Առանձին վերցրած մեկ հարցով՝ ընդդիմություն

28/04/2009 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

ՀՅԴ-ն երեկ վերջապես հայտարարեց կոալիցիայից դուրս գալու մասին:

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը հատուկ այդ նպատակով հրավիրված ասուլիսում պաշտոնապես հայտարարեց, որ ՀՅԴ-ն դադարեցնում է մաս կազմել կոալիցիային, հրաժարվում է կառավարությունում եւ ԱԺ-ում ունեցած քաղաքական ու հայեցողական պաշտոններից ու դառնում է ընդդիմություն: ՀՅԴ-ի այդ քայլը Ա.Ռուստամյանը բացատրեց ԼՂՀ հիմնախնդրի եւ հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությամբ: ՀՅԴ-ին հատկապես վրդովեցրել է ապրիլի 23-ին Հայաստանի, Թուրքիայի եւ Շվեյցարիայի ԱԳ նախարարների այն համատեղ հայտարարությունը, որտեղ խոսվում էր հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզի մասին: Նրա խոսքերով, թեեւ միշտ Ս. Սարգսյանի հետ արտաքին քաղաքականության հարցերի վերաբերյալ քննարկումներ եղել են, բայց այս վերջին հայտարարության մասին ՀՅԴ-ն տեղյակ չի եղել: Եվ ահա այդ հայտարարության գաղտնիությունը, բովանդակությունը եւ օրը, որ համընկել էր Ցեղասպանության 94-ամյակի նախօրեի հետ, պատճառ էր դարձել, որ ՀՅԴ-ն հայտարարի իշխանության հետ ունեցած տարաձայնությունների եւ կոալիցիայից դուրս գալու մասին: Սակայն, քանի որ Ս.Սարգսյանն է ՀՀ արտաքին քաղաքականության պատասխանատուն, ՀՅԴ-ն ճիշտ է համարել վերջնական որոշումը կայացնել նրա հետ խոսելուց հետո: Բայց Ս. Սարգսյանն այդ օրերին Մոսկվայում էր, եւ Ա. Ռուստամյանն ու ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը նրա հետ հանդիպել են ապրիլի 25-ին: Եվ քանի որ այդ հանդիպումից հետո պարզ էր, որ ՀՅԴ-ն դուրս է գալու կոալիցիայից, Ա.Ռուստամյանն արդեն ավելորդ է համարել մասնակցել Անվտանգության խորհրդի` նույն օրը տեղի ունեցած նիստին: Նրա խոսքերով, հանդիպման ժամանակ Ս.Սարգսյանը հավաստիացրել է, որ շարունակելու է առանց նախապայմանների եւ ողջամիտ ժամկետում կարգավորել հայ-թուրքական հարաբերությունները, որ թույլ չի տա շաղկապել հայ-թուրքական հաշտեցման այդ գործընթացը եւ ԼՂՀ հիմնախնդրի կարգավորումը, որ ցեղասպանության խնդիրը որեւէ կերպ կասկածի տակ չի դրվելու: ՀՅԴ ներկայացուցիչը նշեց, որ Ս.Սարգսյանը հավաստիացրել է նաեւ, թե բանակցությունների բովանդակությանը չի համապատասխանում «Սաբահ» թերթում հրապարակված այն տեղեկատվությունը, ըստ որի, «ճանապարհային քարտեզի» հիմքում ընկած են 5 կետեր` Կարսի պայմանագրի ճանաչումը, սահմանի եւ դիվանագիտական ներկայացուցչությունների բացումը, պատմաբանների հանձնաժողովի ստեղծումը եւ «ճանապարհային քարտեզի» վավերացումը Թուրքիայի խորհրդարանում: «Չեմ էլ կասկածում, որ այդպես է: Թուրքական դիվանագիտությանը ծանոթ մեկը կարող է հասկանալ, որ փորձարկման համար կարող է նման մոտեցում կիրառվել: Շատ լուրջ հարց կառաջանա, եթե այս ամենին գումարվի Կարսի պայմանագրի վավերացման հարցը, որը 3-րդ նախապայման կլինի: Սա ուղղակի հակահայկական փաստաթուղթ է: Ընթացքը լավ տեղ չի տանում, բայց չեմ կարծում, որ նախագահն այլ ցանկություն ունենա, քան արտահայտում է»,- հայտարարեց Ա.Ռուստամյանը, ով, թեեւ չի կասկածում Ս.Սարգսյանի վերը նշված հավաստիացումներին, սակայն ճիշտ է համարում կոալիցիայից ՀՅԴ-ի դուրս գալը: Ու թեեւ Ս.Սարգսյանը հավաստիացրել է, որ հայ-թուրքական բանակցություններում նախապայմաններ չկան, սակայն ՀՅԴ ներկայացուցիչները դրան չեն հավատացել: «Ես չեմ ուզում կասկածել նախագահի ցանկությունների վրա, բայց հարցը բոլորովին այլ դաշտում եմ տեսնում, թե ինչ գործընթացի մեջ ենք ներքաշվում: Եվ այստեղ մի կողմի խաղ չի: Այստեղ մի դերակատարությամբ չէ, այստեղ բազմակողմ դաշտում ենք մենք հայտնվել, եւ այն ամեն ինչի վերջում ո՞ւր կհասնենք: Այ դա է հարցը: Մենք կարծում ենք, որ այդ ընթացքը լավ տեղ չի տանի»,- ասաց նա: Ինչ վերաբերում է նախապայմանների առկայությանը, Ռուստամյանի խոսքով՝ միայն ՀՀ-ն ունի նախապայման առաջադրելու իրավունք` պահանջելով բացել սահմանը. «Սահմանը բացել-չբացելը դա Թուրքիայի պարտավորությունն է: Այ, սա է ամբողջ խնդիրը, ոչ թե միայն այս ամբողջ գործընթացի վերջում մեզ բավարարված զգանք միայն նրանով, որ Թուրքիան կբարեհաճի այդ սահմանը բացել»: Նա երեկ իր խոսքում հպանցիկ համեմատություն արեց հայ-թուրքական հարաբերություններում, ԼՂՀ կարգավորման բանակցություններում ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ Ս.Սարգսյանի վարած քաղաքականության միջեւ: «Քոչարյանի ժամանակ էլ բանակցություններ եղել են նույն Շվեյցարիայի հովանավորությամբ: Բայց մինչ այս պահը Թուրքիան չէր կարողացել այսպիսի մեծ ջանքով եւ իր համար որոշակի հաջողությամբ օգտագործել բանակցությունները: Թուրքիային հարցի կարգավորումը չի հետաքրքրում, նրան հետաքրքրում է գործընթացի օգտագործումը, եւ դա լավագույնս արվում է: Մենք պետք է այնպես անենք, որ չկարողանա օգտագործել»,- հայտարարեց նա:

Ի դեպ, երբեմն տեսակետներ են հնչել, թե ՀՅԴ-ն կոալիցիայի կազմում ավելի շատ նախկին եւ ոչ թե գործող նախագահի քաղաքականության պաշտպանն էր: Մեր հարցին ի պատասխան` արդյո՞ք ՀՅԴ-ն կոալիցիայից դուրս գալու որոշումը կայացնելիս խորհրդակցել է Ռ.Քոչարյանի հետ, կամ հայ-թուրքական եւ ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման հարցերի հետ կապված Ռ.Քոչարյանի՞, թե՞ Ս.Սարգսյանի վարած քաղաքականությունն է ՀՅԴ-ի համար ընդունելի, Ա.Ռուստամյանն անուղղակիորեն ակնարկեց, որ իրենց համար ավելի հարազատ էր նախկին նախագահի քաղաքականությունը. «Ընդհանրապես որեւէ մեկի հետ չենք համաձայնեցնում այդ քայլերը, դրանք մենք որոշում ենք մեր քննարկումների միջոցով: Ռ.Քոչարյանին մենք պաշտպանել ենք տասը տարի` ազգային պետական ուղեգիծը համարելով կարեւոր: 1998թ. համարել ենք այդ ուղեծրի վերականգնում, 2003թ. կանգնել ենք նրա կողքը, որպեսզի անշրջելի դառնա այդ ուղեգիծը: Հիմա էլ նույն տրամաբանությամբ ենք շարունակում, որովհետեւ համարում ենք, որ Ս.Սարգսյանը շարունակում է նրա քաղաքական գիծը: Սակայն ասում ենք, ի տարբերություն Ռ.Քոչարյանի, որի ժամանակ մենք չենք ունեցել անհաղթահարելի տարբերություն, հիմա ունեցանք»: Նա հերքեց նաեւ ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանի այն հայտարարությունը, թե ՀՅԴ-ն կոալիցիայից դուրս է գալիս սփյուռքի կառույցների ճնշման պատճառով, եւ որ ցանկություն ունի 2012թ. նախագահական ընտրություններին ներկայանա՝ որպես ընդդիմադիր կուսակցություն: Մի խոսքով, ՀՅԴ-ն երեկ իրեն հռչակեց ընդդիմություն, եւ իր 16 պատգամավորներով հավակնում է դառնալ ԱԺ թիվ 1 ընդդիմադիր խմբակցությունը: Ա.Ռուստամյանը չբացառեց, որ իրենք կարող են համագործակցել ԱԺ մյուս ընդդիմադիր` «Ժառանգություն» խմբակցության հետ: Սակայն համագործակցության եզրեր չի տեսնում արտախորհրդարանական հիմնական ընդդիմության` ՀԱԿ-ի հետ: «ՀԱԿ-ի հետ մենք ունենք լուրջ տարաձայնություններ: Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ որ մենք հակադրվում էինք, ի՛նչ է, այս խնդիրների հետ շատ տարբեր տեսակետնե՞ր ուներ: ՀԱԿ-ի հետ հարաբերությունները քաղաքական-գաղափարական դաշտում այս պահին անհամատեղելի են, որովհետեւ մենք նրանց ո՛չ գաղափարական մոտեցումներն ենք ընդունում, ո՛չ էլ քաղաքական պահվածքը, որ ամեն առիթ, ամեն հարց դարձնում են իշխանափոխության առիթ: ՀՅԴ-ն ընդդիմության մեջ կգործի իր տեսակին ու նպատակներին համապատասխան»,- հայտարարեց նա:

Սակայն, նշենք, որ ՀԱԿ-ը ստեղծման օրվանից բազմիցս է քննադատել Ս.Սարգսյանի վարած արտաքին քաղաքականությունը՝ հատկապես հայ-թուրքական հարաբերությունների եւ ԼՂՀ կարգավորման խնդրի հետ կապված: ՀԱԿ-ը նաեւ առաջինը քննադատեց «ճանապարհային քարտեզի» հետ կապված 3 արտգործնախարարների հայտարարությունը: Այսինքն` գոնե այս հարցում ՀԱԿ-ի եւ ՀՅԴ-ի դիրքորոշումները գրեթե ամբողջությամբ համընկնում են: Իսկ հայ-թուրքական հարաբերություններում ՀՀ-ին սպառնացող վտանգը չեզոքացնելու համար Ս.Սարգսյանից հրաժարական պահանջելու մասին Ա.Ռուստամյանը դեռ կանխագուշակում չի անում: Ա.Ռուստամյանը թեեւ չբացառեց, որ այսուհետ հարկային տեռորի կենթարկվեն խոշոր բիզնես ունեցող ՀՅԴ ներկայացուցիչները, բայց հույս հայտնեց, որ իշխանություններն այդ քայլին չեն դիմի: