«168 Ժամը» եւ Տրանսատլանտյան նախաձեռնությունների հայկական կենտրոնը շարունակում են ներկայացնել ԱՄՆ Մարշալի Գերմանական հիմնադրամի (German Marshall Fund of the U.S.) «Թուրքիայի մասին» շարքի հոդվածները: Այսօր ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «The Economist» պարբերականի Թուրքիայի լրագրող Ամբերին Զամանի հոդվածը: Նշենք նաեւ, որ Ամբերին Զամանը Հայաստանում ԱՄՆ փոխդեսպան Ջոզեֆ Փենինգտոնի կինն է:
Շվեյցարացիների կողմից միջնորդած Հայաստանի ու Թուրքիայի միջեւ բանակցությունների ամենավերջին փուլը մեծ թռիչք արձանագրեց հատկապես այն բանից հետո, երբ առաջին անգամ պատմության մեջ Հայաստան այցելեց Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը, որը ներկա գտնվեց անցած սեպտեմբերին կայացած Ֆուտբոլի աշխարհի առաջնության նախընտրական փուլի շրջանակներում Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլային թիմերի հանդիպմանը: Գյուլի առաջընթաց կատարելու այդպիսի որոշումը, չնայած ռադիկալ ազգայնականների կողմից դավաճանություն անվանվելուն, շեշտեց Թուրքիայի դիրքորոշման էական փոփոխությունը, որի համաձայն՝ Հայաստանի հետ հարաբերությունները կապված չեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հետ:
1993 թ. Թուրքիան ազերի եղբայրների պատվին փակեց Հայաստանի հետ սահմանը, քանի որ վերջինս գրավել էր Ադրբեջանի տարածքներից մի մեծ կտոր՝ ներառյալ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղի անկլավը 1990-ականներին: Շրջափակված եւ ճարահատյալ վիճակում գտնվող Հայաստանը շատ տուժեց սահմանափակումներից, բայց ոչ այնքան, որ ազատեր Լեռնային Ղարաբաղի տարածքը: Թուրքիայի հետ սառեցված հարաբերությունները Հայաստանին ուղղեցին դեպի Ռուսաստանի գիրկը:
Անկարայի նոր մոտեցումն այն է, որ խաղաղ հարաբերությունները Հայաստանի հետ կարող են ազդակ հանդիսանալ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ գոյություն ունեցող թշնամանքին վերջ տալուն: Գոյություն ունեն նաեւ այլ շահեր. Հայաստանի հետ բարեկամությունը կզրկի Թուրքիայի ԵՄ-ին անդամակցելու նպատակներին ընդդիմացողների փաստարկները, ինչպես նաեւ՝ քիչ հավանական կդարձնի Կոնգրեսում հայերի նկատմամբ 1915 թ. Օսմանյան Կայսրության կողմից իրականացրած «ցեղասպանության» մասին անվերջ շահարկվող բանաձեւի ընդունումը: Բացի այդ, դա կբարձրացնի Թուրքիայի տարածաշրջանային դերը եւ հնարավորություն կտա ազատ մուտք ունենալ դեպի հետխորհրդային Կենտրոնական Ասիայի շուկաները, ինչպես նաեւ՝ իր արեւելյան աղքատ սահմանամերձ շրջաններին անչափ անհրաժեշտ տնտեսական զարգացմանը թափ կհաղորդի: Սակայն միայն ռազմավարական հրամայականները չպիտի հանդիսանան հարաբերությունների բարելավման պատճառ: Շատ վստահելի պատմաբանները համաձայնում են, որ Թուրքիայի ժամանակին ծաղկող հայ բնակչությունը դաժանորեն տեղահանվել է իր ժառանգական հողերից եւ հարյուր-հազարներով ոչնչացվել Օսմանյան զորքերի կողմից, որն իրականացվել է Իթթիհատականներ անվամբ հայտնի թուրքական ազգայնական ուժերի կողմից Առաջին Համաշխարհային պատերազմի տարիներին: Այն փաստը, որ հայկական ազգայնական ուժերն աջակցում էին Օսմանյան Կայսրության դեմ կռվող ռուսական ուժերին, չի արդարացնում այն ցավը, որ կրել են քաղաքացիները, որոնց մեծ մասը կին եւ երեխաներ էին:
Օբամայի գործոնը
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր նախընտրական քարոզարշավի ընթացքում խոստացել էր ճանաչել 1915 թ. տեղի ունեցած վայրագությունները որպես ցեղասպանություն: Դա թարմացրեց թուրքերի մոտ Հայաստանի հետ հարաբերություններ բարելավվելու համար ջանքեր գործադրելու անհրաժեշտության գիտակցումը: Վերջերս Թուրքիա կատարած այցի ժամանակ Բարաք Օբաման խուսափում էր «ցեղասպանություն» բառի օգտագործումից: Նույնիսկ այդ դեպքում նա լրատվամիջոցներին վստահեցրեց, որ չի փոխել իր հայացքներն Օսմանյան հայերի ճակատագրի վերաբերյալ: Այլ կերպ ասած՝ նա դեռ ընդունում է դա՝ որպես ցեղասպանություն: Թուրքական խորհրդարանին ուղղված իր ուղերձի ընթացքում նա կարեւոր համարեց այն, որ Թուրքիան իր հայացքը սեւեռի դեպի սեփական անցյալը: Թուրք օրենսդիրները ունկնդրում էին քարե լռությամբ: Բացի այդ, նա գոհունակություն հայտնեց Թուրքիային եւ Հայաստանին՝ հարաբերությունները բարելավվելու նրանց ջանքերի կապակցությամբ: ԱՄՆ-ը չպիտի ստվեր գցի բանակցությունների վրա, «որոնք կարող են շուտով պտուղ տալ»,- հայտարարեց Օբաման, հույսեր տալով Թուրքիային, որ նա կխուսափի «Ցեղասպանություն» բառի արտասանումից ապրիլի 24-ին, որը զանգվածային սպանությունների տարելիցն է: Դա կօգնի հեռավորության վրա պահել հայ-թուրքական հարաբերություններում նոր ճգնաժամային իրավիճակի ի հայտ գալուն եւ գալիք շաբաթների ընթացքում թույլ կտա Անկարային Հայաստանի հետ հասնել համաձայնության: Բայց արդյո՞ք դա այդպես է:
Ադրբեջանի գործոնը
Մինչեւ վերջերս կարծիք կար, որ Ադրբեջանն (ԱՄՆ-ի կողմից մեծ թվով հրումներ ստանալուց հետո) ընդունել է, որ հայ-թուրքական հարաբերությունները կնպաստեն Ղարաբաղի հարցում իր շահերի աջակցմանը:
Սակայն Օբամայի ապրիլի 6-ի այցի նախօրեին մի շարք ադրբեջանցի պաշտոնյաներ սկսեցին հաղորդել այն տխուր հետեւանքների մասին, որ կարող են ի հայտ բերվել Թուրքիայի սահմանի բացման դեպքում: Դրանց շարքում ծածկված էին այնպիսի սպառնալիքներ, ինչպիսին է ՆԱԲՈՒԿՈ ծրագրին բոյկոտելը: Այդ ծրագիրը հնարավորություն կտա ադրբեջանական ու թուրքմենական գազը տեղափոխել Թուրքիայի տարածքով դեպի արեւմտյան շուկաներ, ինչպես նաեւ կնվազեցնի կախվածությունը Մոսկվայի գազից: Մինչդեռ ազերի լոբբիստները թուրքական լրատվամիջոցներում տարածում էին այնպիսի ուռճացված ազգայնական տրամադրություններ, որ, իբր Հայաստանի հետ սահմանի բացումից հետո մյուս քայլը կլինի Արեւելյան Անատոլիայից տարածքային պահանջների ի հայտ գալը: Այն էլ՝ այն դեպքում, երբ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը նախատեսում է սահմանների փոխադարձ ճանաչումը:
Բաքվի դժգոհությունն էլ ավելի ակնհայտ դարձավ, երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հրաժարվեց մասնակցել ապրիլի 6-7-ը Ստամբուլում կայանալիք Քաղաքակրթությունների Դաշինքի գագաթաժողովին, որի ընթացքում տեղի էր ունենալու նաեւ նախագահ Օբամայի այցը: Դա Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանին ստիպեց հայտարարել, որ հայ-թուրքական սահմանի բացման մասին խոսք գնալ չի կարող, մինչդեռ չկա դրական առաջընթաց Ղարաբաղի հարցում: ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը նույնպես հրաժարվեց մասնակցել գագաթաժողովին: Վերջին պահին Վաշինգտոնը համոզեց Նալբանդյանին փոխել իր որոշումը: «Քաղաքակրթությունների Դաշինք» գագաթաժողովի ընթացքում Նալբանդյանն ու իր թուրք գործընկեր Ալի Բաբաջանը հանդիպեցին Օբամայի հետ, որը զանգահարել էր Ալիեւին եւ հորդորել սառնասրտորեն մոտենալ այդ ամենին:
Էրդողանի հավասարակշռված խաղը պատերազմի նախաշեմին
Հայաստանի հիասթափությունը հասկանալի է: Առկա թուրք-հայկական համաձայնագրի տեքստում խոսք չկա Ղարաբաղի մասին, կոչ է արվում բացել սահմանները դիվանագիտական հարաբերությունների հաստատումից եւ ընդհանուր հանձնաժողովների ստեղծումից հետո: Վերջինիս մեջ է ներառվելու նաեւ պատմական հանձնաժողովի ստեղծումը, որը «ուսումնասիրելու է» 1915 թ. դեպքերը: Էրդողանի նկատողությունները հուշում են, որ Ադրբեջանի եւ կուսակցական գործընկերների ճնշման տակ նա հետ է մղելու Ղարաբաղի հարցը դեպի հին խառնաշփոթը: Էրդողանի տեղական հակառակորդները, հատկապես՝ հիմնական ընդդիմադիր «Հանրապետական Ժողովրդական կուսակցությունը» (AKP) եւ ծայրահեղ աջակողմյան «Ազգայնական շարժում» Կուսակցությունը (MHP), մեղադրում են իշխանություններին իրենց «ազերի եղբայրներին» ծախելու համար: ՏԻՄ ընտրությունների արդյունքները նույնպես չօգնեցին: Էրդողանի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը (AKP) հավաքեց ձայների 39%-ը՝ ի տարբերություն 47%-ի, որը նա ձեռք բերեց 2007 թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Միակ հարցը, որ ծագում է. արդյո՞ք Էրդողանը կատարում է քայլ դեպի հետ, թե՞ իր ազգայնական աղմուկը ռազմավարության մի մասն է, որով նա նպատակ ունի մինչեւ Երեւանում համաձայնագրի ստորագրումը Ղարաբաղի հարցում Հայաստանից ստանալ որոշ զիջումներ: Այդպիսի զիջումներից կարող է համարվել հայկական զորքերի դուրսբերումը Ղարաբաղից դուրս գտնվող մի քանի ադրբեջանական շրջաններից: Թուրք պաշտոնյաները հույս ունեն, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը կհայտնի այդօրինակ որոշման մասին Ալիեւի հետ մայիսի 6-ին կայանալիք ԵՄ հանդիպման ժամանակ: Սարգսյանն արդեն քննադատության է հանդիպում հայկական ազգայնականների կողմից ցեղասպանության հարցի գնով Թուրքիայի հետ խաղաղություն հաստատելու համար: Նույնպիսի մեղադրանքներ են ուղղվել Հայկական սփյուռքի կողմից: Ղարաբաղի հարցում որեւէ զիջումների գնալը կարող է դուրս գալ Սարգսյանի քայքայված լեգիտիմության սահմաններից: Կան կարծիքներ, որ դա կարող է Սարգսյանի համար կյանքի գին ունենալ: (Գոյություն ունեն Թուրքիայի հետ խաղաղ հարաբերություններին խիստ ընդդիմացողներ, որոնք Ղարաբաղի պատերազմի վետերանների լոբբիի որոշ զենք կրող անդամներն են)։ Այդպիսի մեղադրանքները կարող են չափազանցված լինել, սակայն, հայտարարելով սեփական կամքը՝ Թուրքիայի հետ պաշտոնական հարաբերություններ հաստատելու գործում առանց որեւէ նախապայմանների, առավելն է, որ Հայաստանը կարող է իրեն թույլ տալ: Դրանից բացի, Ղարաբաղյան բանակցությունները միջնորդավորված են (ճիշտ է, ոչ այնքան արդյունավետ) Մինսկի խմբի կողմից, որի համանախագահներն են ԱՄՆ-ը, ՌԴ-ն եւ Ֆրանսիան: Թուրքիայի թաքնված արտահայտությունները, որ Մինսկի գործընթացը մեռած է, միայն գրգռում է ԱՄՆ-ին: Կայուն խաղաղության կարելի է հասնել միայն Ռուսաստանի օրհնությամբ:
Ամեն դեպքում, որքան երկար ժամանակ Թուրքիան ուղարկի իր ազդանշանները, այնքան ավելի կբարձրանա ու կհասնի հաջողության ազգայնական ալիքը Հայաստանում, Ադրբեջանում եւ Թուրքիայում: Էրդողանի հայտարարած «զրոյական խնդիրների» քաղաքականությունը Թուրքիայի հարեւանների հետ դատարկ կլինի, եթե Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ վերսկսող հակամարտության շողքը երեւա: Տարածաշրջանային խաղաղության պատմական հնարավորությունը կորցրած կլինի: Օբամայի ադմինիստրացիային հանդիպող մարտահրավերը ստիպում է ճնշում գործադրել բոլոր կողմերի վրա, հակառակ դեպքում նրանք կընկնեն ավելի ագրեսիվ Ռուսաստանի ճանկերը:
Հոդվածի թարգմանությունը` Արմեն ԳՐԻԳՈՐՅԱՆԻ