«Մենք բազմիցս նշել ենք, թե ինչն է անընդունելի մեզ համար այս գործընթացում. առաջին` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կապել ղարաբաղյան հարցի կարգավորման հետ, եւ երկրորդ` անընդունելի է պատմաբանների հանձնաժողովի ստեղծումը»,- երեկ կայացած ասուլիսում հայտարարեց ՀԺԿ ղեկավար, Երեւանի ավագանու ընտրություններում Հայ Ազգային կոնգրեսի համամասնական ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Ստեփան Դեմիրճյանը` անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների վերջին զարգացումներին եւ Հայաստանի, Թուրքիայի ու Շվեյցարիայի ԱԳՆ-ների կողմից ստորագրված փաստաթղթին: Պատասխանելով այն հարցին, թե Հայաստանի կողմից Կարսի պայմանագրի կամ Թուրքիայի սահմանների ճանաչումը կարո՞ղ է ընդունելի համարվել, Ս. Դեմիրճյանը նշեց, որ Հայաստանը երբեք Թուրքիային պաշտոնապես տարածքային պահանջներ չի ներկայացրել, հետեւաբար՝ այդ մասին ընդհանրապես չպետք է խոսվեր: «Իսկ ինչո՞ւ է դրա մասին առհասարակ գրվում պայմանագրի մեջ: Ի՞նչ է, Հայաստանը այսօր ինչ-որ պրետենզիանե՞ր է ներկայացրել այդ կապակցությամբ: Մի խոսքով, դա էլ կարելի է համարել նախապայման, հետեւաբար ընդունելի չէ: Բացի այդ, այստեղ կա նաեւ թուրքահայերի հարցը»,- հայտարարեց Ս. Դեմիրճյանը: Ըստ նրա, եթե թուրքական մամուլում հրապարակված հայտարարությունները, ինչպես նշում են Հայաստանի պաշտոնյաները, չպետք է արժանահավատ համարվեն, անհասկանալի է` ինչո՞ւ չի գաղտնազերծվում այդ «ճանապարհային քարտեզի» բովանդակությունը, որպեսզի տարաբնույթ մեկնաբանություններ չլինեն: «Քանի որ սա համազգային խնդիր է, չպետք է անակնկալներ մատուցեն, այլ պետք է հստակ ներկայացվի, թե ինչ է ներկայացնում իրենից «ճանապարհային քարտեզը»,- ասաց Ս. Դեմիրճյանը: Ըստ նրա, խնդրահարույց են նաեւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հայտարարությունները: «Շատ է խոսվում այն մասին, որ անհանգստանալու կարիք չկա, քանի որ որեւէ կետ չկա ԼՂ հարցի կարգավորման մասին, սակայն այդ դեպքում ի՞նչ են նշանակում Թուրքիայի վարչապետի հայտարարությունները, որոնք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կապում են ԼՂ հարցի հետ»,- հարցնում է Ս. Դեմիրճյանը: Ըստ նրա, ապրիլի 24-ի երթի ժամանակ քաղաքական կոչերը նպատակահարմար չէին, այդ պատճառով էլ առանձին ինչ-որ վանկարկումներ են երբեմն հնչել: Նա անդրադարձավ նաեւ ՀՅԴ-ի` կոալիցիայից դուրս գալու քայլին: «Իմ կարծիքով՝ բավարար հիմքեր կան կոալիցիայից դուրս գալու համար: Դա իրենց որոշելու հարցն է»,- նշեց ՀԺԿ առաջնորդը: Իսկ կհամագործակցի՞ արդյոք ՀԱԿ-ը ՀՅԴ-ի հետ: «Մենք (ՀԺԿ-ն եւ ՀԱԿ-ը) բազմիցս հայտարարել ենք, որ սկզբունքորեն հանուն կարեւորագույն համազգային հարցերի լուծման պատրաստ ենք համագործակցել ամենատարբեր քաղաքական ուժերի հետ: Մնացածը ժամանակը ցույց կտա»,- հայտարարեց Ս. Դեմիրճյանը: Իսկ հնարավո՞ր է, որ կոալիցիայից դուրս եկող Դաշնակցության տեղը լրացնի ՀԱԿ-ը` ազգային համաձայնության կառավարություն կազմելով իշխանությունների հետ: Ս. Դեմիրճյանը այս հարցին պատասխանելիս նշեց, թե դրանք անիմաստ տեսական խոսակցություններ են, եւ որ նման բան այս պահին չկա: «ՀԱԿ-ը այսօր պատրաստվում է Երեւանի ավագանու ընտրություններին, եւ եթե լինեն արդար ընտրություններ, ընդդիմությունը հաղթելու մեծ շանսեր ունի: Մնացածը անիմաստ խոսակցություններ են»,- հայտարարեց Ս. Դեմիրճյանը` հավելելով, որ իշխանություններն այս անգամ էլ մտադիր են ընտրություններ կեղծել: «Այսօր արդեն կարող ենք արձանագրել, որ ընտրությունները հազիվ թե ազատ ու արդար լինեն: Հիմքեր չունենք հավատալու, որ իշխանությունները ապահովելու են նորմալ ընտրական գործընթաց»,- վստահեցրեց Ս. Դեմիրճյանը` հավելելով, որ ընդդիմությունը բոլոր հնարավոր միջոցներով պայքարելու է, որպեսզի իր ստացած ձայները պահի: Իսկ «ընտրություններում» հաղթել ասելով՝ Ս. Դեմիրճյանը նկատի ունի 40 տոկոս +1 ձայն հավաքելը, որը հնարավորություն կտա ՀԱԿ-ի ցուցակը գլխավորող ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին դառնալ Երեւանի քաղաքապետ: Իսկ եթե ընտրություններում հաղթի ոչ թե ՀՀԿ-ն, այլ կոալիցիոն մեկ այլ ուժ, այդ դեպքում նո՞ւյնպես ՀԱԿ-ը չի ընդունի ընտրությունների արդյունքները: «Կարեւորն այն է, որ լինեն նորմալ ընտրություններ, ընդդիմության համար արդյունքները բողոքարկելը ինքնանպատակ չէ: Բողոքարկում ենք, որովհետեւ խախտումներ են իրականացվում»,- պատասխանեց Ս. Դեմիրճյանը: Այն հարցին, թե հիմնական մրցակից ՀԱԿ-ը համակրում է ՀՀԿ-ի՞ն, թե՞«Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, Ս. Դեմիրճյանը պատասխանեց, որ տեսականորեն չպետք է թերագնահատել ընտրություններին մասնակցող եւ ոչ մի ուժի: Խոսելով համապետական արտահերթ ընտրությունների մասին` Ս. Դեմիրճյանը նշեց, որ դա հասարակական պահանջ է, եւ որ Երեւանի ավագանու ընտրություններում ընդդիմության հաղթանակի դեպքում այդ պահանջն իշխանությունները արդեն չեն կարող հաշվի չառնել: Նա նաեւ հայտարարեց, որ Հայաստանի տնտեսական ճգնաժամը չի կարելի կապել միայն համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետ, եւ որ Հայաստանը այսօր գտնվում է նաեւ քաղաքական, բարոյահոգեբանական ճգնաժամի մեջ: «Չմոռանանք այն բացասական ազդեցությունը, որ թողնում է այս կրիմինալ օլիգարխիկ համակարգը: Տնտեսությունը շարունակում է գտնվել մի խումբ մարդկանց ձեռքում, եւ ռեալ քայլեր այդ համակարգից ձերբազատվելու համար այս իշխանությունը չի անում»,- հայտարարեց Ս. Դեմիրճյանը: