«Վատ դերասանը հոգեկան հիվանդ է»

30/04/2009 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆԸ

Դերասան ու բեմադրիչ Սամսոն Ստեփանյանը շատ բծախնդիր ու «փակ» անձ է։ Զարմանալի է, բայց հիմա ազատ լինելու խորհրդանիշը հենց «փակ» լինելն է դարձել։ Այսինքն՝ տարբեր ուղղություններին հարելու, տարբեր հարթակներից գեղեցիկ բառեր ասելու ու կոչումներ ստանալու մղումից զերծ մնալով միայն՝ կարելի է սեփական մասնագիտությանը հավատարիմ մնալ։ Սռավելեւս, եթե մասնագիտությունդ հանրային ուշադրության կենտրոնում գտնվող թատրոնն է։

Ս.Ստեփանյանը խոստովանում է, որ սկզբունքորեն չի գնում ներկայացումներ դիտելու՝ ասելով. «Չեմ սիրում թատրոնը, քանի որ այն թատրոնը, որը կա, բացարձակապես կապ չունի իմ պատկերացրած թատրոնի հետ»։ Իր ընտրած մասնագիտության առջեւ նա ազնիվ է։ Ս.Ստեփանյանի վերջին աշխատանքը «Ժանգոտած բանալի» ներկայացման մեջ է, որտեղ նա ստեղծել է հրամաններ կատարող գեներալի բազմաշերտ ու մշակված մանրուքներով լի կերպարը։ Այդ ներկայացումը լավ գովազդված կոմերցիոն նախագիծ է, որի ուղերձը բավականին վիճելի է։ Սակայն Ս.Ստեփանյանի դերակատարումը միանգամից աչքի է ընկնում իր մշակման մակարդակով։ Երբ չես ստում մանր դետալներում, կարողանում ես միս, արյուն ու մտքեր ունեցող ամբողջական պերսոնաժ ստեղծել։ Իսկ Ս.Ստեփանյանը փորձում է ընդհանրապես չստել։ Բեմը սուտ չի սիրում, բեմն իր առանձնահատուկ չափման միավորներն ունի։

– Հիմա մենք երկու ծայրահեղություն ունենք, մի կողմից՝ զվարճացնող թատրոնի տեսակ կա, իսկ մյուս կողմից՝ վեհ ու դասական։ Ընդ որում՝ հանդիսատեսը ձգտում է միայն առաջին տեսակի բեմադրություններ դիտել։

– Այստեղ հանդիսատեսը բացարձակապես մեղք չունի։ Թատրոնի օրհնյալ, վեհ դերակատարությունը ճաք տվեց, ու ամեն բան իր տեղն ընկավ։ Եվ այսօրվա մեր թատրոնը մեր մտածողության հետ շատ ներդաշնակորեն է շարժվում։ Մենք ասիական ժողովուրդ ենք, ու մեր թատրոնն էլ է ասիական։ Դա փաստ է, քանի որ ասիական երկրներում միայն ժողովրդական սիրողական թատրոնի տեսակ է լինում։ Թատրոնը երբեք գործ չի ունենում իրական կյանքի հետ, եւ եվրոպական դասական թատրոնի հիմքում հենց թատերական պայմանականությունն է դրվում։ Եվրոպացին թատրոն չի գնում՝ կյանք տեսնելու համար, իսկ ասիացու կյանքն ամբողջովին թատրոն է՝ կենցաղից սկսած, արվեստով վերջացրած։ Երբ թատրոնում տեսնում ես այն, ինչը կյանքում է կատարվում, կարող ես եզրակացնել, որ այդ երկրում թատրոնը որպես երեւույթ վերացել է։ Թատրոնը կյանքից մի աստիճան վեր է գտնվում։

– Թատրոնների խաղացանկում շատ են Շեքսպիրի կամ Շիրվանզադեի պիեսները, որոնք վիրտուալ աշխարհ են ստեղծում, քանի որ կյանքից ոչ թե մեկ, այլ՝ տասն աստիճան են կտրված։ Կարծում եմ, դա ավելի վատ է, քանի որ պսեւդո-թատրոն է ստեղծվում։ Հանդիսատեսն ուզում է բեմում կյանք տեսնել՝ ի հեճուկս պետական թատրոնների խաղացանկի։

– Եթե ուզում են կյանք տեսնել, թող սերիալներ նայեն։ Ու միանգամից կտեսնեն, թե որքան են դրանք կենցաղային ու զզվելի։ Եթե կա մի բան, որը կյանքում է տեղի ունենում, թատրոնը դրան չպիտի անդրադառնա։ Չմոռանանք, որ թատրոնը սինթետիկ արվեստ է ու միանգամից մի քանի մասնագետների ու ծառայությունների կարիքն ունի։ Ներկայացման կայացման համար պետք է տարբեր պրոֆեսիոնալների աշխատանք լինի։ Ասա խնդրեմ, կա՞ որեւէ թատրոն, որտեղ պրոֆեսիոնալ դերասաններ, ռեժիսորներ, բեմանկարիչներ, երաժշտական ձեւավորողներ են աշխատում։ Եթե նրանք չկան, ուրեմն թատրոնի մասին խոսելն ավելորդ է։ Մենք չգիտենք, թե ինչի հետ պետք է համեմատենք մեր տեսածը, ասում ենք՝ սա այնքան էլ վատ չէ, քանի որ դրանից ավելի վատն էլ կա։ Եվ այսպես վատը վատի հետ համեմատելով՝ կորցնում ենք շատ արժեքավոր բաներ։ Մեր հասարակության մեջ ընդհանրապես ոչ մեկն իր տեղում չէ։ Իսկ թատրոնը հասարակության ընդամենը չնչին մի մասն է։ Եթե առողջ «շնչող» հասարակություն չկա, չի կարող լինել ո՛չ գիտություն, ո՛չ արվեստ։ Եվ ոչինչ էլ չի կարող լինել։

– Բայց ծիծաղեցնելու մոլուցք կա։ Նույնիսկ՝ «Ժանգոտած բանալի» ներկայացման մեջ են ծաղրվում շատ ցավոտ ու դեռ «չմարսված» հարցերը։ Ծիծաղեցնելու ցանկությունը ծնեց նոր մի թատերական ժանր՝ «խնդալու» ներկայացում։ Եվ դա կոմեդիան չէ, այլ՝ ծիծաղեցնող շոու է։ Դա վտանգավոր չէ՞։

– Անշուշտ, մեր հասարակությունը սիրում է ծիծաղել։ Եվ ծիծաղ կորզելու ամենալավ միջոցը կենցաղի կրկնօրինակումն է բեմում, քանի որ այդ դեպքում զավեշտական ծիծաղ է հարուցվում։ Անեկդոտի մակարդակի երեւույթներ ներկայացնելով, հանդիսատեսին «ջրիկացնում» են, իսկ դերասաններն էլ իջնում-հասնում են ցեխի մակարդակի։ Իսկ հանդիսատեսը շատ դաժան է, եթե դերասանը թույլ տա՝ հանդիսատեսը նրան անընդհատ կնսեմացնի։ Եվ եթե թատրոնը չկարողանա կանգնել որեւէ սահմանագծի վրա ու չասի՝ ոչ, հերիք է, թատրոնի անկումը կշարունակվի։

– Փոքր, «նկուղային», բազմազան ոճ ունեցող թատրոններ չկան։ Էնտուզիա՞զմն է պակասել։

– Էնտուզիազմը մի կողմ դնենք։ Եթե շանս է լինում որեւէ նկուղ վերցնել, փող ճարել, չարչարվել ու թատրոն սարքել, ապա ոչ ոք քեզ երաշխիք չի տա, որ քո սարքած այդ թատրոնում դու կկարողանաս աշխատել։ Շատ դառը փորձ եմ ունեցել, 6 տարի նվիրել եմ «Փոսի» թատրոնին ու երկրորդ անգամ նույնը անել չեմ պատրաստվում։ Թատրոնը հասցրել էր «բացվել», արդեն միջազգային լուրջ փառատոների էր մասնակցում, ու օրերից մի օր թատրոնի ողնաշարն ուղղակի կոտրեցին ու դեն շպրտեցին։ Ես շատ ուրախ եմ, որ 6 տարի շարունակ լուրջ էքսպերիմենտներ անելու տեղ, բազա եմ ունեցել։ Հիմա այդպես եղավ, ի՞նչ արած, ես ոչ մեկին չեմ մեղադրում, բայց ինքս այլեւս նման էնտուզիազմի իրավունքը պարզապես չունեմ։ Իսկ իրավիճակը շատ պարզ է. գարանտ կանգնեք, նորմալ աշխատանքային պայմաններ տվեք, եւ ես ձեզ թատրոն կտամ։ Եթե գարանտ լինի, ես ինքս, օրինակ, մի քանի տարի հետո նորմալ, պրոֆեսիոնալ եվրոպական թատրոն կստեղծեմ։

– Եթե ուրիշ մարդ դա ասեր, հնարավոր է՝ կասկածներ ծնվեին, բայց քեզ հավատում եմ։ Իսկ պետական որեւէ կառույց չի՞ կարող գարանտ լինել։

– Մեզ մոտ ոչ թե պետական, այլ՝ անձնական կառույցներ կան։ Պաշտոնյան փոխվում է, փոխվում է նաեւ կառավարման ողջ ստրուկտուրան։ Ցավոք սրտի, ամեն ինչ անձից է կախված, եւ օրենքները անկախ անձերից չեն գործում։

– Հիմա շատ թատրոններում գեղարվեստական խորհուրդներ են ստեղծվել, որոնք ֆիկցիա են։ Իսկ ինչպե՞ս կարելի է թատրոնների եղած ստրուկտուրան թարմացնել։

– Ես կարող եմ մի լուծում առաջարկել, որը նույնպես վիրտուալ կհամարվի ու երբեք չի իրականանա։ Պետք է գտնել այնպիսի համախոհների նախագծեր (եւ ֆինանսավորել դրանք), որոնք ռադիկալ կերպով տարբերվում են եղած ճահճացած թատրոնից։ Այսինքն՝ պետք է առաջնային դարձնել ալտերնատիվ մոտեցումները։ Վերջերս շատ հետաքրքիր բան նկատեցի, ռուսական «Առաջին» ալիքն, օրինակ, անընդհատ թարմացնում է սերիալների ու հաղորդումների դերասանական կազմն ու չի թողնում, որ կլիշեներ մնան։ Մոռացված երգիչների, դերասանների կյանքի մասին պատմող պրոյեկտներ են անում, կամ հաղորդում են պատրաստում սովետական թատրոնի ու կինոյի մասին։ Այսինքն՝ նրանք հնի բազայի վրա նոր նախագծեր են ստեղծում ու փոխում են ինֆորմացիայի մատուցման ձեւը։ Մարդիկ մտածում են՝ ինչ պետք է անել արվեստի դերը բարձրացնելու համար։ Ընդհանրապես մտածել է հարկավոր։ Այն միջոցներով, որոնք ծախսվում են թատրոնի վրա, կարելի է շատ էֆեկտիվ քայլեր անել։

– Ինչպիսի՞ քայլեր։

– Ես չեմ ուզում ռեցեպտներ ու խորհուրդներ տալ։ Այն մարդը, որը պետք է որոշումներ կայացնի, թող ինքը մտածի ու մեզ առաջարկներ անի։ Ամեն մարդ թող իր գործն անի։ Ես իմ գործը լավ եմ անում, ու այլ հավակնություններ չունեմ։ Թող այն մարդը, որն աթոռ ունի, պատասխանատվությունը դնի իր ուսերին ու գործ անի, իսկ եթե չի անում՝ թող թողնի գնա։ Մենք հիմա կարող ենք կողք կողքի նստել ու միլիոնավոր լավ մտքեր առաջարկել, բայց դա մեր գործը չէ, դրանք երբեք տեղ չեն հասնի։ Ընդհանրապես ես իմ շփումների սահմանները շատ եմ նեղացրել ու այս երկրից որեւէ պահանջ չունեմ, կարող եմ հանգիստ առանց թատրոնի ապրել։ Ունեմ ընտանիք, երկու դուստր ու փող եմ աշխատում առանց ինքս ինձ խաբելու։

– Կար մի շրջան, երբ դու նաեւ շինարարությամբ էիր զբաղվում։

– Այո, հիմա էլ կարող եմ շենք վերանորոգել, վարորդ աշխատել կամ կոյուղի մաքրել։ Ինձ համար դա էական չէ։ Ես հասկացել եմ, որ թատրոնից շատ ավելի բարձր շերտեր կան։

– Բայց մենք փոքր երկիր ենք, ու շատ լավ երեւում է, թե ով է այս կամ այն ոլորտի լավագույն մասնագետը։ Ինչո՞ւ են ընտրվում միջակները։

– Միջակին կառավարելն ավելի հեշտ է, լավին կառավարել չես կարող։

– Թող չկառավարեն, թող օգտագործեն ու լավին բարձրացնելով՝ իրենք էլ բարձրանան։

– Դրա համար լայն մտածողություն, այլ ոչ թե՝ սեփական «ես»-ը ամեն գնով առաջ հրել է պետք։ Ամեն ինչը «գալոչկայի» համար է արվում, ու գեղեցիկ հաշվետվություն է ներկայացվում։ Դա Սովետից մնացած մտածողություն է, իսկ այլ մտածողություն ցուցաբերել մենք դեռ պատրաստ չենք։ Պետք է հասկանալ, թե ինչ կարող է անել մեկ «ես»-ը ընդհանուրի համար։ Իսկ հիմա բոլորը մտածում են, թե ինչ կարող է ընդհանուրն անել իրենց «ես»-ի համար։ Թող ներեն ինձ բոլոր ղեկավարները, բայց ես նրանց գործելաոճում այլ տրամաբանություն չեմ տեսնում։ Եթե սխալ եմ, գոնե պիտի տեսնեմ, որ անճաշակությունից ու տգիտությունից բացի, այլ բան է նաեւ գնահատվում։ Հիմա համատարած գռեհկություն է, որը մաքրելու հավես ու ուժ չի մնացել։ Միգուցե ինձ մեծամիտ կհամարեն, բայց ես միշտ էլ մեծամիտ եմ եղել։ Այսինքն՝ թատրոնի մասին մեծ կարծիք եմ ունեցել։

– Ազատ դերասանի կարգավիճակում աշխատելն ավելի լա՞վ է։

– Իհարկե։ Եթե որեւէ մեկի հետ կապվեցիր, ընկնում ես նրա դիկտատի թակարդը։ Դեռ ոչինչ չարած՝ սկսում են պահանջել։ Շատ ուրախ եմ, որ հիմա աշխատում եմ Արմեն Մազմանյանի թատրոնում, շուտով կանեմ Ֆրանց Կաֆկայի շարքը։ Եթե Աստված ինձ առողջություն տա, ամեն ինչ էլ կանեմ։ Բայց չեմ կորցնի ազատությունս։

– «Ժանգոտած բանալիում» ստեղծած քո հերոսը ամեն վայրկյան տեր է փնտրում, որին կարելի է ծառայել, քանի որ այլ կերպ իր գոյությունը չի պատկերացնում։ Կարծում եմ, այդ կերպարը շատ սիմվոլիկ ու արդիական խորհուրդ ունի։

– Իմ հերոսը պատրաստ է ամեն ստորության ու դա անում է մեծ սիրով։ Ինձ համար դա թանկ աշխատանք է։ Թատրոնը չի կարող ուղիղ խոսք ասելու վայր լինել, թատրոնը այլաբանություն է, եւ ոչ թե՝ հրապարակախոսություն է։ Ուղիղ խոսքը արժեզրկում է այն աստվածայինը, որը կա թատրոնում։ Աստված երբեք ոչ մեկի հետ ուղիղ չի խոսում, նրա խոսքը մարդը ի վիճակի չէ լսել, պարզապես չի դիմանա։ Աստված այլաբանորեն է խոսում, հեռվից գալիս է ու ենթատեքստերով մեզ է հասցնում իր խոսքը։ Իմ կարծիքով՝ հենց արվեստն է Աստծո խոսելակերպի շարունակությունը։ Իսկ մենք մեր թատրոնից հանել ենք մետաֆորան ու բեմից «արա ախպեր» ենք ասում։ Եկեք նայենք մեր շուրջն ու տեսնենք, որ արդեն 21-րդ դարն է, իսկ մենք մնացել ենք գավառական մակարդակի վրա։ Կան մարդիկ, որոնք ուղղակի իրավունք չունեն բեմադրել ու ստեղծագործել, քանի որ դա վնասակար է նրանց ու հասարակության առողջության համար։

– Դերասան լինել՝ նշանակում է՝ էներգիա տալ ու միաժամանակ լիցքավորվել։ Ես միշտ նախանձել եմ դերասաններին։ Դիմակ ես հագնում, ուրիշի կյանքով ես ապրում ու «մաքրվում» ես։

– Դա փայլուն մասնագիտություն է, որը նսեմացրել են հենց դերասանները։ Իմիջիայլոց, թատրոնով զբաղվելը շատ վտանգավոր է։ Վատ դերասան լինել` նշանակում է՝ հոգեկան հիվանդ լինել։ Եթե դերասանն անընդհատ չի աշխատում ու իր աշխատանքի մեջ կանգ է առնում, վերջացավ՝ նա հիվանդ մարդ է դառնում։ Դերասանի համար ամենակարեւորը ինքնազարգացումն է։ Բեմի վրա գտնվող դերասանը ամեն վայրկյան հանդիսատեսին պիտի ինչ-որ բան փոխանցի։ Դա կանի խոսքով, աչքով, ունքով, ոտքի շարժումով թե ինտոնացիայով, նշանակություն չունի։ Դերասանը պիտի դա անի, որպեսզի հանդիսատեսը պատրաստ լինի նրա հետեւից «գնալ»։ Ես հանդիսատես եմ ու պատրաստ եմ քեզ հետեւել, դերասա՛ն, դու միայն տար ինձ։ Բայց արի ու տես, որ «տանողներ» չկան։ Շատ դերասաններ բեմի վրա մոլորյալ են դառնում։ Համոզված եմ, որ վատ դերասանները կամ ռեժիսորները ներքուստ շատ լավ գիտեն, որ իրենք վատն են։ Շատ էլ լավ հասկանում են դա, բայց այդ մտքերը «բլոկ» են անում։

– Ու տառապո՞ւմ են։

– Իհարկե, այն էլ ինչպե՜ս։

– Իսկ անտերպիզները կարող են ալտերնատի՞վ թատրոնի սկիզբ դնել։

– Շատ գովելի է, որ զարգանում է պրոդյուսերական դպրոցը։ Բայց դա կաշխատի միայն այն դեպքում, եթե պաշտոնական մշակույթը զարգացած լինի։ Քանի որ հիմա պաշտոնական մշակույթը զրո է, պրոդյուսերից ընդամենը կես աստիճան բարձր լինել է պահանջվում։ Կես քայլ առաջ լինի, վերջ, արդեն մրցակից չի ունենա։ Իսկ եթե պաշտոնական մշակույթը բարձր նշաձող է առաջարկում, անկախ պրոդյուսերը արդեն պետք է դրանից ավելի բարձր նշանակետ դնի։ Կոնկուրենցիան թատրոնում շատ կարեւոր է։ Կարելի է քննադատել կամ գովել Արմեն Համբարձումյանի արած բեմադրությունները, բայց նա ներկայացում է ստեղծում ու չի խաբում հանդիսատեսին՝ ասելով, որ բարձր արվեստ է ստեղծում։ Փաստը մնում է փաստ, մարդիկ փող են տալիս ու գալիս են այն դիտելու։ Իսկ դա արդեն չափանիշ է։ Պետությունը, եթե ուզի, պետք է դրանից բարձր բան անի։ Թող անի, մենք էլ այդ դիտելով՝ կձգվենք ու կմտածենք, որ ժամանակն է բարձրացնել մեր ներկայացումների որակը։ Պետությունը գեղարվեստական որակի պահանջ պիտի դնի, փող տա ու ասի՝ դե գնացեք, կռվեք ու վիճեք, բայց ստեղծեք։

– Բայց այդ պահանջն ու փողը սխալ մարդկանց է տրվում։

– Եվ ուրեմն մեր խոսակցությունը նորից հասավ այն կետին, որ պահանջ դնելու համար՝ ղեկավար մարդիկ պիտի ազատ ու տեղյակ լինեն, չկառչեն իրենց աթոռներից ու փողերը «գռփելու» մասին քիչ մտածեն։ Ղեկավարը փոխվում է, բոլորը խառնվում են իրար։ Նույնն էլ թատրոններում է, փոխվում է գեղարվեստական ղեկավարը, դերասանները խուճապի մեջ են ընկնում։ Իզուր չեն ասում, որ թատրոնը պետության մինի-մոդելն է։ Եթե սիստեմը վատ է գործում, անհատները ոչինչ չեն կարող անել։ Անհատները շատ ընչաքաղց են, որպեսզի կարողանան ընդհանուրի մասին մտածել։ Մենք ընդամենը խոսեցինք, բայց հաստատ գիտենք, որ որեւէ բան չի փոխվել։ Շատ գեղեցիկ այլաբանական մի առակ կա. եգիպտական փարավոնը կանչում է քուրմերին ու հարցնում՝ կարո՞ղ եք մեկ բառով Աստծուն բնութագրել։ Քուրմերը որոշ ժամանակ մտածում են ու պատասխանում՝ Աստվածը չափն է։ Այդ առակն ունի իր շարունակությունը, բայց սկզբում պետք է չափ դնել։ Եթե չդնես` վերանում ես։