ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները երեկ կրկին Երեւանում էին, կրկին հանդիպում ունեցան նախագահ Սերժ Սարգսյանի հետ, հետո կրկին ասուլիս տվեցին եւ կրկինգ ոչ մի նոր բան չասացին։
Սովորաբար ասուլիս հրավիրում են, երբ որեւէ նոր ասելիք են ունենում։ Մինսկի խմբի դեպքում այս կանոնը վաղուց արդեն չի գործում՝ գալիս են, հանդիպում, «ցրողական» պատասխաններ տալիս ու գնում։ Կոնկրետ հայաստանցիները որեւէ նոր մանրամասն՝ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերաբերյալ, գրեթե միշտ իմանում են ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի՝ որպես կանոն, դրսում արված հայտարարություններից։ Դրա համար էլ հարցերը սովորաբար նրան են ուղղվում (չնայած Բեռնար Ֆասյեն հորդորում է լրագրողներին՝ հարցերը տվեք, մենք կորոշենք՝ ով կպատասխանի)։ Ինչեւէ, Մեթյու Բրայզան՝ իր տիպիկ ամերիկյան ժպիտով, միշտ ստիպված է լինում հերքել իր կամ իր վերադասների ասածները։ Այս անգամ էլ նա ստիպված էր իր անմիջական ղեկավարի՝ Հիլարի Քլինթոնի ասածների «տակից դուրս գալ»։ Լրագրողի հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված տիկին Հիլարիի լավատեսությունը, որ նա հայտարարել է, թե հարցը մեկ ամսվա ընթացքում կլուծվի, պրն Բրայզան պատասխանեց, որ Հիլարի Քլինթոնը չի ասել՝ մեկ ամսվա ընթացքում, այլ՝ մի քանի ամիսների ընթացքում։ Ամերիկացի համանախագահն իր կողմից ավելացրեց, որ մի քանի ամսվա մեջ, այո, հնարավոր է՝ հարցը լուծում ստանա։ Նշենք, որ մինչ հարցերին անցնելը, ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասյեն մի փոքրիկ ներածական ելույթ ունեցավ՝ նշելով, որ իրենք շատ հաճախ են գալիս տարածաշրջան, հանդիպումներ են ունեցել Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հետ, յուրաքանչյուրի հետ բավականին երկար աշխատանք են տարել եւ ստացել նրանց համաձայնությունը՝ հանդիպել մայիսի 7-ին Պրահայում։ Համանախագահները մի քանի օր առաջ Երեւանում էին, հետո մեկնեցին Բաքու, հետո նորից եկան Երեւան։ Լրագրողներին հետաքրքրում էր՝ իսկ ինչո՞ւ այս անգամ Ղարաբաղ չեն այցելել։ Պարզվեց՝ պատճառը զուտ տեխնիկական է։ «Եթե չկարողացանք լինել Լեռային Ղարաբաղում, պատճառը միայն եղանակային վատ պայմաններն են։ Մենք պետք է ԼՂ մեկնեինք ուղղաթիռով, սակայն վատ եղանակային պայմանների պատճառով մեզ արգելվեց թռչել։ Երբ հեռախոսով կապվեցինք նախագահ Բակո Սահակյանի հետ, նա էլ մեզ ասաց, որ եղանակը Հայաստանի համեմատ շատ ավելի վատ է, եւ խորհուրդ չտվեց ուղղաթիռով մեկնել»,- պարզաբանեց Բեռնար Ֆասյեն։
Համանախագահները վստահ են, որ պրահյան հանդիպումը կառուցողական եւ արդյունավետ կլինի, «ինչպես եղել են 2 նախագահների նախորդ երեք հանդիպումները»։ Ո՞րն է այս լավատեսության հիմքը, ի՞նչ նախադրյալներ կան։ Ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովի խոսքերով, նախադրյալներ՝ որպես այդպիսին, չկան, կան պրոցեսն արագացնելու համար անհրաժեշտ պայմաններ։ Բեռնար Ֆասյեն կարծես ավելի լավատես է, գտնում է, որ կան «ողջամիտ հույսեր», եւ այդ մասին են վկայում իրադարձությունների վերջին զարգացումները։ Ի դեպ, այդ զարգացումների դրական երանգները ամերիկացի եւ ֆրանսիացի համանախագահները շատ յուրովի են ընկալում։ Օրինակ, պրն Ֆասյեն շատ տպավորված էր Իլհամ Ալիեւի մի հայտարարությամբ, որում խոսք է գնացել Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության ապահովման անհրաժեշտության մասին։ Իսկ Մեթյու Բրայզան ոգեւորված շտապեց ավելացնել, որ Ալիեւը խոսել է նաեւ ինքնակառավարման մասին։ Այս ամենը համանախագահների համար աննախադեպ է եւ լավատեսություն է ներշնչում։ Մ. Բրայզան առանձնացրեց նաեւ այն 3 կարեւոր սկզբունքները, որոնք 2 կողմերն էլ ընդունում են։ Դրանք են՝ ինքնորոշման իրավունք, տարածքային ամբողջականություն եւ ուժի չկիրառում։ Բեռնար Ֆասյեն էլ հիշեցրեց Ֆրանսիայի նախկին արտգործնախարարի խոսքերը՝ փոխզիջումը, թեկուզ ոչ կատարյալ, ավելի լավ է, քան պատերազմը։
Լրագրողներին հետաքրքրում էր նաեւ համանախագահների կարծիքը՝ ապրիլի 22-ին Հայաստանի, Թուրքիայի եւ Շվեյցարիայի արտաքին գերատեսչությունների ղեկավարների ստորագրած հայտնի հայտարարության վերաբերյալ։ Համանախագահները տեղեկացրին, որ դրական են վերաբերվում տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատմանն ուղղված ցանկացած նախաձեռնության, որը դրական ազդեցություն կարող է ունենալ նաեւ ԼՂ հակամարտության լուծման վրա։ Իսկ ԼՂ հիմնահարցը որպես առանձին կետ մտցվա՞ծ է «ճանապարհային քարտեզ» կոչվածի մեջ, թե՞ ոչ, համանախագահները չասացին՝ նշելով, որ փաստաթուղթը դեռ փակ է։ Ամեն դեպքում, նրանց խոսքերով, հայ-թուրքական հարաբերությունները եւ ԼՂ հակամարտության կարգավորումը առանձին գործընթացներ են։
Իսկ հնարավո՞ր է, որ նմանատիպ մի «ճանապարհային քարտեզ» էլ ստորագրվի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ Համանախագահները դա չբացառեցին, սակայն ժամկետներ նշել չցանկացան։ Յուրի Մերզլյակովի խոսքերով, բազային սկզբունքների շուրջ համաձայնության գալուց հետո հնարավոր է, որ մշակվի համաձայնության տեքստ, սակայն դա երբ կլինի՝ կախված է միայն նախագահներից։ Ինչ վերաբերում է հասարակությանը, որը կարող է ընդունել կամ չընդունել նախագահների ձեռք բերած համաձայնությունը, ապա այս հարցում էլ համանախագահները կարծես հանգիստ են։ Ճիշտ է, Բեռնար Ֆասյեն խոստովանեց, որ եղել է մի պահ, երբ իրենց մոտ տպավորություն է ստեղծվել, որ երկու նախագահները մտահոգված չեն իրենց հասարակությանը նախապատրաստելու առումով։ Սակայն այսօր նրանք համոզված են, որ նախագահները միտված են նախապատրաստել իրենց ժողովուրդներին՝ հարցի լուծման անհրաժեշտության առումով։
Մի խոսքով, եթե համանախագահների լավատեսությունը հիմնավոր է, ապա պետք է պատրաստվենք նախապատրաստվելուն։