Տրոհված գործի միասնական նիստերը

23/04/2009 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Երեկ Հայաստանի երեք` Շենգավիթ, Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարաններում սկսվեցին ու հետաձգվեցին տրոհված «7-ի գործով» անցնող 5 քաղբանտարկյալների դատավարությունները: Ընդ որում, նրանցից երեքի` պատգամավորներ Հակոբ Հակոբյանի, Մյասնիկ Մալխասյանի եւ Սասուն Միքայելյանի դեպքում երեկ դատական առաջին նիստն էր տեղի ունենում այն բանից հետո, երբ տրոհվեց «7-ի գործը»:

Երեկ նախ սկսվեց եւ միանգամից ավարտվեց Ալեքսանդր Արզումանյանի եւ Սուրեն Սիրունյանի գործով դատավարությունը, քանի որ դատակոչված երկու վկաները չէին ներկայացել: Այդ երկուսը վերջին չհարցաքննված վկաներն էին. մեղադրող կողմը նախորդ դատական նիստի ժամանակ հրաժարվել էր գործով անցնող 2 վկաներից: Ա.Արզումանյանը մեղադրող կողմին առաջարկեց հրաժարվել նաեւ այս վկաներից: «Մանավանդ որ, նրանց ասածների մեջ ոչ մի էական բան չկա»,- ասաց քաղբանտարկյալը: «Ուզում եք, Սերժին ու Ռոբին էլ բերեք-հարցաքննեք»,- ավելի ուշ գլխավոր մեղադրող Կորյուն Փիլոյանին դիմելով` ավելացրեց Ա.Արզումանյանը:

Դատավոր Մնացական Մարտիրոսյանը որոշեց այդ երկու վկաներին բերման ենթարկել եւ հաջորդ նիստը նշանակեց ապրիլի

27-ին, ժամը 14։00-ին: Հիշեցնենք, որ այս գործով արդեն հարցաքննվել են 11 վկաներ, որոնց մեծ մասը կամ հոգեկան խնդիրներ ուներ, կամ էլ տառապում էր հիշողության կորստով: Բոլոր դեպքերում նրանց հարցաքննությունը, հակասական պատասխանները ոչ միայն զավեշտալի վիճակի մեջ էին դնում իրենց եւ մեղադրանքը կազմողներին ու պաշտպանողներին, այլեւ ապացուցում էին, որ Հատուկ քննչական ծառայության սարքած գործերն այլեւս չեն դիմանում նույնիսկ իշխանության աչալուրջ հսկողությամբ իրականացվող դատաքննությանը: «Իմ կարծիքով՝ վկաներն ակամա հաստատում են, որ մեղադրանք չկա, եւ դա գիտակցում են նաեւ մեղադրողները»,- ասաց Ա.Արզումանյանի պաշտպան Լիպարիտ Սարգսյանը:

Մյասնիկ Մալխասյանի ու Հակոբ Հակոբյանի դեպքում դատավարությունը պարզապես հետաձգվեց, որովհետեւ չէին ներկայացել նրանց պաշտպաններ Հովիկ Արսենյանն ու Մելանյա Առուստամյանը: Հ.Արսենյանը երեկ մասնակցում էր Սասուն Միքայելյանի դատավարությանը, Մ.Առուստամյանն էլ հիվանդ լինելու մասին գրություն էր ներկայացրել: Իսկ Մ.Մալխասյանը հայտարարեց, թե դեռեւս «7-ի գործով» դատավարության ժամանակ ինքը հրաժարվել է իր պաշտպանների ծառայությունից, այդ մասին դատարանին դիմում է ներկայացրել, բայց, չգիտես ինչու, տրոհելուց հետո էլ իր գործով նորից նույն պաշտպաններն են ներգրավված: Նա հայտարարեց, որ իրեն նոր պաշտպան ունենալու հնարավորություն չեն տվել, ու դրա համար դատավոր Արմեն Խաչատրյանից ժամանակ խնդրեց: Դատավորը դատական նիստը հետաձգեց մինչեւ ապրիլի 28-ը: Իսկ Հ.Հակոբյանի դատական նիստը դատավոր Գագիկ Ավետիսյանը նշանակեց ապրիլի 27-ին: «Ես կորցրել եմ իմ պաշտպանին»,- կատակեց պատգամավորը:

Ավելի ուշ` Կոտայքի մարզում

Դեռեւս «7-ի գործով» դատավարությունների ժամանակ Հրազդանից ու Վանատուրից հարյուրավոր մարդիկ էին գալիս Երեւան` Սասուն Միքայելյանին իրենց աջակցությունը հայտնելու համար: Հավանաբար, մարդկանց այդ բազմությունից ազատվելու համար իշխանությունները որոշեցին Ս.Միքայելյանին դատել ավելի հեռու` Աբովյան քաղաքում գտնվող Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, որպեսզի դատական նիստերի ժամանակ շատ մարդիկ չհավաքվեն: Բայց նրանց հաշվարկները սխալ դուրս եկան, քանի որ երեկ Աբովյանի դատարանի շենքի մոտ էին հավաքվել Ս.Միքայելյանի հարյուրավոր հարազատները, ընկերներն ու պարզապես համակիրները: Հիշեցնենք, որ Ս.Միքայելյանը, բացի ՔՕ 225-րդ հոդվածի առաջին մասից` զանգվածային անկարգություն կազմակերպելու մեղադրանքից, մեղադրվում է նաեւ 235-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով` ապօրինի զենք-զինամթերք պահելու մեղադրանքով: Երեկվա դատական նիստը նախ սկսվեց նշանակված ժամից ուշացումով: Ու թեեւ բաց դատական նիստ էր, սակայն մի քանի րոպեով ուշացած լրագրողներին դահլիճ չթողեցին: Նույնիսկ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանին դիմելուց հետո էլ ուշացած լրագրողներին թույլ տրվեց դատավարությանը ներկա լինել միայն ընդմիջումից հետո: Այստեղ մեղադրանքը պաշտպանում էին միանգամից երեք մեղադրողներ` Կ.Փիլոյանը, Արամ Ամիրզադյանը եւ Լիլիթ Թադեւոսյանը: Դատը նախագահում էր Կոտայքի մարզի դատարանի դատավոր Հրայր Սարգսյանը: Եվ հենց սկզբից դատավորը խառնեց դատական նիստը վարելու քայլերի հերթականությունը: Ս.Միքայելյանին իր իրավունքների ու պարտականությունների մասին տեղեկացնելու փոխարեն, այդ գործընթացը սկսեց պաշտպանից: Դժվար է ասել` դատավորը չգիտե՞ր դատավարության այդ տարրական կանոնը, թե՞ դրան կարեւորություն չտվեց: Բոլոր դեպքերում, նիստի հենց սկզբին Ս.Միքայելյանի պաշտպան Հ.Արսենյանը դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց: Դատավորը միջնորդությանը պատասխանելու համար ընդմիջում հայտարարեց: «Մինչեւ ե՞րբ»,- հարց հնչեց դահլիճից: «Չգիտեմ»,- անկեղծորեն պատասխանեց դատավորն ու դուրս եկավ: «Որտեղի՞ց պետք է իմանաս, հլա պիտի զանգես վերեւներիդ ու իմանաս, թե ինչ պիտի անես: Հիմա էլ ընդմիջման ժամն է, ու կարող է քեզ կարգադրողները հաց ուտելու են: Ի՞նչ իմանաս, թե երբ քեզ կպատասխանեն»,- կատակում էին դահլիճից:

Դատավորը վերադարձավ մոտ 1 ժամ անց, ասաց, որ մերժում է ինքնաբացարկի միջնորդությունը, ու կրկին 20 րոպե ընդմիջում հայտարարեց: Ի դեպ, դահլիճը, որտեղ ընթանում էր Ս.Միքայելյանի դատավարությունը, շատ փոքր էր: Եվ այդ պայմաններում անգամ դահլիճ էին բերել մի խումբ անծանոթ երիտասարդների, ովքեր զբաղեցրել էին աթոռները, իսկ Ս.Միքայելյանի հարազատների մի մասը դրսում էր մնացել: Այդ փոքր դահլիճում էին նաեւ մոտ 15 դատական կարգադրիչներ: Ընդմիջումից հետո Հ.Արսենյանը ներկայացրեց երկրորդ միջնորդությունը` այս անգամ դատարանից պահանջելով փոխել Ս.Միքայելյանի խափանման միջոցը: Պաշտպանն իր միջնորդությունը հիմնավորեց մի քանի հանգամանքով. նախ փոփոխության են ենթարկվել նախկին մեղադրանքի հիմքում ընկած ՔՕ 225-րդ եւ 300-րդ հոդվածները, բացի այդ, գործում մինչեւ հիմա չկան մեղադրանքն ապացուցող փաստեր: Իր պաշտպանի միջնորդությանը միացավ Ս.Միքայելյանը:

«Ընտանիք ունեմ, ուսանող, զինծառայող ու անչափահաս երեխաներ ունեմ: Իմ կալանքի միջոցը փոխեք, դուրս գամ, էլի դատը շարունակեք: Հերիք է ԿԳԲ-ի պադվալներում փտենք: Իմ բոլոր հարազատներին գործից ազատել են, ով ինձ բարեւ է տվել, նրանց էլ հեռացրել են գործից: Էն օրենքները, որոնց մեղադրանքով դատախազն Ազգային ժողովին միջնորդեց զրկել մեզ անձեռնմխելիությունից, այսօր գոյություն չունեն: Մեր մասով Ազգային ժողովը նոր որոշում պետք է ընդունի: Ինչո՞ւ եք ԱԺ մեղքը ձեր վրա վերցնում: Առողջական խնդիրներ ունեմ, ինֆարկտ եմ տարել, ես պետք է բժշկի մշտական հսկողության տակ լինեմ: Իմ կալանքի միջոցը փոխեք, էլի դատեք: Եթե ինչ-որ մեկի թելադրանքով դատավարություն պետք է անեք, ապա ձեզ խնդրում եմ հաջորդ նիստին արդեն ինձ դատեք. ես արդեն հոգնել եմ այս ձեւական տեքստերից»,- մեղադրողներին ու դատավորին դիմելով` հայտարարեց Ս.Միքայելյանը:

Իհարկե, Կ.Փիլոյանն ընդդիմացավ Ս.Միքայելյանի կալանքի միջոցը փոխելու առաջարկությանը, իսկ դատավորն այդ միջնորդությունը քննելու համար գնաց խորհրդակցական սենյակ եւ դատական նիստը նշանակեց այսօր ժամը 11։00-ին:

«7-ի գործով» մյուս քաղբանտարկյալ Գրիգոր Ոսկերչյանի երեկվա դատական նիստը 3 օրով հետաձգվեց, քանի որ մահացել է նրա մայրը: Իսկ Շանթ Հարությունյանի մասով դատական նիստ դեռ չի նշանակվել: