Հայ եւ թուրք կինոգործիչների հանդիպումները վերջին շրջանում ավելի հաճախակի են դարձել։ Երեւանում եւ Ստամբուլում անցկացվել են համատեղ կինոսեմինարներ, իսկ Ստամբուլի միջազգային կինոփառատոնի շրջանակներում արդեն երկրորդ անգամ տեղի է ունեցել «Հանդիպումներ կամրջի վրա» ծրագիրը, որի մասնակիցներն են դարձել հայ եւ թուրք ռեժիսորները, սցենարի հեղինակներն ու կինոարտադրողները, ինչպես նաեւ՝ տարբեր այլ կինոփառատոների ու հիմնադրամների ներկայացուցիչներ։
Սույն թվականի ապրիլի 4-18-ն անցկացված Ստամբուլի կինոփառատոնի ընթացքում տեղի է ունեցել նաեւ հայ-թուրքական կինոպլատֆորմի ստեղծման շնորհանդեսը։ Այդ նախաձեռնությունը պատկանում է հայաստանյան «Ոսկե ծիրան» կինոփառատոնին ու թուրքական «Անադոլու Քուլտուր» մշակութային կենտրոնին։ Հանդիպումների ու քննարկումների արդյունքում որոշվել է ամփոփել համատեղ լիամետրաժ եւ կարճամետրաժ ֆիլմերի հայտերը։
Ըստ «Ոսկե ծիրան» փառատոնի գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանի՝ մինչ օրս Թուրքիան ստացել է՝ 30, իսկ Հայաստանը՝ 12 ֆիլմերի հայտեր։ Ամեն պետությունից կընտրվեն 5 նախագծեր, որոնց հեղինակները հունիս-հուլիս ամիսներին կմասնակցեն Երեւանում կայանալիք համատեղ workshop-ին, որի ընթացքում կմշակվեն սցենարներն ու տարբեր միջազգային հիմնադրամներին ներկայացնելու արդյունավետ ուղիները։ Հայտերի հավաքագրումը կավարտվի մայիսի 15-ին։
Հայ-թուրքական կինոպլատֆորմը նախատեսում է ստեղծել նաեւ ինտերնետային կայք, որի վիրտուալ տարածքը կօգտագործվի նախագծերը հետաքրքրված կազմակերպություններին ներկայացնելու համար։