Թեկուզ մեկ քայլ

23/04/2009

«Եվրամիությունը մեծ կարեւորություն է տալիս Թուրքիայի` որպես կառույցին անդամակցության թեկնածու երկրի պարտավորությանը` ունենալու լավ հարաբերություններ հարեւանների հետ. այս սկզբունքը հիմնարար է մեզ համար»,- «Արմենպրեսին» տված հարցազրույցում նման հայտարարություն է արել ԵՄ անվտանգության եւ արտաքին քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Խավիեր Սոլանան: Ըստ նրա, ԵՄ-ն մշտապես խրախուսել է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների բարելավումը` որպես տարածաշրջանում կայունության եւ բարգավաճման կարեւոր գործոն: «Բոլորի շահերից է բխում լուծել այս խնդիրը, որպեսզի նոր մթնոլորտ առաջանա Հարավային Կովկասում: Մենք խրախուսում ենք կողմերին՝ շարունակել նույն ճանապարհով. այս հարթության վրա առաջընթացը դրական ազդեցություն կունենա տարածաշրջանի կայունության եւ բարգավաճման վրա»,- ասել է Խ.Սոլանան: Թուրքիայի կողմից ԼՂ հակամարտությունը որպես հարաբերությունների հաստատման նախապայման առաջադրման ընդունելիության մասին հարցին ի պատասխան՝ ԵՄ գերագույն հանձնակատարը նշել է, որ ՀՀ-ի եւ Թուրքիայի միջեւ բարիդրացիական հարաբերությունների հաստատման շրջանակներում ԵՄ-ն կոչ է անում բացել սահմանն առանց նախապայմանների: «Մեկ հարցի դրական լուծումը կարող է դրական դինամիկա ստեղծել նաեւ մյուս խնդիրների լուծման համար»,- հայտարարել է Սոլանան: