Արիստոտելն՝ ընդդեմ վիճակագիրների

30/04/2009 Արա ԳԱԼՈՅԱՆ

Ամեն ինչ անակնկալ սկսվեց: Բոլոր նրանց համար, ովքեր կորցրել էին տողատակերով կարդալու խորհրդային հմտությունը: Հարազատ կառավարությունը նախ հայտարարեց, որ 2009թ. պետբյուջեն չի վերանայի: Հետո նոր հայտարարություն եղավ: Կառավարությունը վստահեցրեց, որ առաջին եռամսյակում նախատեսված որոշ ծախսեր տեղափոխում է վերջին եռամսյակ: Տողատակից պարզ էր, որ բյուջեն չի կատարվում: Առաջին ու պաշտոնական ահազանգը պետբյուջեի հունվար-փետրվար ամիսների կատարողականի հրապարակումն էր: Կառավարությունն ընդունեց, որ տարվա առաջին երկու ամսին բյուջետային պլանը հաջողվել է կատարել կիսով չափ: Ավելի ստույգ` բյուջետային մուտքերը կատարվել են՝ մոտ 46, իսկ ծախսերը՝ 50 տոկոսով: Այս պահից արդեն եռամսյակի ամփոփ տվյալների սպասումը կամաց-կամաց տրագիկոմիկ երանգներ ստացավ: Բյուջեի եռամսյա պլանի` հերթական լավատեսական ողբերգության հրապարակումը կառավարությունը հնարավորինս ձգում է: Բայց պարկը մախաթ թաքցնելու լավագույն տեղը չէ: Ի վերջո, ամեն ծածուկ բան հայտնի է դառնում: Ազգային վիճակագրական վարչությունն առաջինն իր վրա վերցրեց մեր մակրոտնտեսական ցուցանիշների հրապարակման գործը: Այն հրապարակվեց «շտապ հավաքագրված տվյալների ամփոփման» տեսքի տակ: Եվ այսպես մենք հնարավորություն ունենք տեսնելու, թե ինչ վիճակում է երկրի տնտեսությունն ըստ պաշտոնական տվյալների: Ավելին, կարող ենք համեմատել տնտեսական գործընթացների դինամիկան եւ՛ ամիս առ ամիս, եւ՛ նախորդ տարվա նկատմամբ: Եթե հավատանք այդ տվյալներին:

Չնայած բյուջեի կիսով չափ կատարմանը, մեր տնտեսությունը շարունակում է անշեղորեն աճել: Բացառությամբ մեկ-երկու ոլորտի: Երեւի այդ ոլորտներում ստեղծագործական մոտեցում ցուցաբերելը որոշակի բարդությունների հետ է կապված: Խոսքը էլեկտրաէներգիայի արտադրության եւ արտահանումների տվյալների մասին է: Միայն այս ոլորտներում է կրճատում արձանագրված: «Թե ինչպե՞ս է հնարավոր տնտեսության զարգացումը, երբ երկրում կրճատվում է էլեկտրաէներգիայի սպառումը եւ արտահանումը» հարցին աճ արձանագրող պատասխան դժվար է տալ տրամաբանության շրջանակներում: Այստեղ ակնհայտորեն էզոթերիկ գիտելիքներ են պետք ու անզուսպ հակում ֆանտաստիկայի նկատմամբ: Հին ու բարի արիստոտելյան տրամաբանությունը չի օգնի: Անկեղծ ասած, ես մարտի 3-ից հետո անհամբեր սպասում էի գնաճի մասին պաշտոնական տվյալների հրապարակմանը: Դրամի 20-25 տոկոսանոց անկումից հետո հետաքրքիր էր, թե ինչ հնարքներով է հնարավոր գնաճը «պահել» միանիշ թվերի մակարդակում: Առանց որեւէ մեթոդի նկարագրության՝ մեր Վիճծառայությունը հասարակությանը տեղեկացնում է, որ սեփական աչքերին հավատալ պետք չէ: Սպառողական ապրանքների իրական գնաճը փորձագիտական տվյալներով կազմում է մոտ 35-40 տոկոս: Սա, հավանաբար, ցանկացած տնտեսուհի կհաստատի: Բայց մեր վիճակագիրների պնդմամբ՝ մարտ ամսին փետրվարի համեմատ գներն աճել են ընդամենը 1,4 տոկոսով: Արդյունաբերական ապրանքի գները նույնպես միանիշ են աճել` ընդամենը 8,1 տոկոս: Միայն այս փաստն արդեն հուշում է, որ տնտեսության իրական վիճակը պատկերացնելու նպատակով պաշտոնական տեղեկատվության ուսումնասիրությունը պարապ խնդիր է: Հատկապես, որ կան բազմաթիվ անհասկանալի ազդակներ: Օրինակ, շատ թոշակառուներ պնդում են, որ կենսաթոշակը ստացել են մի քանի օր ուշացումով եւ մետաղադրամներով: Պատկերացրեք, թե որքան անհեթեթ տեսարան է՝ 20-25 հազար դրամ կենսաթոշակը՝ 200 դրամանոց մետաղադրամներով: Մամուլում արդեն հրապարակումներ կան պետական ոլորտում աշխատավարձերի ուշացման մասին: Այս փաստերին պաշտոնական բացատրություն հորինելը բարդ չէ: Ի վերջո, մեր կենտրոնական բանկն առաջին տարին չէ, որ հայտարարում է դրամի բազայի կառավարման միջոցով գնաճը զսպելու իր քաղաքականության մասին: Ուշացումներն արդարացնելու համար կարելի է ասել, որ դա արվում է շրջանառության մեջ գտնվող դրամական բազան կառավարելի դարձնելու վսեմ նպատակով: Տնտեսական ճգնաժամի պարագային, երբ կտրուկ նվազել է արտասահմանից ստացվող տրանսֆեր-օգնությունների ծավալը, դրամի արժեզրկումը ոչ ոքի չի ուրախացնի: Կամ քչերին կուրախացնի: Որովհետեւ զուգընթաց նվազում է նաեւ արտահանումը` կրճատելով տարադրամի ներհոսքի մյուս աղբյուրը: Պաշտոնական վիճակագրության ամենաանհասկանալի հատվածը հենց տարադրամին է վերաբերում: Ավելի ստույգ՝ դրամ-տարադրամ փոխարժեքին: Մարտի

3-ից առաջ դրամը տատանվում էր 300-310-ի սահմաններում: Այդ օրվանից հետո կուրսը կայունացել է 360-370 ցուցանիշի վրա: Իսկ պաշտոնական տվյալներով՝ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին 325,56 է ներկայացված: «Ինչո՞ւ» հարցը եւս առասպելաբանական մտածելաոճ է պահանջում: Հետեւաբար՝ տրամաբանական վերլուծության ենթակա չէ: