Վլադիսլավ Օտրոշենկո «Հանդիպում Տամբովում»

30/04/2009 Վարդան ՖԵՐԵՇԵԹՅԱՆ, թարգմանություն

Լեզվի էությունը, հայտնում է Հայդեգերը, «մտածում է, կառուցում եւ սիրում»: Եվ, անշուշտ, խոսում է: «Լեզուն խոսում է,- գրում էր փիլիսոփան: -Եվ դա միաժամանակ նշանակում է` լեզուն խոսում է»:

Եվ դա միայն լեզուն էլ ունակ է անելու: Որովհետեւ «լեզուն իր էությամբ մարդու գործունեությունն ու արտահայտությունը չէ: Լեզուն խոսում է»:

Իսկ ինչ վերաբերում է մարդուն, ապա նա «խոսում է միայն այն ժամանակ, երբ համապատասխանում է լեզվին»: Սակայն նույնիսկ այն ժամանակ, երբ մարդ խոսում է, ոչինչ չի փոխվում: Քանի որ «միայն լեզուն է այն, ինչն ըստ էության խոսում է: Եվ նա խոսում է միայնակ»,- պնդում էր Հայդեգերը:

Ինչո՞ւ միայնակ: Մի՞թե այն միասնական է, այդ տարբեր լեզուներով խոսող լեզվի էությունը: Այն միասնական է: Եվ միաժամանակ՝ բազմակի: Ինչպես որ միասնական եւ բազմակի են հնդկական աստվածությունները` ինչպես միասնական եւ բազմակի է Շրի Քրիշնան, հենց ինքը՝ Աթմանը, ով իրեն ցուցանեց ամբողջությամբ ռազմիկ Արջունային մարտից առաջ` Կուրու Դաշտում:

Լեզվի միասնական էությունը դրսեւորված է լեզվի տարակերպ էություններում: Դրանցից մեկը` Պլատոնովի լեզվի էությունն է:

Պլատոնովի ողջ հանելուկը այդ էության մեջ է, որին Պլատոնովն ընդամենը համապատասխանում էր: Բայց այդ «ընդամենը» նրա գաղտնի սխրագործությունն էր, որը նա իրագործում էր ոչ թե զառանցանքի, անգիտակից պոռթկման մեջ, ոչ թե ինչ-որ կույր խեւության վիճակում, այլ պարզ գիտակցության մեջ: Նա առույգ եւ աչալուրջ պահապան էր, որ պաշտպանում էր Պլատոնովի անըմբռնելի լեզվի էության կյանքը, որը ծնվել եւ բնակվում էր նրանում:

Պատահական չէ եւ միայն իր տեքստը անխաթար պահպանելու ցանկությունից չէ նա շեշտել մի անգամ (Տամբովից 1927 թվականին կնոջը հղած նամակում) այս չորս բառը.

«Թանկագին Մարուսյա:

Ուղարկում եմ «Եպիֆանի ջրարգելակները»: Այն ստուգված է: Անհապաղ հանձնիր ում հարկն է: Մոլոտովի եւ Ռուբանովսկու ուշադրությունը հրավիրիր իմ լեզվի ճշգրիտ պահպանման վրա: Թող չխառնենգ»:

Թող չխառնենգ ի՞նչ է դա նշանակում: Թող չխառնեն, չխառնշտորեն, ինչ-որ լեզվի այլ էության ոգի չհավելե՞ն: Թե դա նշանակում է` թող սխալի, քմայքի, թյուրիմացության հետ չշփոթեն այն, որ ծնվել է լիովին գիտակցված եւ անսխալ արձանագրվել է:

Պլատոնովը ոմն երջանիկ, երանելիորեն միամիտ վարպետ չէր, որ չգիտեր, թե ինչ է անում: Նա գիտեր: Եվ պնդում էր իր լեզվի ճշգրիտ պահպանման անհրաժեշտությունը հենց այն պատճառով, որ պարզ հասկանում էր` լեզուն այսպես դեռ երբեք չի խոսել: Ինչպե՞ս: Այս հարցին պատասխանելը կնշանակեր վեր խոյանալ ոչ միայն առանձին վերցրած Պլատոնովի լեզվի էությունից, այլ նաեւ լեզվի էությունից՝ որպես այդպիսին:

Եթե մենք ընդունենք, որ աշխարհի եւ նրանում ապրող արարածների կենաց նկարագրության մեջ Պլատոնովի լեզուն հասնում է իր վերջին հնարավորություններին, ուր տեղի է ունենում լեզվի հաշմությունը եւ ոչնչացումը եւ միաժամանակ անարտահայտելիի արտահայտումը, ապա ինչպիսի՞ լեզվով մենք պետք է նկարագրենք հենց այդ լեզուն: Այնպիսի, որն ընկած է լեզվի սահմաններից անդին: Այսինքն` ոչ մի: Սահմաններից այն կողմ դուրս գալ ոչ ոք չի կարող: «Լեզուն մեզանից առավել հուժկու եւ այդու առավել ծանրակշիռ է»,- ասում է Հայդեգերը:

Խորհրդածել Պլատոնովի լեզվի (եւ ուրեմն հենց Պլատոնովի) մասին կարելի է միայն սեփական, խորապես սուբյեկտիվ տպավորության շրջանակներում, որքան էլ սահմանափակ եւ անբացատրելի լինի այն: Դա միակ ճիշտ ճանապարհն է: Պլատոնովի լեզվի մասին գիտա-համակարգված, օբյեկտիվ-բանասիրական դատողության ամենայն փորձ բացարձակապես անիմաստ է: Քանի որ Պլատոնովի լեզուն, որը տենչում է դուրս գալ լեզվի սահմաններից, մտավոր եւ նույնիսկ զգայական գործունեություն չի ենթադրում: Այն ենթադրում է աշխարհի էակների, իրերի եւ երեւույթների ուշակորույս, մունջ տեսունակությունը:

«Անձնական կյանքի երեսնամյակի օրը Վոշչեւին վերջնահաշվարկ տվին փոքրիկ մեխանիկական գործարանից, ուր նա իր գոյության համար միջոցներ էր հայթայթում:

Սա «Գուբը» վիպակի առաջին նախադասությունն է:

Այստեղ ինչ-որ բան հուզում է գիտակցությունը. ինչ-որ սողոսկած խախտում ընդարձակում է այն, ինչպես սառցե ճիմը ծավալում է նրան դեմ առած սահնակի ընթացքը: Գիտակցել, թե ինչն է այդ ինչ-որ բանը, դեռեւս հնարավոր է` դեռեւս չի արված հաջորդ քայլը դեպի տեքստի խորքը: Այն` «անձնական կյանքի երեսնամյակը» արտահայտության մեջ է, այնտեղ, ուր այդ բառակապակցությունն ունի ծայրահեղ հորդանք, որը եւ լեզուն հասցնում է իր սեփական սահմաններին, այնտեղ, ուր շողում է իմաստների այլ, արտալեզվական ընկալումը, եւ այն, ի վերջո, այն է, որ այդ բառակապակցությունը իրականում ոչ մի խախտում չի կրում` ընդհակառակը, ոչ թե պարզապես ճիշտ է, այլ գերճիշտ, այն աստիճանի ճիշտ, որի կարիքը երկրային արարածները չունեն. նրանց համար բավական կլիներ ասել՝ «Երեսնամյակի օրը Վոշչեւին վերջնահաշվարկ տվին»: Բայց «անձնական կյանքի երեսնամյակի օրըգ» առավել հասկանալի է, առավել հասկանալի է ինչ-որ այլ արարածների համար, ովքեր ասես ոչինչ չգիտեն մարմնավորված աշխարհի եւ նրա բնակիչների մասին, բայց փոխարենը շատ լավ գիտեն, որ կյանքը մարմնավորումից, դիմակից, անձից դուրս է` անանձնական կյանքը երեսնամյակներով չի չափվում: Քանի որ կյանքն ամբողջապես` անձնականից առաջ եւ հետո` ժամանակին ենթակա չէ: «Քանզի չի եղել ժամանակ, երբ ես գոյություն չեմ ունեցել, ինչպես նաեւ դու, եւ այս ժողովուրդների տիրակալները, եւ ապագայում մենք բոլորս չենք դադարի գոյություն ունենալ»,- ասում է «Բհագավաթգիտան» այդպիսի էակներից մեկի ձայնով:

«Ազատման փաստաթղթում նրան գրել էին, թե նա հեռացվում է արտադրությունից նրանում սակավազորության աճի եւ աշխատանքի համընդհանուր տեմպի մեջ մտազբաղության հետեւանքով»:

«Գուբի» այս երկրորդ նախադասության մեջ արդեն անկարելի է մատնացույց անել, թե որտեղ է կենտրոնացած այն անըմբռնելի ինչ-որ բանը, ինչն արմատապես շրջում է գիտակցությունը երկրային կեցության հիմքից, հաղորդելով նրան հենց երկրային կեցության մասին: Ինչ-որ բանն այստեղ արդեն ամեն ինչում է եւ ամենուր,- հենց Պլատոնովի լեզվի էության մեջ, որն ուղղված է ամենեւին էլ ոչ մարդկային գիտակցությանը եւ բացատրվում է ամենեւին էլ ոչ մարդկային արարածների հետ, այլ իրեն հավասար կամ իրենից բարձր էակի հետ: Նրան, այդ բարձրագույն էակին ցուցանված է կյանքը ընտրյալ թանձրուկում նյութի, որը կոչվում է երկրային աշխարհ: Եվ հենց նրա գիտակցության հատկությունը, աստվածայնորեն անտարբեր, հեռավոր եւ ամենայն ինչ ընդունող, ամեն քայլափոխին հաշվի է առնում Պլատոնովի լեզվի էությունը, եւ հատկապես այնտեղ, ուր հայտնվում է մահը, որն այդ գիտակցության համար նշանակալից իրադարձություն չէ։

«Պահատնակում պառկած էր մեռած օգնականը: Նա գլխով ընկել էր ցցաձողի վրա, եւ մետաղը մտել էր ճեղքված գանգի մեջ` այդպես նա ընկել ու մեռել էր, արյունը ցայտելով հատակի մազութի վրա»,- «Նվիրական մարդում» հաղորդում է անտեսանելի էակին Պլատոնովի լեզվի էությունը: -Օգնականը ծնկի եկած կեցած էր, կապույտ անօգ ձեռքերը ցաքուցրիվ եւ գլուխը ցցաձողին կպած: «Եվ ինչպե՞ս նա, հիմարը, ցցաձողին է դեմ առել: Եվ հենց գագաթը, հենց իսկ մայրական ակունքին է դիպչել»,- հայտնաբերեց իրադարձությունը Պուխովը»:

Որտեղի՞ց է Պլատոնովի լեզվի էության մեջ այդ վստահ անտրտմությունը մահվանը վերաբերող բառերում: Հենց նույն տեղից, որտեղից է այն պայծառատեսների, երանյալների խոսքերում, Արեւելքի եւ Արեւմուտքի Սուրբ Գրերում:

«Արարածներն ի սկզբանե դրսեւորված չեն, դրսեւորված չեն եւ ճամփամիջին, դրսեւորված չեն եւ վերջում, ինչ տրտմալի է, Բհարաթա»,- ասում է Քրիշնան վհատված, մարդկային սարսափից զենքը կառքի հատակին նետած Արջունային, այն սարսափելի մտքից, որ հիմա ահա պետք է եղբայրասպան մարտում տապալի Կուրու Դաշտում իր մտերիմներին եւ հարազատներին:

Պետք է որ շատ կարեւոր պատճառ լիներ, որպեսզի լեզուն այդպես խոսեր, ինչպես այն խոսեց Պլատոնովի մեջ` հաշվի չառնելով դրսեւորված արարածների խոցելի գիտությունը:

Այդ պատճառը մենք կարող ենք փնտրել միայն հայտնի Պլատոնովի մեջ, այսինքն նրա` անձնական, անհատի մեջ պարփակված կյանքում, որը տեւել է 1899-ից մինչեւ 1951 թվականը: Բայց պատճառն անհասանելի է մնում: Որովհետեւ այն գտնվում է այլ Պլատոնովի մեջ: Այն անզննելի էակում, ում կյանքն ընթանում է առ անվերջություն այդ թվականների երկու կողմից:

Հավանաբար, հենց այդ այլ Պլատոնովին, Պլատոնով էակին, Պլատոնով-մարդը հանդիպեց մի անգամ 1927 թվականին Տամբովում:

Ամենայն միստիցիզմից զերծ, նա նկարագրել է այդ հանդիպումը կնոջը հղած նամակում՝ մանրամասն ու շվարած, պնդելով իր ծանուցման բացառիկությունը: Ահա այն.

«Երկու օր առաջ ես մեծ սարսափ ապրեցի: Գիշերն արթնանալով (ես անհարմար չորուկ մահճակալ ունեմ)` գիշերը թույլ շողում էր ուշ լուսնով,- ես տեսա վառարանի կողքի սեղանի մոտ, ուր սովորաբար ես նստում եմ, ինքս ինձ: Դա սարսափ չէ, Մաշա, այլ շատ ավելի լուրջ բան: Տեղաշորում պառկած, ես տեսա, թե ինչպես սեղանի մոտ նստած էր նույն ինքը՝ ես, եւ, կիսաժպտալով, արագ գրում էր: Ընդ որում, այն եսը, որ գրում էր, ոչ մի անգամ գլուխը չբարձրացրեց, եւ ես նրանում չտեսա իմ աչքերը: Երբ ես ուզում էի վեր թռչել կամ ճչալ, ապա ոչինչ ինձ չենթարկվեց: Ես աչքերս տարա դեպի պատուհանը, բայց այնտեղ տեսա սովորական աղոտ գիշերային երկինքը: Նայելով նախկին տեղին, ինքս ինձ ես այնտեղ չնկատեցի:

Մինչեւ հիմա ես չեմ կարողանում ազատվել այդ տեսիլքից, եւ սահմռկեցուցիչ կանխազգացումը չի լքում ինձ: Շատ արտասովոր բաներ կան երկրի երեսին: Բայց սա` ամենայն հրաշքից վեր է»:

Այս բառերը մեկնաբանելու կարիք եւ հնարավորություն չկա:

Հարկ է սոսկ մի հանգամանքի վրա ուշք դարձնել:

Սկզբում մենք արդեն խոսեցինք Պլատոնովի լեզվի էությանը Պլատոնովի համապատասխանության մասին: Այժմ հարցնենք` ի՞նչ էր անում Տամբովում վառարանի կողքի սեղանի մոտ խորհրդավոր էակը, որը ոչ միայն կերպարանքով, այլ նաեւ ոգով (քանզի Պլատոնովը նրանում պարզ տեսնում էր իր եսը) համապատասխանում էր Պլատոնովին: Նա մտածո՞ւմ էր, կառուցո՞ւմ էր, սիրո՞ւմ էր:

Այն կիսաժպտում էր եւ արագ գրում՝ իր աչքերը ցույց չտալով: Եվ դա այն ամենն է, ինչ մենք գիտենք նրա մասին:

Գրողը եւ տարածությունը

Մարդուն բնորոշ է տարածությունը մասերի բաժանելը: Այդ մասին են վկայում աշխարհի բոլոր դիցաբանությունները, եւ հատկապես սկանդինավյանը, որը մեծ ազդեցություն է ունեցել ռուսների գիտակցության վրա մինչմոնղոլական շրջանում: Միդգարդ, Ուտգարդ, Վանահեյմ, Ասգարդ, Հել` սրանք սոսկ դիցաբանական հետագծեր չեն, որ տեղակայված են աշխարհի տարբեր ծագերում, այլ նաեւ սկզբունքորեն տարբեր տարածություններ են, որոնք այնպիսի կառուցվածք ունեն, որ մեկից մյուսն անցումը կամ վտանգավոր է, կամ անհնար, կամ հնարավոր է միայն զանազան կերպարանափոխությունների եւ մահվան ճանապարհով:

Մինչ սահմանելը, թե դարեդար ռուսների գիտակցության մեջ տարածության հատկապես ինչ զգացողություն էր բնավորվել, ես ուզում եմ մի փոքրիկ պատմություն անել: Դրա հերոսը մի ճապոնացի սլավոնագետ էր, Տոկիոյի համալսարանի պրոֆեսոր, ով 90-ական թվականների կեսերին իմ հյուրն էր: Մենք խոսում էինք ճապոնական արվեստից: Ես պրոֆեսորին հավաստիացրի (եւ ոչ միայն սիրալիրությունից դրդված), որ Բասյոյի պոեզիան, Ուտամարոյի նկարչությունը, Ակուտագավայի եւ Կավաբատայի արձակը միշտ մեծ ազդեցություն են գործել ինձ վրա: Ինչ-որ մի պահ մեր զրույցում շոշափվեց Կուրիլյան արխիպելագի վիճելի տարածքների խնդիրը: Մինչեւ 1875 թվականը արշիպելագին տիրում էր Ռուսաստանը, հետո` Ճապոնիան՝ Հարավային Սախալինի փոխարեն, Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո` կրկին Ռուսաստանը՝ Սան-ֆրանցիսկյան համաձայնագրի համաձայն: Երկար եւ խճճված պատմություն է:

Ճապոնացի պրոֆեսորն ինձ հարցրեց, թե անձամբ ես ինչպես եմ վերաբերվում այն բանին, որպեսզի Ռուսաստանը Ճապոնիային վերադարձնի արխիպելագի չորս կղզիները, որոնք ռուս-ճապոնական քաղաքականության կռվախնձորն են դարձել:

Ես այդ հարցին անձնական տեսանկյունից նայելու ոչ մի հիմք չունեի: Ես ճապոնացի պրոֆեսորին պատասխանեցի, որ տարածության մասին իմ մտքերում Կուրիլյան կղզիները երբեք միտս չեն եկել: Ես նաեւ ասացի նրան, որ տարածությունը որպես զուտ քաղաքական երեւույթ՝ ինձ քիչ է հետաքրքրում: Ռուս կամ ճապոնացի քաղաքագետների դատողությունները տարածության մասին ինձ համար նույն արժեքը չունեն, ինչ Կանտի կամ Բերգսոնի դատողությունները:

Դե, իսկ եթե խոսենք իմ անձնական վերաբերմունքի մասին, ապա ինձ հետաքրքրում է տարբեր տարածքների եւ տարածությունների ազդեցության խնդիրը ստեղծագործական պրոցեսների վրա: Եվ ես նույնպես ճապոնացի պրոֆեսորին մի հարց տվի. «Եթե պատմականորեն այնպես դասավորվեր, որ Արեւելյան Սիբիրին տիրեր ոչ թե Ռուսաստանը, այլ Ճապոնիան, ապա ի՞նչ տեղի կունենար ճապոնացիների գիտակցության մեջ: Արդյո՞ք կկարողանային նրանք հորինել լակոնիկ եռատողեր` հոքքուներ, ստեղծել փոքրիկ արձանիկներ` նեցկեներ, հմայվել ծաղկած բալենիներով` սակուրաներով: Արդյո՞ք կշարունակեին նրանք ապրել այն, ինչը Ճապոնիայում կոչվում է մոնո նո ավարե` կեցության տրտմաթաքուր հմայքը:

Ճապոնացի պրոֆեսորը պատասխանեց` «Այդչափ վիթխարի տարածության մասին մտածելն անգամ ծանր է: Այն կսպաներ ճապոնական հոգին»:

Պետական տարածության երեւույթը Ռուսաստանում

Ինչո՞ւ են ռուսներն այդպիսի թեթեւությամբ վերաբերվում այդ անընդգրկելի տարածքներին, որ ունակ են սպանելու հոգին:

Կարծում եմ, որ այդ հարցի պատասխանը գոյություն ունի:

Այն տարածությունը, որ գրավում էր կայսերական Ռուսաստանը, իսկ այնուհետեւ՝ ԽՍՀՄ-ը, առաջին անգամ լիաչափ խիստ կազմակերպված պետական համակարգի էին բերել մոնղոլները:

Դրանում համոզվելու համար բավական է երեք կայսրությունների աշխարհագրական քարտեզները համեմատելը` Չինգիզխանի հիմնած Մոնղոլականը, Պետրոս առաջինի հիմնած Ռուսականը, եւ Ուլյանովի հիմնած Խորհրդայինը: Այդ քարտեզներով ուրվագծված պետության պատկերը համարյա համընկնում է:

Իհարկե, Մոնղոլական կայսրությունը չափերով որոշակիորեն գերազանցում էր Ռուսականին ու Խորհրդայինին: Բայց հենց նա ուրվագծեց, որպես համընդհանուր բռնակալությամբ եւ կոպիտ վարչարարությամբ կազմավորված միասնական պետություն, աշխարհի այն վիթխարի երկրամասը, որը հետո պիտի գրավեին Ռուսաստանն ու ԽՍՀՄ-ը: Այդ երկրամասը որոշ ռուս պատմաբաններ (Գեորգի Բերնադսկին, Էրենջեն Խաարա Դավանը) կոչում են մոնղոլաոլորտ կամ մոնղոլական օյկումենա: Այստեղ կարելի էր հիշատակել եւ իշխան Տրուբեցկոյին, ով ենթադրում էր, որ Ռուսաստանն իր կայսրությունը ժառանգել էր Չինգիզխանից, կարելի է հիշել նաեւ Կարամզինին` «Մոսկվան իր զորությամբ պարտական է խաներին»: Բայց խոսքն այստեղ ոչ թե զորության, այլ տարածության մասին է, որպես այդպիսին:

Գլխավոր զգացողություններից մեկը, որը ռուս գիտակցությունը ժառանգել է մոնղոլներից եւ նրանց քոչվորական փիլիսոփայությունից` վիթխարի տարածությունների անվրդով ընկալումն է:

Հենց Մոնղոլական կայսրության թաթարներն առանձնանում էին այն բանով, որ առանց որեւէ հոգեկան վրդովմունքի նայում էին աշխարհի տարածությանը: Ավելին, նրանք մտադիր էին ստեղծել ինչ-որ համապարփակ կայսրություն Երկրի ողջ մակերեսով մեկ: Ոչ ավել, ոչ պակաս: Արդեն Չինգիզխանից սկսած՝ Մոնղոլիայի գերագույն տիրակալները հրովարտակներում իրենց կոչում էին «Աշխարհի Կայսրեր»: Եվ դա միանգամայն գիտակցված տիտղոս էր: Ճշգրիտ իմաստով նկատի են առնվում ողջ աշխարհն ու մարդկությունը:

Տարածությունը նրանց անհաղթահարելի, ճնշող, ամենակուլ, ճակատագրական չէր թվում: Նրանք հանգիստ կապում էին այն նժույգա-փոստային կառամատույցներով`յամաներով (այստեղից էլ ռուսերեն կառապան բառը) եւ ազատ տեղափոխվում էին երկրի մակերեւույթով մեկ: Նրանց ուղիները նրանք չափում էին ուրտոններով` դա երկարության մոնղոլական չափ է, երկու յամա-կայատեղերի միջեւ ընկած տարածքն է, որը հավասարվում է երեսուն կիլոմետրի: Ընդ որում, գետերը, լեռները, անապատները չէին ընկալվում որպես լուրջ խոչընդոտներ: 300 ուրտոնը, որ բաժանում էին Դեղին ծովի եզրը Ադրիատիկ ծովի ափից, նրանք մեծ հեռավորություն չէին համարում: Ոչ մի տարածություն նրանց ահուդողի մեջ չէր գցում։

Ահա արտահայտություններ, որոնցով մոնղոլ կայսր Մունկեն սպառնում է ֆրանսիացի արքա Լյուդովիկոս 9-րդ ին իր նամակում, որ ուղարկել էր Ասիայի խորքերից, Մոնղոլական կայսրության մայրաքաղաք Կարակորումայից.

«Ամենակալ Աստծո անունից հրամայում եմ քեզ, արքա Լյուդովիկոսիդ, հլու լինել ինձգ Բայց եթե համարձակվես ժխտել աստվածային կարգադրությունը եւ կասես, թե քո երկիրը հեռավոր է, լեռներն անառիկ են, ծովերը խորունկ, եւ մեզանից չես վախենում, ապա Ամենակալը, հեշտացնելով դժվարինը եւ հեռավորը մոտ բերելով, քեզ ցույց կտա, թե մենք ինչ կարող ենք անել»:

Այստեղ ինքնաբերաբար գալիս է վերջը` «թե մենք ինչ կանենք տարածության հետ»:

Հեռավոր Փարիզը ուժով եւ մոնղոլական հեծելազորի ճարպկությամբ Կարակորումին մոտեցնելը, եւ այնուհետեւ այդ քաղաքների միջեւ եղած տարածությունը յամա-կառամատույցների ամրակուռ ցանցով կապելը, որոնցով, անվերջության միտվելով, հաղորդվում են մոնղոլական վարչարարական իշխանության խթանները: Այդ խնդիրը խաներին դժվար կամ ֆանտաստիկ չէր թվում: Չինգիզխանի եւ նրա ժառանգորդների՝ Չինգիզիդների գիտակցության մեջ ոչ միայն գոյություն ուներ Մեծ Մոնղոլական Կայսրության գաղափարը, այլ համասեռ աշխարհի գաղափարը, որը ջնջում էր էական տարբերությունները Կարակորումի, Փարիզի, Հռոմի, Մոսկվայի, Բուխարայի, Վիեննայի միջեւ:

Չեմ պնդում, որ ամեն մի ռուս գրողի մտատանջել է այն հարցը, թե որ տարածության մեջ նրան լավ կլիներ ծնվել եւ ապրել` վիթխարի կայսրությունում, որ միտված է երկնային միատարրությանն ու միահեծանությանը, թե կորսված փոքրիկ թագավորությունում, ինչպես, ասենք, Բութան արքայությունը Հիմալայներում, ուր հեզահոգի թագավորի հրամանագրով արգելված են քաղաքական կուսակցությունները, հեռուստատեսությունը եւ քիմիական պարարտացումները (համարյա իդեալական պայմաններ հոգու եւ մարմնի համար):

Բայց կասկածից վեր է, որ Ռուսաստանում գրողի գիտակցությունը դարերի ընթացքում պետական տարածության հետ կապված երեք պահ է ապրում` 1. երկրի չափերի մշտական փոփոխությունը, 2. պետության գրաված տարածության անհաղթահարելիությունը, 3. պետական սահմանների ուրվագծերի անորոշությունը:

Ընդամենը հարյուր տարի առաջ Բրոքհաուզի եւ Էֆրոնի` երկրում ամենահեղինակավոր հանրագիտարանական բառարանը Ռուսաստանի տարածությունները նկարագրում էր այսպիսի արտահայտություններով.

«Ռուսաստանի ամենաարեւելյան կետը Դեժնեւ հրվանդանն է Բերինգի նեղուցում` այդ հրվանդանի աշխարհագրական կոորդինատները որոշելը մինչեւ այժմ հիմնավորապես որոշարկված չէ, իսկ ձեռքի տակ եղածները այս կամ այն չափով միմյանց չեն համապատասխանում»:

Ահա մի այլ մեջբերում.

«Ռուսական Կայսրության հյուսիսային սահմանը մինչեւ օրս չի կարող ճշգրտորեն որոշվել, քանի որ ողջ երկայնքով մեկ շատ ափեր քարտեզների վրա սոսկ մոտավոր են ուրվագծված»:

Խոսքը մի քանի հազար կիլոմետր ձգվող սահմանի մասին է: Պետք է նկատել, որ հանրագիտարանային հոդվածում ոչ մի քննադատական տարր չկա պետության պարամետրերի համատարած անորոշության առթիվ: Ընդհակառակը, այստեղ նկատելի է հպարտությունը, կամ, գուցե թե, զվարթ հուսաբեկությունը, որը կարծես մեզ ասում է` երկրի տարածությունն այնքան լայնարձակ է, որ նրա ճշգրիտ սահմաններն ու ծայրերը որոշելը` ունայն եւ համարյա անօգուտ զբաղմունք է:

Բրոքհաուզի բառարանը սկսեց լույս տեսնել այն դարաշրջանում, երբ Ռուսաստանի սահմանները դեռեւս ընդարձակվելով շարունակում էին փոխվել` մինչեւ Մոնղոլական կայսրության վաղեմի սահմանները:

Եթե այստեղ գործածենք ժամանակակից տիեզերաբանության եզրերը, ապա այդ դարաշրջանը սկսվեց Մեծ Պայթյունից, որը տեղի ունեցավ սինգուլյար կետում, եւ որը կոչվում էր Մոսկովյան իշխանություն: Պայթյունը տեղի ունեցավ 16-րդ դարում` հենց շատ շուտով այն բանից հետո, երբ վերջնականապես քայքայվեց Մոնղոլական Կայսրության արեւմտյան մասը՝ Ոսկե Հորդան, որի կազմում էր Մոսկովյան Ռուսաստանը: Ընդարձակումը վերականգնում էր հենց մոնղոլաոլորտի սահմանները: Այն սկզբում գրավեց Կազանի խանությունը, այնուհետեւ՝ Աստրախանի խանությունը, իսկ հետո բացահայտվեցին Մեծ Պայթյունի ամենահատկանշական հետեւանքները: Առանց արքայի գիտության կազակների փոքրիկ զորախումբն իրեն է ենթարկում Սիբիրը եւ Իվան Ահեղին իրավունք է վերապահում իշխել Ուրալից արեւելք գտնվող վիթխարի տարածքներին:

Հաջորդ երեք դարերում ընդարձակումն անընդհատ շարունակվեց` աշխարհի բոլոր ծագերում: Դա համեմատելի է Պլանկի դարաշրջանի հետ, որի մասին խոսում են ֆիզիկոսները, նկատի ունենալով Տիեզերքի գոյության առաջին ակնթարթները, երբ այն ֆանտաստիկ արագությամբ ընդարձակվում էր: Այն ժամանակ, երբ Պետրոս Առաջինը 1721 թվականին ընդունեց կայսերական տիտղոսը, կայսրությունն արդեն անհավատալի չափերի էր հասել` մոտ տասը միլիոն քառակուսի կիլոմետրի: Սակայն կամքն առ տարածություն ռուսների գիտակցության մեջ չէր սպառվում: Նիկոլայ 1-ի արքայության օրոք կայսրության մակերեսն արդեն կազմում էր ավելի քան քսան քառակուսի մետր եւ տարածվում էր երեք մայրցամաքների վրա` Եվրոպայի, Ասիայի եւ Հյուսիսային Ամերիկայի:

Ռուս գրողը եւ տարածությունը

Առաջիններից մեկը ռուս գրողներից, ով իր կաշվի վրա է զգացել այդ կայսերական տարածության էքզիստենցիալ ընդարձակման ողջ սարսափը, Պուշկինն էր: Հենց նա է մի անգամ զգացել պետական սահմանների խաղացկունությունն ու անորսալիությունը:

Դա պատահեց 1829 թվականին, Կովկաս իր ուղեւորության ժամանակ, որտեղ ռուսական բանակը գեներալ Պասկեւիչի ղեկավարությամբ ռազմական գործողություններ էր վարում Թուրքիայի դեմ: Պուշկինը ճանապարհորդային գրառումներ էր անում, որոնք հետագայում տպագրեց «Ճամփորդություն Էրզրում 1829 թվականի արշավի ժամանակ»: Նա գուցե թե 19-րդ դարի միակ ռուս գրողն էր, ով երբեք չէր հատել Ռուսաստանի սահմանը, թագավորը նրան դուրս գալու թույլտվություն չէր տալիս: Եվ ահա այդ ուղեւորության ժամանակ նրան հնարավորություն ընձեռվեց ոչ միայն տեսնել կայսրության եզերքը, այլ նաեւ անցնել այն: Դա նրա համար նույնքան անպատկերացնելի հրաշագործություն էր, որքան ներթափանցումը հորիզոնի գծից անդին:

Ընթանալով Հայաստանով մի կազակի ուղեկցությամբ, նա հասավ սահմանամերձ Արփաչայ գետին: Այդ գետը տեսնելուն պես Պուշկինին անասելի մի երջանկություն համակեց: Նա կարող էր հենց այդ պահին կայսրության սահմաններից դուրս հայտնվել, այլ տարածության մեջ, քանի որ գետակը սակավաջուր էր եւ այն հատելը դժվարություն չէր ներկայացնում: Պուշկինը գրում է.

«Ես սլացա դեպի գետը անբացատրելի մի զգացողությամբ: Դեռ երբեք ես չէի տեսել օտար հող: Սահմանն ինձ համար ինչ-որ խորհրդավոր բան ուներ, մանկական տարիներից ուղեւորություններն իմ սիրելի երազանքն էր: Հետագայում ես երկար քոչվորական կյանք եմ վարել, թափառելով մեկ հարավում, մեկ հյուսիսում, եւ դեռեւս երբեք չէի դուրս պրծել Ռուսաստանի անծայրածիր սահմաններից»:

Փորձը հաջողվեց` նա կտրեց սահմանը` «Ես ուրախ մտա բաղձալի գետը, եւ բարի նժույգս հանեց ինձ թուրքական ափ»,- բերկրալի պատմում է Պուշկինը:

Սակայն հաջորդ պահին նա հուսահատության մեջ էր: Անցումը գետով զուր էր: Կայսրության սահմանը հենց նոր փոխել էին գործող բանակի նորագույն ձեռքբերումները, ինչի մասին Պուշկինին, հավանաբար, հայտնել էր ուղեկցորդը: «Այդ ափը,- գրում է բանաստեղծը,- արդեն գրավված էր, ես դեռեւս գտնվում էի Ռուսաստանում»:

Կախարդանքը տեղի չունեցավ: Կայսերական տարածության սահմանը հեռացավ, ինչպես օպտիկական ազդեցություններին ենթակա հորիզոնի գիծը:

Երբ մենք խոսում ենք տարածության հանդեպ ռուս գրողների վերաբերմունքի մասին, մենք պետք է հաշվի առնենք, որ այդ վերաբերմունքը միշտ համակված է եղել կտրուկ հակասությամբ: Մի կողմից, Ռուսաստանում գրողական գիտակցությունը երեւակայության, մտքերի, զգացմունքների եւ հիշողության մեջ վիթխարի տարածություններ պահելու սուր եւ միանգամայն մոնղոլական կարիք է զգացել: Մյուս կողմից, նույն սրությամբ կայսրության վիթխարի տարածության դեմ միանգամայն ոչ մոնղոլական վախ է ապրել:

Առավել հատկանշական է այդ հակասությունն արտահայտված Գոգոլի եւ Տյուտչեւի աշխարհընկալման մեջ:

Գոգոլի «Ռեւիզոր» պիեսում, կայսրության կենտրոնում ինչ-որ գավառական քաղաք ղեկավարող քաղաքագլուխը արտաբերում է մի նշանակալից նախադասություն, որն արտացոլում է Ռուսաստանի տարածության մասին հենց Գոգոլի պատկերացումը.

«Դե, էստեղից, թեկուզ երեք տարի սլացիր, ոչ մի պետության չես հասնի»:

Ես կուզենայի այդ նախադասությունը համեմատել այն բանի հետ, որ մահվանից առաջ արտաբերեց Մոնղոլական կայսրության հիմնադիր Չինգիզխանը՝ կտակով դիմելով իր որդիներին.

«Ես գրավել եւ ամրապնդել եմ ձեզ համար տարածական այնպիսի ընդգրկում ունեցող մի թագավորություն, որ նրա կենտրոնից ուզածդ կողմ գնալը մի տարվա ճամփա է»:

Գոգոլը Չինգիզխանի այդ խոսքերը չգիտեր: Կտակի տեքստն այն ժամանակ Ռուսաստանում հայտնի չէր: Բայց համընկնումը ապշեցուցիչ է:

Տարածության մոնղոլական կարիքը Գոգոլի դեպքում հիվանդագին նոպաների բնույթ էր առնում: Այդպիսի նոպաներից մեկը եղավ Իտալիայում 1840 թվականին, հարմարավետ դիլիժանսով Վիեննայից Հռոմ տեղափոխվելիս: Գոգոլը զգաց ուզածդ ռացիոնալ գիտակցության համար աներեւակայելի մի բան: Նրան թվաց, թե ճանապարհը շատ կարճ է, թե նա չափազանց շուտ է հայտնվել Հռոմում, որ Վիեննայի եւ Հռոմի միջեւ ընկած հեռավորությունը բավական տեւողություն չուներ, որ այն կազդուրիչ չէ իր նյարդերի համար: Նա միանգամայն այլ տարածություն կամեցավ եւ լիովին այլ ճանապարհ, որի մասին նա խոսում է Պոգոդինին հղած նամակում.

«Ա՜խ, ինչպես էի ես այդ ժամանակ ուզում ինչ-որ մի հեռավոր ճամփորդության ելնել: Օ՜հ ինչ ուրախությամբ ես կդառնայի ֆելդեգեր, սուրհանդակ նույնիսկ ռուսական անցագերանի վրա եւ կխիզախեի նույնիսկ մինչեւ Կամչատկա հասնել, որքան հեռու, այնքան լավ: Երդվում եմ, ես առողջ էի: Բայց իմ բոլոր ճամփաները մինչեւ Հռոմ տեւում էին ընդամենը երեք օր»:

Մինչեւ Կամչատկա հարկ էր գնալ մի քանի տարի: Սակայն հենց այդ ճանապարհը, 10000 վերստ երկարությամբ, եւ այդ տարածությունը, ողջ մոնղոլական օյկումենայի լայնությամբ, հանկարծ տենչաց Գոգոլի հոգին:

Ես մի կողմ կթողնեմ դատողություններն այն մասին, թե Գոգոլն ընդհանրապես անելիք չուներ Կամչատկայի անմարդաբնակ թերակղզում: Բայց պետք չէ անտեսել այն ենթադրությունը, որ աննպատակ խորացումը անպարագրելի տարածության մեջ մահվան փորձն է այն աշխարհի ճամփին: Ճանապարհն առ Կամչատկա ռուսական անցագերանով, այսինքն՝ կառամատույցից կառամատույց, ուրտոնից ուրտոն, կառապաններ եւ ձիեր փոխելով (ինչպես դա կազմակերպում էին դեռեւս մոնղոլները) ուզածդ ճամփորդին հնարավորություն է տալիս լուծվելու տարածության մեջ մինչեւ անգոյության զգացողությունը:

Շարունակելի