Նույնիսկ ծառ է տնկելու

28/04/2009

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր այցելելու է «Նաիրիտ Գործարան»: Երեկ խմբագրություն էր զանգահարել գործարանի աշխատակիցներից մեկը, ով պատմում էր, թե ինչպես են ընդունելու «մեծարգո» վարչապետին: «Հանդիպելու են միայն այն բանվորները, որոնք իրենց հետ արդեն համաձայնության են եկել, նախապատրաստած հարցերը, որ տրվելու են, հետաքրքրում է ոչ թե բանվորներին, այլ իրենց: Վարչապետը պետք է ծառ տնկի, գնա բանվորների հետ նստի, հաց ուտի ճաշարանում: Ու այս ամենը` ցույց տալու համար, թե իբր ինչքան շատ են մտահոգվում գործարանի համար, թե իբր ոչ մի խնդիր էլ չկա»,- նշեց մեր զրուցակիցը, որը չցանկացավ ներկայանալ` պարզաբանելով, որ գործարանում վախի մթնոլորտ է տիրում, աշխատակիցներին հեռացնում են աշխատանքից: Ըստ նրա` գործարանի ղեկավարությունը չի վերականգնել նաեւ հաշվապահության այն աշխատակցին, որին հեռացրել էին տեղեկատվության արտահոսքի համար եւ հետո խոստացել վերականգնել` պահանջելով, որ ոչ մի տեղ չբողոքի: Իսկ ընկերության ֆինանսական դրությունը գնալով էլ ավելի է վատանում: «Նաիրիտ Գործարանը» արդեն մի ամիս է, ինչ աշխատում է, եւ մեր տեղեկություններով` այդ ընթացքում արտադրել է ընդամենը 300 տոննա քլորոպրեն, որից կարող է ստանալ 400 տոննա կաուչուկ: Սակայն դրա վաճառքի խնդիրն այսօր հարցականի տակ է, քանի որ այսօր էլ պահեստում կա շուրջ 1000 տոննա կաուչուկ, որը չի վաճառվում: Բայց ընկերության ղեկավարության համար կարեւորն այն է, որ գործարանը այսօր աշխատում է, քանի որ վարչապետը հայտարարել է, թե ինքը «Նաիրիտ» կգա միայն այն ժամանակ, երբ գործարանը արտադրանք թողարկած լինի: