Բուժիչ նամակ

28/04/2009 Սուսաննա ԱԶԱՏՅԱՆ

Սիրելի ընթերցող, մի մոռացիր, որ յուրաքանչյուր օրգանիզմ յուրովի կարող է արձագանքել այս կամ այն դեղատոմսին: Ինչն օգտակար է մեկին, կարող է հակացուցված լինել մյուսին: Այդ պատճառով մինչ դեղատոմսերը գործածելը, ճիշտ կլինի խորհրդակցել բժշկի հետ:

Գազարը ժողովրդական բժշկության մեջ

Գազարը մարդկությանը ծանոթ է դեռեւս հին ժամանակներից` մ.թ.ա. երկրորդ հազարամյակից, իսկ մեզ մոտ` 14-րդ դարից: Այսօր այն ցանկացած բանջարանոցի անբաժանելի մասն է կազմում:

Գազարը բնական պոլիվիտամին է: Այն պարունակում է շատ կարոտին, որը մարդու օրգանիզմում վերածվում է վիտամին A-ի: Վիտամին A-ի պակասն օրգանիզմում հանգեցնում է սակավարյունության, տեսողության ու դիմադրողականության անկման: Գազարի վիտամինները հիմնականում նրա կեղեւի մեջ են: Գազարի կարմիր տեսակն ավելի հարուստ է վիտամիններով, քան նարնջագույն տեսակը: Հիպո- եւ ավիտամինոզի դեպքում, պրոֆիլակտիկ նպատակներով, այն հատկապես շատ անհրաժեշտ է ձմռանն ու գարնանը: Այն նաեւ էական օգնություն կարող է ցուցաբերել հանքային եւ ճարպային նյութափոխանակության խանգարման հետ կապված խնդիրներին: Գազարի բջջանյութն օրգանիզմից հեռացնում է խոլեստերինի ավելորդ քանակը, իսկ եղած յոդի քանակը կանխում է ճարպակալումը: Գազարի հյութը նպաստում է աշխատունակության բարձրացմանը, լավացնում է ախորժակն ու մարսողությունը:

Մեծ թիվ են կազմում մեզ ուղարկված գազարով դեղատոմսերը: Ներկայացնում ենք դրանցից մի քանիսը:

Գազարայուղն ունի ոչ պակաս բուժական նշանակություն, քան չիչխանի յուղը։ Արծաթապատ ամանի մեջ լցնել 1 բաժակ քերած գազար, ավելացնել 1,5-2 բաժակ արեւածաղկի կամ ձիթապտղի յուղ, բերանը պինդ փակել եւ դնել եռացող ջրով կաթսայի մեջ, թողնել 15 րոպե։ Սառեցնել սենյակային ջերմաստիճանում, քամել երկտակ թանզիֆով։ Գազարայուղը (կարոտինայուղ) պատրաստ է օգտագործման համար։ Ընդունել 3 անգամ 1-ական թեյի գդալ (3 րոպե պահել բերանում, այնուհետեւ թափել): Այն հատկապես լավ է ծխողներին:

Հրաշալի ներգործություն ունի նաեւ արտաքին օգտագործման դեպքում։ Այն ուղղակի պետք է քսել մարմնի հիվանդ մասերին։ Յուղը պետք է պահել սառնարանում։

Գազարի հյութը պետք է խմել անմիջապես հյութաքամիչով անցկացնելուց հետո։ Գազարի հյութի 3/4 բաժակին ավելացնել կես բաժակ կաղամբի հյութ, ավելացնել 1 մաս լոլիկի հյութ։ Խառնել եւ խմել։ Շատ է օգնում նիհարելուն, մաքրում է երիկամները եւ հակաքաղցկեղածին նշանակություն ունի։

– 1 ճաշի գդալ գազարի սերմին ավելացնել 1 բաժակ եռջուր եւ 12 ժամ թրմել։ Քամել, խմել տաք վիճակում՝ կես բաժակ, օրը 5-6 անգամ, ուտելուց առաջ: Այս միջոցը օգնում է մաքրել երիկամներն ավազից։

– 4 ճաշի գդալ գազարի հյութին ավելացնել 1 ճաշի գդալ ճակնդեղի հյութ եւ վարունգի 4 ճաշի գդալ հյութ։ Այս միջոցը եւս օգտակար է երիկամներին:

– Հեպատիտով հիվանդներին շատ օգտակար է, եթե գազարահյութը խառնեն քերած խնձորի եւ մեղրի հետ ու օգտագործեն ամեն օր:

– Վերցնել 1 ճաշի գդալ թարմ գազարահյութ, ավելացնել նույնքան ձիթապտղի յուղ, 5 կաթիլ սխտորի հյութ եւ լավ խառնել ու հարբուխի դեպքում կաթեցնել քթանցքերը։

Թեյ գազարով

Վերցնել միջին մեծության գազար, քերել, մանրացնել, ավելացնել 1 բաժակ եռջուր, մի քանի մեխակ, այս բոլորը լցնել թերմոսի (ջերմապահ) մեջ։ 1 ժամ հետո կարելի է քամել, վրան ավելացնել կես թեյի գդալ մեղր եւ կես օղակ կիտրոն։ Հրաշալի համ ունի։

Կաղամբի, խնձորի եւ գազարի 1-ական բաժակ հյութը խառնել մեծ ապակյա տարայի մեջ եւ խմել ուտելուց կես ժամ առաջ, կես բաժակից։ Խմել 10 օր ժամկետով, 2 շաբաթ ընդմիջումից հետո նորից կրկնել: Այն շատ լավ մաքրում է օրգանիզմը:

Պեպենների բուժումը ժողովրդական բժշկությամբ

Արեւի ճառագայթներն ուժեղանալու հետ մեկտեղ, ավելի արտահայտիչ են դառնում պեպեններն ու այլ պիգմենտացիոն բծերը: Այս դեպքերում ճիշտ է օգտագործել սպիտակեցնող դիմակներ: Սպիտակեցնող դիմակների համար ավելի ռացիոնալ հիմք են հանդիսանում յուղոտ քսուքները, որոնք ջուր չեն պարունակում: Այն 10-12 օրվա ընթացքում, երբ օգտագործում եք սպիտակեցնող քսուք, խորհուրդ չի տրվում դեմքը լվանալ ոչ երեկոյան, ոչ էլ առավոտյան, որովհետեւ լվացվելը՝ արագացնելով քսուքի ազդեցությունը, կարող է գրգռել մաշկը: Երեկոյան դեմքը մաքրում են մաքրող քսուքներով, իսկ յուղոտ մաշկի դեպքում` թթու կաթով, որից հետո դեմքին քսում են սնուցող քսուք: Առավոտյան պետք է դեմքը մաքրել տաք ջրով կամ թեյով թրջած բամբակով ու լավ չորացնել: Տանից դուրս գալուց 30 րոպե առաջ դեմքի այն մասերին, որտեղ պեպեններ կան, պետք է քսել սպիտակեցնող քսուք: Այսպես շարունակելով 10-12 օր հետո մաշկի զգայունությունը թուլանում է, եւ արդեն կարելի է երեկոյան լվացվել:

Իսկ որպես մաշկը սպիտակեցնող միջոց՝ կարելի է օգտագործել կարտոֆիլը: Արդյունքն ավելի ուժեղ լինելու համար քերած կարտոֆիլին կարելի է ավելացնել մի քիչ կեֆիր եւ վարունգի խյուս: Սպիտակեցնող հատկություն ունեն նաեւ գլուխ սոխը, ծովաբողկը, բողկն ու թարմ վարունգը: Իհարկե, ցանկացած ձեւով էլ արդյունքի հասնելու համար պետք է զինվել համբերությամբ: