Սուտն ու ճիշտը կեսարյան հատման մասին

30/04/2009 Սուսաննա ԱԶԱՏՅԱՆ

Վերջին ժամանակներս նկատվում է հղիությունը կեսարյան հատումով ավարտելու հակում: Նույնիսկ այն կանայք, ովքեր հանգիստ կարող են ծննդաբերել «բնական ճանապարհով», գնալով ծննդատուն, վիրահատական միջամտության ցանկություն են հայտնում: Ո՞րն է դրա պատճառը:

Պատճառներից առաջինը ցավի նկատմամբ վախն է` բնական ճանապարհով ծննդաբերության ժամանակ կանայք ցավերից տառապում են, անասելի ուժեր են ծախսում, իսկ այս դեպքում` քնում-արթնանում են ու երեխային բերում են: Իրականում, սակայն, ծննդաբերության պրոցեսի մասին այս պատկերացումները չափազանցված են:

Առաջին գրավոր վկայությունը ծննդաբերության կեսարյան հատման մասին կարելի է համարել 1500թ. շվեյցարացի Յակոբ Նյուֆերի դեպքը, որի ժամանակ եւ՛ երեխան, եւ՛ մայրը իրենց լավ էին զգում: Նա ապրուստի համար վաստակում էր անասնաբուժությամբ եւ տեսՈնելով կնոջ տառապանքները, որ չէր կարողանում ոչ մի կերպ ծննդաբերել, քաղաքային խորհրդից դժվարությամբ ստանում է կեսարյան հատում կատարելու համաձայնություն: Վիրահատությունն անցնում է հաջող, եւ կինը հետագայում էլի երեխաներ է ունենում, իսկ վիրահատական միջամտությամբ ծնված երեխան ապրում է 77 տարի:

Նախկինում մեծ թիվ էր կազմում կեսարյան հատումից մահացության թիվը, քանի որ չկային անհրաժեշտ պայմաններ, հիգիենա, վիրաբուժական թելեր եւ այլն: Վ. Շտելցի արգանդակարի հայտնագործությունից հետո ամեն ինչ ավելի հեշտացավ:

Մի հիպոթեզի համաձայն՝ վիրահատությունը անվանվել է Հուլիոս Կեսարի պատվին, որը լույս աշխարհ է եկել կեսարյան հատմամբ, մեկ այլ վարկածով էլ, իբրեւ Կեսարի կառավարման ժամանակ է ընդունվել օրենք, ըստ որի` մահացած հղիին չէր կարելի հուղարկավորել, մինչեւ չհանեին երեխային: Իսկ երրորդ տարբերակով էլ` պարզապես տերմինի հիմքում ընկած է լատիներեն caedare (կտրել, հատել) բառը:

Ընդհանրապես գոյություն ունեն կեսարյան հատման բացարձակ եւ հարաբերական ցուցումներ: Երբ բնական ճանապարհով ծննդաբերությունը հնարավոր չէ, դա արդեն վիրահատական միջամտության բացարձակ ցուցումն է: Այդպես լինում է` երրորդ աստիճանի նեղ կոնքի, կոնքամուտքում կամ փոքր կոնքի խոռոչում եղած գոյացությունների առկայության, ընկերքի կենտրոնական (լրիվ) առաջադրության, ուժեղ արյունահոսությամբ ուղեկցվող` ընկերքի վաղ անջատման, կոնքի ոսկրերի տձեւության, սրտանոթային համակարգի ծանր հիվանդությունների, ծանր տոքսիկոզների` նեֆրոպաթիա, էկլամսիա, միզասեռական, ուղիղ աղիի կամ հեշտոցի խուղակների դեպքում:

Իսկ կլինիկական վիճակներ կան, երբ բնական ծննդաբերության ճանապարհով երեխայի դուրս բերումը հնարավոր է, բայց մոր եւ պտղի համար ավելի վտանգավոր, քան կեսարյան հատումը: Սա արդեն հարաբերական ցուցման դեպքն է: Հարաբերական ցուցումներ են համարվում, երբ` առաջնածին կնոջ տարիքը (30 եւ ավելի)` տարբեր բացասական գործոնների հետ մեկտեղ, հետույքային առաջադրությունը` ծննդաբերական այլ բարդությունների հետ` ուժերի թուլություն, նեղ կոնք, խոշոր պտուղ, պտղաջրերի վաղ արտահոսք եւ այլն: Կեսարյան հատման հարաբերական ցուցում ունեն նաեւ այն հղիները, որ հիվանդ են շաքարային դիաբետով, իսկ պտուղը խոշոր է: Իհարկե, երբ բժիշկների ցուցում կա կատարելու կեսարյան հատում, արդեն խոսք չի կարող լինել նրա դրական կամ բացասական կողմերի մասին: Կեսարյան հատումից հետո հաջորդ հղիությունը պետք է պլանավորել 2 տարի հետո: Այդ ժամանակահատվածում օրգանիզմն ամբողջությամբ կհասցնի վերականգնվել:

Նրանց, ում սպասվում է պլանային կեսարյան հատում, պետք է իմանան, որ անհրաժեշտության դեպքում հակաբիոտիկների գործածումը կրծքով կերակրելու պատճառով հակացուցված չէ, իհարկե, բժշկի նշանակմամբ: Այս դեպքում երեխային շուտ կրծքին մոտեցնելն ավելի կարեւոր է, քան բնական ճանապարհով ծնված երեխային, քանի որ տեղի է ունենում արգանդի նորմալ կրճատում: Արգանդի վրայի կարերը խոչընդոտ չեն հանդիսանում հետագա հղիությունների համար, նույնիսկ` բնական ճանապարհով ծննդաբերելու դեպքում: Ամեն ինչ կորոշի բժիշկը` ելնելով սպիի վիճակից: Մեծանում է վարակների հանդեպ զգայունությունը, ու նաեւ պետք է հնարավորինս հանգիստ վիճակում լինել: Դրական կողմերից, թերեւս, պետք է նշել միայն այն, որ հեշտոցը չի ձգվում, ներքին ու արտաքին պատռվածքներ չեն առաջանում: Թութքի սրացման հետ կապված խնդիրներ չեն առաջանում:

Ինչպե՞ս խնամել կեսարյան հատմամբ ծնված երեխաներին

Շատերը համարում են, որ երեխայի համար տարբերություն չկա, թե ինչպես է նա լույս աշխարհ եկել` բնական ճանապարհո՞վ, թե՞ կեսարյան հատմամբ: Բայց դա այնքան էլ այդպես չէ: Հոգեբանները գտնում են, որ երեխայի ծնվելու պահն ու ձեւը մեծ ազդեցություն է ունենում մարդու կյանքի հետագա ընթացքի վրա, մասնավորապես՝ անհատի ձեւավորման այնպիսի հատկություններ, ինչպիսիք են` նպատակին հասնելու համառությունը, ցավադիմացկունությունը, իրավիճակին հարմարվելու բնավորությունը, սպասելու կարողությունը, սեփական ուժերին հավատալը եւ այլն: Հնում հավատում էին, որ երեխաները, որ խուսափել են ծննդաբերական ցավերից, մեծանում են անվախ, բնավորությամբ ավելի համառ են, նպատակասլաց եւ ուժեղ ոգու տեր:

Կեսարյան հատմամբ ծնված երեխաները հավելյալ ուշադրության կարիք են զգում: Իսկ նրանց մասին պետք է հոգ տանել դեռեւս չծնված` բժշկից պետք է ճշտել, թե անզգայացման որ ձեւն է ավելի ճիշտ: Կա՞ արդյոք այլընտրանքային տարբերակ, որը համեմատաբար քիչ կազդի երեխայի վրա` էպիդուրալ կամ մեջքային անզգայացում: Այս ձեւի առավելությունն այն է, որ մոր գիտակցությունն անընդհատ տեղն է լինում, եւ այս տիպի անզգայացումից հետո կինը շուտ է ուշքի գալիս: Երեխան էլ այս դեպքում քիչ քանակությամբ դեղ է ստանում: Բացի դա, այս ամենը հոգեբանական առումով օգտակար է թե՛ մորը, թե՛ երեխային: Նորից հոգեբանների կարծիքով, այն երեխաները, որ աշխարհ գալուց հետո չեն զգում մայրական ջերմություն, հիմնականում լարված հարաբերությունների մեջ են լինում ծնողների հետ: Հետագայում նրանք կարծես ուզում են իրենց ենթարկել «իրենց վատ դիմավորած աշխարհը»:

Այս ճանապարհով ծնված երեխաներին պետք է մի քիչ ավելի երկար բարուրել, նրանց հետ չի կարելի միանգամից երկար զբոսնել, երկար է տեւում հարմարեցնող լոգանքը: Փոքրիկներն իրենց համար մղձավանջային երազներ են տեսնում, այդ պատճառով շատ անհանգիստ են քնում: Նրանց ոչ մի դեպքում չի կարելի ստիպելով առանձին անկողնում քնեցնել: Այս երեխաներն ավելի շատ են մայրիկի հետ քնելու կարիք զգում: Հաճախ այս երեխաները անհրաժեշտ քաշի դժվար են հասնում, այդ պատճառով պետք է աշխատել հնարավորինս երկար կերակրել կրծքի կաթով: Ապացուցված է, որ նրանց իմունային համակարգի ամրացման համար կարեւոր նշանակություն ունի ֆիզիկական մարզանքը: Շատ հոգեբանական դժվարություններ կարելի է հաղթահարել: Երեխայի մոտ պետք է զարգացնել այն հատկանիշները, որոնք բացակայում են: Օրինակ` նրանք դժվար են հարմարվում ամեն ինչի նորին ու նոր մարդկանց: Այդ պատճառով կարելի է նրանց շուրջն անընդհատ փոփոխություններ կատարել` տարբեր սնունդ, տարբեր խաղահրապարակներ տանել, փոփոխել մանկական սենյակի կահույքը:

Ուշադրություն դարձրեք, որ նրանք շատ զբաղվեն կոնստրուկտորային խաղերով: Այս երեխաներին շատ են օգնում դերերով խաղերը, քանի որ ինչ-որ դերերում փորձում են ինքնահաստատվել ու դրություններից ելքեր փնտրել: Եթե խաղի մեջ երեխան սովորի հստակ որոշումներ կայացնել, որեմն կյանքում էլ կհավատա իր ուժերին: Հաճախ գովեք երեխային, թե որքան խելացի է, բայց երբեք թույլ մի տվեք, որ երեխան սկսի դա շահարկել, այլապես ղեկավարելով ծնողին` երեխան կորցնում է իր հենարանը: Նա, ի դեմս ծնողի, պետք է տեսնի ամուր հենարան:

Որպես ամփոփում՝ պետք է հիշել, որ անհրաժեշտության դեպքում կեսարյան հատումը փրկություն է երեխայի ու մոր համար: Բայց ցուցումներ չլինելու դեպքում, միշտ հիշեք, որ գերադասելի է բնական ճանապարհով ծննդաբերությունը: Մի ստիպեք, որ ձեր փոքրիկը թանկ վճարի ձեր րոպեական թուլության համար: