսներին բերել օրինական դաշտ: Այսօր ձկնորսությամբ զբաղվում է 1036 մարդ, մենք գտնում ենք, որ նրանք պետք է միավորվեն մի քանի կազմակերպությունների մեջ եւ իրենք տնօրինեն իրենց գործը, բազմացնեն եւ հետո որսան»,- «Արմենպրեսի» թղթակցին ասել է Վ. Մովսիսյանը: Առկա է նաեւ մաքուր ջուր ունենալու խնդիրը: Եթե Սեւանի մակարդակը բարձրացնելու ցանկությամբ բարձրանա կեղտոտ ջուրը, ապա դա ոչ մի էական դրական նշանակություն չի ունենա, որովհետեւ Սեւանում կլինի ոռոգման ջուր, իսկ Սեւանը երկրին պետք է որպես խմելու ջրի ջրաղբյուր: Այս տարի Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ 15 մլն եվրո արժեքով ծրագիր կիրականացվի, կկառուցվեն երեք մաքրման կայաններ` Գավառում, Վարդենիսում եւ Մարտունիում: Դրանք շահագործման կհանձնվեն 2011-ին: Սեւանի, Գավառի, Մարտունու, Վարդենիսի եւ Ջերմուկի կոյուղագծերի վերականգնման աշխատանքները կավարտվեն հաջորդ տարի: