«Եթե շենքը հարմար է, ուրեմն այն ազգային է»

28/04/2009 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆԸ

Օրերս Երեւանում անցկացված Համահայկական ճարտարապետական համաժողովը Հայաստանի ու Սփյուռքի միջեւ աշխատանքային կամուրջ ստեղծելու նպատակ ուներ։ Ճարտարապետների առաջին ֆորումը ճարտարապետներին իրար հետ ծանոթանալու լավ առիթ տվեց։ Պաշտոնական ծրագրերից բացի, մասնակիցները տարբեր փոքր, նույնիսկ՝ «ընդհատակյա» հանդիպումներ էին կազմակերպում իրենց հյուրանոցներում կամ Երեւանի տարբեր ակումբներում։ Այդ շփումները նոր գաղափարներ էին խմորում ու ընդգծում Երեւանի պրոբլեմները։

Իրականում արտասահմանում ձեւավորված ճարտարապետի համար շատ բարդ է հասկանալ, թե ինչպես է զարգանում մեր քաղաքային ճարտարապետությունը։ Եթե ճարտարապետը գոնե որոշ ժամանակ Հայաստանում չի ապրել ու չի փորձել մեր կյանքին հատուկ «ներքին հոսանքը» զգալ, նա երբեք չի կարողանա բացատրել, թե ինչու է միտումնավոր տձեւացվում ու գնալով ավելի ու ավելի անհարմարավետ դառնում մեր Երեւանը։

Ճարտարապետ Վահե Թադեւոսյանը ֆորումի այն մասնակիցներից է, ով իր կյանքով ու աշխատանքով լրիվ համապատասխանում է «կամուրջ» գաղափարին, քանի որ ծնունդով երեւանցի է, ով սովորել է եւ այժմ աշխատում է Փարիզում։ Եվ նա շատ լավ գիտե Հայաստանի վերգետնյա ու ստորգետնյա խնդիրները։

– Արդյոք ճի՞շտ է, որ մենք հիմա չունենք մի անկյուն, որը կարող է 19-րդ դարի Երեւանի հետքը կրել, հիշեցնել այն շինությունների մասին, որտեղ մեր պապերն են ապրել։

– Իհարկե, 19-րդ դարի ամբողջական Երեւան մենք չենք ունեցել, կային ընդամենը մի քանի շինություններ։ Բայց պրոբլեմը շատ ավելի լայն դիտարկման կարիք ունի։ Մենք՝ հայերս, երբեք հինը պահել ու եղածի վրա նորը կառուցել չենք կարողացել։ Նայենք մեր պատմությանը. այն ամենն, ինչը սարքել ենք նախկինում, համարել ենք վատը, ջնջել, քանդել ենք, որպեսզի նորը կառուցենք։ Այդ առումով մենք շատ ծայրահեղական ենք, նորը կառուցում ենք՝ հաշվի չառնելով քաղաքի պահանջները։ Այսօր Հայաստանում ոչ թե ճարտարապետական, այլ՝ քաղաքաշինական պրոբլեմներն են շատ։ Քաղաք նախագծելը չի նշանակում՝ կտոր-կտոր էլեմենտներն իրար կողքի դնել ու կարկատել։ Տարբեր հատվածները սունկի պես աճում են, բայց ընդհանուր մտածողություն չկա։ Օրենք էլ չկա, ըստ որի՝ կարելի է արգելել, ասենք, 12-հարկանի շենքերի կառուցումը կամ կանաչ տարածքների ոչնչացումը։

– Հիմա շատ բան արդեն վաճառվել ու կառուցվել է, կստացվի՞ առողջացնել քաղաքի օրգանիզմը։

– Եթե հայաստանցի ու արտասահմանցի մասնագետներից կազմված որեւէ վերահսկողական մարմին լինի, որը օրենք կմշակի, իհարկե կստացվի փրկել քաղաքը։ Առաջնայինը քաղաքաշինական օրենսդրությունն է, իսկ տեխնոլոգիաները երկրորդական են, դրանք հետագայում անպայման կթարմացվեն, կզարգանան։ Քաղաքը կենդանի օրգանիզմ է, որի հետ պետք է զգույշ վարվել։

– Մենք լավ օրենքներ ունենք, բայց դրանք չեն գործում։ Կարծում եմ, դա ոչ միայն մենք ենք նկատում, այլեւ՝ Հայաստանի հյուրերը։

– Եթե օրենք լինի, որոշ ժամանակ հետո բոլորն էլ կենթարկվեն այդ օրենքին։ Ես շատ եմ մտածել, թե ինչու մենք օրինապաշտ չենք։ Պատմականորեն մենք միշտ եղել ենք օտարի լծի տակ, իսկ այն օրենքները, որով առաջնորդվել ենք, եղել են ուրիշի ստեղծած օրենքները։ Մենք շարունակում ենք այդպես ընկալել օրենքի ուժը նաեւ այսօր։ Սակայն հիմա արդեն այդպես չէ, հիմա թուրքի կամ ռուսի օրենքները չեն, որոնց չենթարկվելը նույնիսկ կարելի էր քաջություն համարել։ Մեր մեջ մտած է օրենքն ամեն գնով խախտելու ցանկությունը, եւ հենց դա է ամեն քայլափոխին նկատվում։ Այդպես չպիտի լինի, պետք է գիտակցենք, որ օրենքները մերն են ու մեզ համար են ստեղծվել։ Չեմ ուզում կատեգորիկ լինել, բայց հիմա արդեն 1992 թվականը չէ, շատ բան է փոխվել, ու պետք չի մոռանալ, որ թեկուզ շատ բան կորցրել ենք, բայց նաեւ որոշակի արժեքներ ենք ստեղծել։

– Եթե հայաստանցի ու սփյուռքահայ ճարտարապետների միավորում ստեղծվի, հնարավոր կդառնա՞ կանոնավորել շինարարությունը։

– Ես շատ մեծ հույս ունեմ, որ առաջին անգամ անցկացված այս համահայկական ֆորումն իր արդյունքները կտա։ Եվ եթե միավորում ստեղծվի, ապա օրենքների մշակման գործում անպայման պիտի դրսի մարդիկ ներգրավված լինեն, քանի որ արտասահմանում կայացած մասնագետներին վախեցնել կամ կաշառել չի ստացվի։ Նրանք վստահ կասեն՝ որքան ուզում եք փող առաջարկեք, մենք ձեզ տարածք չենք տրամադրի՝ մինչ հստակ չիմանանք՝ ձեր ապագա կառույցը համապատասխանելո՞ւ է, թե՞ ոչ քաղաքաշինական նախագծին։ Օրենքին ենթարկվելն ու չվախենալը շատ կարեւոր է։

– Ճարտարապետների համաժողովն ապացուցեց, որ փոքր խմբերն ու քննարկումները շատ արդյունավետ են, ճարտարապետներն իրար հետ ծանոթանում են ու համատեղ նախագծեր են մշակում։ Համաձա՞յն ես։

– Համաձայն եմ, հարցերը միշտ էլ այդպես են լուծվել։ Փոքր խմբավորումները իրար հետ կիսվելով ու խոսելով՝ կարող են շատ բան փոխել։ Հույսս առաջին հերթին կապված է դրսի ուժի հետ, քանի որ Հայաստանի ներսում բազմաթիվ մանր խնդիրներ կան, ու ճարտարապետներն էլ դրանցից ազատ չեն կարող լինել, խնդիրները «կապում» են նրանց ձեռքերն ու լեզուները։

– Ճարտարապետությունը կարո՞ղ է ազգային լինել։

– Ազգային ճարտարապետությունը նուռն ու խաղողը կամ կամարը չի։ Ազգայինը մտածողությունն է։ Եթե այսօր հայ ճարտարապետն ուզում է ազգային լինել, պետք է հաշվի առնի հայ մարդու պահանջները, ենթադրի, որ իր կառուցած տանը հայաստանցի ընտանիք է ապրելու։ Դրա համար առաջին հերթին պետք է հաշվի առնել աշխարհագրական պլյուսներն ու մինուսները, արեւն ու ձյունը, եւ այլն։ Այսինքն՝ ազգայինը մեզ համար կոնկրետ այս հողի վրա կառուցած ու կլիմայական գոտուն բնորոշ ճարտարապետական կառույցներն են։ Ախր ճարտարապետությունը միայն արհեստական ֆորմաներ ստեղծել չէ։ Ֆորման միշտ ֆունկցիայից է բխում, եւ ֆունկցիան մեր ապրելակերպն է, մեր մտքերը։ Իսկ հիմա շատերը կամարներ են անում ու ասում են՝ սա է հայկականը։ Ո՞վ ասաց, որ այդպես է։ Ճարտարապետությունը հիմա հսկայական քայլերով ինդուստրիալացվում է, արդեն կամարի մասին խոսելն ավելորդ է։ Այսօր ազգային ճարտարապետական օրենքներով ստեղծած շենքը կարող է այն շենքը համարվել, որտեղ հայն իրեն հարմարավետ է զգում։ Եթե մարդուն հարմար է, ուրեմն այդ շենքն ազգային է։

– Իրականում երեւի դժվար է ասել, որ մեր տները ազգային առանձնահատուկ դիմագծեր ունեն, մենք սովետական պլանով էինք զարգանում, իսկ վերջին տասնամյակում անարխիկ կերպով ենք վերակառուցվում։ Ով փող ունի՝ ոսկեզօծ պսեւդո-ամպիր ոճն է ընտրում։

– Դա սկիզբ է։ Կանցնի որոշ ժամանակ, ու մարդիկ կկրթվեն։ Չէ՞ որ, երբ ջրի ծորակը երկար ժամանակ փակ է մնում ու հետո հանկարծ բացվում է, սկսում է ժանգոտ ու կեղտոտ ջուր հորդալ։ Պետք է թողնես, որ ջուրը որոշ ժամանակ հոսի, որպեսզի մաքրվի։ Նույնն էլ ճարտարապետական ճաշակի պարագայում է։ Կանցնի «չտես» լինելու ժամանակն, ու այլեւս ոսկե շրջանակներն ու ոսկե առաստաղները «լավ տղա» լինելու հոմանիշը չեն համարվի։ Ինձ, օրինակ, այստեղ շատերն ասում են՝ վայ, որքան ես նիհարել, երեւի գործերդ լավ չեն։ Փաստորեն լավ գործերի չափանիշը մեծ ու հաստ փորն է դարձել։

– Կամ էլ հաստ վիզը։

– Ճիշտն ասած, ես դրանից շատ վատ եմ ինձ զգում։ Ֆունկցիոնալ լինելու գաղափարն է խախտվել։ Երբ Փարիզում աշխատում եմ պատվիրատուների հետ, առաջին հարցը, որն ինձ տալիս են, լինում է՝ «Իսկ ի՞նչ է արժենալու շենքը՝ շահագործման ժամանակ»։ Այսինքն՝ մարդիկ ուզում են իմանալ, թե որքան հոսանք, գազ են ծախսելու։ Դա ֆունկցիոնալը գնահատելու նշան է։ Իսկ եթե Հայաստանում ասես պատվիրատուին, որ փորձել ես խնայողական ծախսեր ապահովող նախագիծ անել, որ օգտագործելու ես արեւի էներգիան կամ ջերմությունը պահպանող հնարքները, քեզ կասեն՝ թքած ունենք ծախսերի վրա, մեզ մեծ պատուհաններ, կամարներ կամ ոսկեզօծ շրջանակներ են պետք։ Երեւի դեռ չի եկել այն պահը, երբ հայաստանցին սկսի մտածել իր եւ շրջապատի ներդաշնակության մասին։ Միգուցե հենց այն հանգամանքը, որ հայերը թողնում են Հայաստանը, գնում են այլ երկրներ սովորելու կամ ապրելու, վերջիվերջո կօգնի հավասարակշռություն գտնել։ Շատերը դուրս գնալով՝ կրթվում են։ Շատ կուզեի, որ հայաստանցի երիտասարդները հաճախ դուրս գալու հնարավորություն ունենային։ Եվ պետք չէ մտածել, որ նրանք որպես հայ դրսում կորելու են։ Ընդհակառակը՝ նրանք շատ ավելի լավ են ընկալելու իրենց հայ լինելը։ Հայի սիրտը միշտ էլ հայերեն է ցավում ու հայերեն է մտածում։ Ես, օրինակ, հենց Ֆրանսիայում հասկացա, որ սիրտս Հայաստանում է, քանի որ միայն այստեղ կա այն էներգիան, այն արեւը, որը լիցքավորում է հային։