Ինքնահռչակ ընդդիմություն

28/04/2009

Դեռեւս անցած շաբաթ օրը հայտնի դարձավ, որ Հայ Հեղափոխական դաշնակցությունը` ՀՅԴ-ն, իշխող կոալիցիայից դուրս գալու մասին որոշում է կայացրել, որը, սակայն, պաշտոնապես հրապարակվել է միայն երեկ:

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը երեկ հատուկ այդ նպատակով հրավիրված ասուլիսում հայտարարել է, որ կոալիցիայից դուրս գալու պատճառը հայ-թուրքական հարաբերություններում եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ ունեցած տարաձայնություններն են: «Հետայսու ՀՅԴ-ն Հայաստանի քաղաքական դաշտում գործելու է նոր ընդդիմադիր ուժի կարգավիճակով»,- նշված է ՀՅԴ ԳՄ տարածած հայտարարության մեջ: Երեկ հրաժարական են տվել նաեւ Կրթության եւ գիտության, Սոցիալական ապահովության, Գյուղատնտեսության դաշնակցական նախարարները, ԱԺ փոխնախագահ Հրայր Կարապետյանը, ԱԺ մշտական հանձնաժողովի ՀՅԴ-ական նախագահները եւ այլ ՀՅԴ-ական պաշտոնյաներ:

Թե ովքե՞ր են զբաղեցնելու նշված պաշտոնները` դեռեւս վերջնականապես հայտնի չէ, եւ երեկ քննարկվում էին միայն հավանական թեկնածուների մի քանի անուններ: Օրինակ` որպես ԱԺ փոխնախագահի հնարավոր թեկնածուներ՝ երեկ շրջանառվում էին ոչ ավել, ոչ պակաս երիտհանրապետական Էդուարդ Շարմազանովի եւ ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանի անունները: Ընդ որում, ըստ նույն լուրերի, եթե վերջինս դառնա ԱԺ փոխնախագահ, ապա Շարմազանովին նշանակելու են կամ կրթության եւ գիտության, կամ սոցապ նախարարի պաշտոնում: Նշված երկու պորտֆելներից մեկը տրվելու է ԲՀԿ-ին, որտեղ արդեն որոշել են, որ, անկախ նախարարության ուղղվածությունից, նախարար է դառնալու ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Գյուղատնտեսության նախարարի պաշտոնը ՀՀԿ-ն մտադիր է պահել իրեն, իսկ թե ովքեր կդառնան ԱԺ Արտաքին հարաբերությունների, Պաշտպանության, Անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովների նախագահներ, դեռեւս հայտնի չէ: Իհարկե, ՀՅԴ-ի այս քայլը քաղաքական դաշտում որոշակի վերադասավորումների պատճառ կարող է հանդիսանալ: Սակայն, անկախ ՀՅԴ-ի երեկվա հայտարարությունից եւ առաջիկայում կատարելիք քայլերից, ակնհայտ է, որ այդ վերադասավորումը չի վերաբերի ընդդիմություն-իշխանություն հարաբերություններին: Արմեն Ռուստամյանը երեկ հստակ հայտարարել է, որ բացառում է ՀՅԴ-ի համագործակցությունը Հայ Ազգային կոնգրեսի հետ: Իսկ դա նշանակում է, որ ՀՅԴ-ի «ընդդիմադիր գործունեությունը» սահմանափակվելու է միայն հայ-թուրքական հարաբերությունների թեմայով: Դա ամենեւին չի նշանակում, թե ՀՅԴ-ն կոալիցիայից դուրս է եկել «հետին մտքով» (ասենք` Երեւանի քաղաքապետի ընտրություններում ընդդիմադիր դիրքերից ՀՀԿ-ին սատարելու կոալիցիոն մղումով): Պարզապես ՀՅԴ-ն պետք է նույնքան ազնիվ լինի եւ հայտարարի, որ ընդդիմություն է առանձին վերցրած հարցերի «ծիրին մեջ»: