– Ձեր ղեկավարությամբ բավական ակտիվացել է Հայաստանի արտաքին քաղաքականությունը:
– Կուզեի ընդգծել, որ մեր արտաքին քաղաքականությունը ղեկավարում է ՀՀ նախագահը, իսկ ես ղեկավարում եմ ԱԳ նախարարությունը, որի գլխավոր առաքելությունն է՝ իրականացնել այն խնդիրները, որոնք մեր առջեւ դնում է ՀՀ նախագահը:
– Ինչպե՞ս կգնահատեք հայ-թուրքական հարաբերությունների ներկա փուլը, հատկապես հաշվի առնելով այն կարծիքները, որ երբեք մեր հարաբերություններն այսքան հեռու չէին գնացել:
– Ես կասեի՝ այդքան չէին մոտեցել երբեւէ, իսկապես, որովհետեւ ՀՀ նախագահի նախաձեռնությամբ, երբ Թուրքիայի նախագահ Գյուլը հրավիրվեց այցելելու Հայաստան` միասին դիտելու ֆուտբոլի խաղը, դրանով որակական նոր փուլ մեկնարկեց հարաբերությունների կարգավորման գործընթացում: Շատ կարեւոր հանդիպումներ կայացան Հայաստանի եւ Թուրքիայի նախագահների միջեւ, նաեւ կարեւոր հանդիպում կայացավ Դավոսում մեր երկրի նախագահի եւ Թուրքիայի վարչապետի միջեւ, բազմաթիվ, մոտ 10 հանդիպումներ են կայացել նաեւ արտաքին գործերի նախարարների մակարդակով: Եվ այսօր մենք եկանք այն հայտարարությանը, որը արվեց ամսի 22-ին, որով նշվում է առաջընթացի մասին բանակցությունների ընթացքում:
– Կան կարծիքներ, որ այդ հայտարարությունն անակնկալ էր, նույնիսկ հնչում են կարծիքներ խաբված լինելու մասին:
– Բայց ինչ անակնկալի կամ խաբվածության մասին կարող է խոսք լինել: Գիտեք, ամիսներ շարունակ ՀՀ նախագահը, ԱԳ նախարարը բազմիցս հայտարարել են, որ Հայաստանը ձգտում է լիակատար հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ, կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ առանց որեւէ նախապայմանների, եւ այսօր այդ հայտարարությամբ, մենք եւս նշում ենք, որ գնում ենք հարաբերությունների կարգավորմանը, սահմանների բացմանը` առանց որեւէ նախապայմանների: Այս պարագայում ի՞նչ խաբվածության կամ ի՞նչ նորության մասին է խոսքը:
– Դուք ասում եք, որ նախապայմաններ չկան, բայց Թուրքիայից տարբեր՝ այլ մեկնաբանություններ, կարծիքներ են հնչում, իսկ Հայաստանում կարծիքներ կան, որ մենք զիջումների ենք գնում:
– Գիտեք, այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ մենք չենք հավատում ինքներս մեզ, թերահավատություն ունենք մեր ուժերի նկատմամբ, մեր հնարավորությունների նկատմամբ, չենք հավատում, որ Հայաստանն իսկապես կարող է ինչ-որ առաջընթաց արձանագրել, միշտ մտածում ենք, որ եթե ինչ-որ մի լավ բանի ենք հասել, ուրեմն տակն ինչ-որ մի վատ բան է թաքնված: Այսինքն` եթե ծառն ենք բարձրացել, անպայման պետք է ընկնենք քարին: Կամ մտածում ենք, որ մեզ անպայման պետք է խաբեն: Ո՞վ է խաբելու. եթե Թուրքիա՞ն է մեզ խաբելու, առաջին հերթին Թուրքիան խաբելու է ինքն իրեն, խաբելու է միջազգային հանրությանը, խաբելու է Միացյալ Նահանգներին, Ռուսաստանին, Եվրամիությանը: Մեր ձգտումն անկեղծ է եւ հաստատակամ. Հայաստանը ձգտում է լիակատար հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ առանց որեւէ նախապայմանների: Եվ կարծում եմ, մեզ մոտ այն տպավորությունը կա, որ Թուրքիայի ղեկավարությունն էլ ունի ցանկություն գնալ առաջ եւ հարաբերությունները կարգավորել երկու երկրների միջեւ:
– Հայտարարությունը հրապարակվեց ապրիլի 22-ին` Մեծ եղեռնի տարելիցի նախօրեին, ինչը նույնպես տարբեր մեկնաբանությունների առիթ տվեց: Ինչպե՞ս դա կմեկնաբանեք:
– Երբ որ ասում ենք՝ առանց նախապայմանների ենք կարգավորում հարաբերությունները, մենք նկատի ունենք, որ որեւէ նախապայման չկա Ղարաբաղի հարցի լուծման հետ կապված, եւ որեւէ նախապայման չկա ցեղասպանության ճանաչման հետ: Եվ հարաբերությունների կարգավորումը որեւէ կերպ հարցականի տակ չի դնում ցեղասպանության իրողությունը, եւ դրա մասին բազմիցս ասել է ՀՀ նախագահը, ԱԳ նախարարը: Գիտեք, ես հուսով եմ, որ երբ որ մենք բարելավենք, կարգավորենք մեր հարաբերությունները, ապա ոչ միայն մեր երկրի` Հայաստանի, ղեկավարները կգան Ծիծեռնակաբերդ ծաղիկներ դնելու, այլեւ Հայաստանի ղեկավարներին կմիանան Թուրքիայի ղեկավարները: Ինչո՞ւ մենք չենք կարող անել այն, ինչ որ արեցին Շառլ դը Գոլը եւ Ադենաուերը: Ես վստահ եմ, որ կգա այդպիսի օր, եւ այդ քայլը կանեն նաեւ Հայաստանի եւ Թուրքիայի ղեկավարները: Եվ ե՞րբ հարմար կլինի այդպիսի քայլ անել, եթե այդ օրվան մենք հասնենք, միգուցե հենց ապրիլի՞ն: Դրա մեջ, կարծեմ, նաեւ ինչ-որ խորհրդանիշ կարող է լինել: Եվ ամսի 22-ին այդ հայտարարությունն անելու մեջ էլ, միգուցե, այդ խորհուրդը կա:
– Այնուամենայնիվ, ինչո՞ւ ապրիլի 22-ի գիշերը:
– Նկատի ունեք` գիշե՞րը: Գիտեք, դիվանագիտության մեջ չկա ո՛չ ցերեկ, ո՛չ գիշեր, ո՛չ առավոտ, ո՛չ երեկո հասկացողությունները: Ընդհանրապես բանակցություններն ունեն իրենց տրամաբանությունը, որոնք բերում են որոշ հանգրվանների, համապատասխան առաջընթացների, եւ որոնց մասին իրազեկվում է հանրությունը: Ես հիշում եմ` Ֆրանսիայում, երբ ճանաչվում էր Ցեղասպանությունը, երբ Սենատում ընդունվում էր Ցեղասպանության ճանաչման օրենքը, այդ քննարկումները գնում էին կեսգիշերին, եւ որոշումն ընդունվեց առավոտյան ժամը 4-ին: Եվ ոչ մեկը ո՛չ զարմացավ, ո՛չ էլ հարցրեց` ինչո՞ւ քննարկումները գիշերն էին, եւ առավոտյան ընդունվեց այդ որոշումը:
– Կարծիք կա, որ Հայաստանը գնում է Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելուն, քանի որ Վրաստանում անցյալ տարի տեղի ունեցած իրադարձությունները եւ համաշխարհային տնտեսական ճգնաժամը Հայաստանին այլ ելք կարծես թե չեն թողել, եւ Հայաստանը ստիպված է լեզու գտնել Թուրքիայի հետ:
– Դուք շատ լավ գիտեք, որ ՀՀ նախագահի նախաձեռնությունն արվել է ամիսներ առաջ, Օսեթիայի շուրջ այդ իրադարձություններից ամիսներ առաջ ու նաեւ՝ երբ արվել էր այդ նախաձեռնությունը, Հայաստանի տնտեսությունը զարգանում էր երկնիշ թվերով, ինչպես եւ նախորդ տարիներին` 7-8 տարվա ընթացքում: Այնպես որ` այդպես չէ. այդ որոշումն արվել է ամբողջ գիտակցությամբ, որ մենք պետք է կարգավորենք մեր հարաբերությունները Թուրքիայի հետ:
– «Ճանապարհային քարտեզ» հասկացությունը մի տեսակ շփոթություն է առաջացրել, ի՞նչ է իրենից ներկայացնում այդ փաստաթուղթը: Ի՞նչ դրույթներ, սկզբունքներ է պարունակում:
– Գիտեք ինչ, սա շատ պարզ համաձայնություն է. «ճանապարհային քարտեզ»` դա ժամանակային ուղեցույց է այն քայլերի, որոնք պետք է իրականացնեն կողմերը, որպեսզի ձեռք բերվելիք պայմանավորվածություններն ուժի մեջ դրվեն եւ սկսեն իրականացվել, եւ այդ քարտեզի մեջ որեւէ դրույթ կամ սկզբունք չկա: Դրույթները եւ սկզբունքները կլինեն այն պայմանագրի կամ պայմանագրերի մեջ, որոնք պետք է ստորագրվեն երկու կողմերի միջեւ:
– Ինչպե՞ս կմեկնաբանեք միջազգային արձագանքները հայ-թուրքական հարաբերություններին:
– Գիտեք, եթե մենք ապրեինք Սովետական, Խորհրդային Միության օրերին, կասեինք, որ ամբողջ առաջադեմ մարդկությունը ողջունում է ՀՀ-ի քայլերը: Բայց այսօր մենք իսկապես կարող ենք ասել, որ բազմաթիվ երկրներ, ԵՄ-ն, ԱՄՆ-ը, ՌԴ-ն, Շվեյցարիան, որը միջնորդի դեր է կատարել, կարծում եմ, կարելի է ասել` գրեթե երկիր չկա, որը ոչ միայն չի ողջունում, այլ նաեւ ամբողջ իր աջակցությունը չի ցուցաբերում այս գործընթացին: Միգուցե, մի երկիր կա, որը մի փոքր վերապահումներ ունի, միգուցե, եւ ոչ փոքր. դա Ադրբեջանն է: Դա էլ, կարծում եմ, սխալ մոտեցում է, որովհետեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը միայն դրական ազդեցություն կարող է ունենալ մեր ամբողջ տարածաշրջանի վրա, իսկ Ադրբեջանը մասնիկ է այդ տարածաշրջանի:
– Ինչպե՞ս եք մեկնաբանում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հայերին հղած ուղերձում «Մեծ եղեռն» բառակապակցության օգտագործումը:
– Նախ եւ առաջ ասեմ, որ նախագահ Օբամայի հայտարարությունը քայլ էր առաջ ԱՄՆ մյուս նախագահների կողմից այդ կապակցությամբ արված հայտարարությունների համեմատությամբ: Այդ հայտարարության մեջ շատ ուժեղ դրույթներ կան: Օբաման ասաց, որ ինքը բազմիցս արտահայտվել է 1915թ. դեպքերի վերաբերյալ եւ ինքը չի փոխել իր կարծիքը: Նախագահ Օբաման օգտագործեց «Մեծ եղեռն» բառակապակցությունը, մենք ինքներս` հայերս, օգտագործում ենք թե՛ «գենոցիդ», թե՛ «Մեծ եղեռն» հասկացողությունները: Բայց, իհարկե, հայությունը սպասում էր, որ ԱՄՆ նախագահը կօգտագործի «գենոցիդ» բառը: Քանի որ խոսում ենք ԱՄՆ նախագահի մասին, ես կցանկանայի նաեւ շեշտել այն կարեւոր անձնական աջակցությունը, որը Միացյալ Նահանգների նախագահը ցուցաբերում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը:
– Վերջին շրջանում բավական ակտիվացել է բանակցային գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում: Համանախագահներն ամիսը մեկ անգամ այցելում են տարածաշրջան. Երեւան, Ստեփանակերտ, Բաքու, նաեւ առանձին այցեր են ունենում: Այդուհանդերձ, տպավորություն կա, որ գործընթացը դոփում է տեղում: Դուք համաձա՞յն եք այդ կարծիքին:
– Ես համաձայն եմ այն կարծիքին, որ, այո, այսօր էլ համանախագահները Երեւանում են գտնվում, գործընթացը շարունակվում է, գիտեք, որ ամիսներ շարունակ Ադրբեջանը մերժում էր բանակցություններ վարել Մադրիդյան առաջարկների սկզբունքների հիման վրա եւ փորձում էր պարտադրել այն բանաձեւը, որն ընդունվեց ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից Ադրբեջանի առաջարկով: Բայց գիտեք նաեւ, որ եռանախագահող երկրները քվեարկեցին դեմ, Եվրամիության որեւէ երկիր չաջակցեց այդ բանաձեւին, եւ 192 անդամ երկրներից միայն 39-ը քվեարկեցին կողմ: Այդ բանաձեւը Ադրբեջանն ամիսներ շարունակ փորձում էր պարտադրել որպես բանակցությունների հիմք: Ադրբեջանը միայն մեկ սկզբունքի մասին էր խոսում ամիսներ շարունակ. տարածքային ամբողջականության, Ադրբեջանից հնչում էին ռազմատենչ հայտարարություններ: Վերջին շրջանում ամիսներ շարունակ բազմաթիվ հայտարարություններ են ընդունվել միջազգային կազմակերպությունների կողմից, տարբեր ատյաններում, որոնք համահունչ են մեր դիրքորոշումներին: Վերջին ամիսների ընթացքում որեւէ բանաձեւ չի ընդունվել Ղարաբաղի հարցի վերաբերյալ, որը չհամապատասխանի մեր դիրքորոշումներին. լինի դա Մոսկվայի հռչակագիրը, որի տակ դրված են ստորագրությունները ՀՀ նախագահի, Ադրբեջանի նախագահի եւ նաեւ Ռուսաստանի նախագահի, չնայած դրան` մի քանի օր անց Ադրբեջանը հարցականի տակ դրեց մի քանի դրույթներ այդ հռչակագրի: Երեք հռչակագիր ընդունվեց Հելսինկիում դեկտեմբերի սկզբին. ԵԱՀԿ 56 նախարարների կողմից, նաեւ եռանախագահող երկրների արտգործնախարարությունների ղեկավարների կողմից եւ ԵՄ կողմից: Եվ այդ երեք հայտարարությունները, հռչակագրերը համահունչ են մեր դիրքորոշումներին, եւ մենք լիովին կիսում ենք այն կարծիքները, որ արտահայտված են այդ հայտարարությունների մեջ, եւ աջակցում ենք ու գտնում, որ եթե շարժվենք համահունչ այդ ընդունված փաստաթղթերին, ուրեմն, միգուցե, մենք առաջընթաց կունենանք: Տարվա սկզբին Ադրբեջանը փորձեց եւս որոշ քայլեր անել ՄԱԿ-ում, ապակառուցողական քայլեր, սկսեց տարածել հուշագրեր` չորս հուշագիր, որոնք, փաստորեն, եւս մեկ կարեւոր խոչընդոտ ստեղծեցին բանակցային գործընթացում: Եռանախագահող երկրները դատապարտեցին այդ քայլերը: Այսօր որոշ դրական միտում կա Ղարաբաղի գործընթացի մեջ, որովհետեւ նույն Ադրբեջանի նախագահը հայտարարում է արդեն Ղարաբաղի հիմնախնդրի լուծման մասին միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա, այսինքն` բոլոր սկզբունքների հիման վրա: Եվ դա, իսկապես, կարեւոր դրական միտում է: Երեք հանդիպում է կայացել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ Սանկտ Պետերբուրգում, Մոսկվայում եւ նաեւ Ցյուրիխում, եւ մոտակա ժամանակ, միգուցե դա կլինի մայիս ամսին, եւս մեկ հանդիպում կկայանա Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ: Մենք հուսով ենք, որ այդ հանդիպումը դրական ու կառուցողական կլինի եւ հնարավորություն կստեղծի ակտիվացնել բանակցությունները, գնալ առաջ եւ առաջիկայում մոտեցնել դիրքորոշումները հակամարտության կողմերի միջեւ:
– Տարբեր մեկնաբանություններ, վերլուծություններ են հնչում հայ-թուրքական հարաբերությունների, ղարաբաղյան խնդրի կարգավորման առնչությամբ, ինչը խառնաշփոթությունների առիթ է տալիս. հուսով եմ, որ մեր այս հարցազրույցը բավական հարցերի պարզաբանում տվեց:
– Եթե թույլ տաք, կցանկանայի ասել, որ բավական ուշադրությամբ եմ մոտենում բոլոր այն կարծիքներին, որոնք արտահայտում են վերլուծաբանները, եւ փորձում եմ օգտագործել այն դրական առաջարկները, գաղափարները, որոնք պարունակվում են այդ վերլուծությունների մեջ: Բայց նաեւ կան վերլուծություններ, որոնց մեջ ասվում է. չգիտենք` ինչ եք անում, բայց ինչ որ անում եք, սխալ եք անում: Սխալ եք անում, որովհետեւ մենք չենք այդ անում: Իսկ ինչ մենք կանեինք, մենք ձեզ չենք ասի: Դա նմանացնում է, գիտեք, այն մարդուն, որն ասում է՝ ես ջրի մեջ չեմ մտնի, մինչեւ լողալ չսովորեմ: Եվ այդպես էլ լողալ չսովորելով` ափին կանգնած խորհուրդներ է տալիս կամ դատողություններ է անում խեղդվելու վտանգների մասին: Պետության ղեկավարությունը պետք է համարձակություն ունենա պատասխանատվություն վերցնել իր վրա եւ կարեւոր որոշումներ ընդունել ու իրականացնել այդ որոշումները: Այսօր միջազգային հանրությունը հարգանքով է մոտենում Հայաստանին: Ես ասում եմ՝ հարգանքով, եւ չեմ օգտագործում հուզական խոսքեր` մեզ սիրում են, կամ մեզ չեն սիրում. հարգանքով են մոտենում: Հարգանքով են մոտենում, եւ դա, գիտեք, բնական է, բնական է այն իմաստով, որ մենք պետություն ենք, մենք ունենք մեր շահերը, ունենք մեր խնդիրները, եւ նաեւ փորձում ենք հասկանալ այլ երկրների խնդիրները, շահերը: Եվ փորձում ենք, համադրելով այդ շահերը, այնպիսի լուծումներ գտնել, որ բոլորի համար լինեն լավ: Եվ առաջին հերթին՝ մեզ համար, կարեւորը` որ դրանք արդյունավետ լինեն եւ բարենպաստ լինեն, եւ ի շահ լինեն մեր ժողովրդի, մեր պետության: