Երեկ ՀՅԴ-ի կողմից կազմակերպված «Հայ-թուրքական հարաբերությունների առկա վիճակը եւ զարգացման հեռանկարները» թեմայով քննարկման ժամանակ Հայ հեղափոխական դաշնակցության Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը հայտարարել է, որ հայ-թուրքական հարաբերությունների բարելավման ուղղությամբ բանակցություններում Հայաստանը դեռեւս միայն վնասներ է կրել եւ պարտված է դուրս եկել: Ամփոփելով նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնած «Ֆուտբոլային դիվանագիտության» մեկ տարին. Հ. Մարգարյանն ասել է, որ մեկ տարի առաջ Հայաստանն ավելի ուժեղ էր, քանի որ առաջ էր շարժվում հարաբերությունների կարգավորմանն ընդառաջ` առանց նախապայմանների: «Առանց որեւէ նախապայմանը» այն երաշխիքն է, որ մեզ հույս է տալիս, որ գուցե կարողանանք հարաբերություններ ստեղծել թուրքական կողմի հետ: Այնինչ պարզվում է, որ հենց այդ սկզբունքի խախտումը ձախողման պատճառ դարձավ: Մենք զիջեցինք հենց այդ հիմնական սկզբունքը: Այսինքն, եթե մենք չզիջեինք այդ սկզբունքը, դրա վրա ամուր կառչած մնայինք, թուրքական կողմն աշխարհին կներկայանար որպես մեղավոր կողմ»,- ասել է Հ. Մարգարյանը` ավելացնելով, որ այսօր այդ իրավիճակը փոխվել է, ընդ որում` ամենեւին ոչ Հայաստանի օգտին, քանի որ «Թուրքիան կարողացել է իր առնվազն երկու նախապայմանը անուղղակի մեկնաբանման կարգով ընդունելի դարձնել»: Մասնավորապես, Հրանտ Մարգարյանը նշել է այն, որ մեկ տարի առաջ առնվազն Թուրքիան չէր կարող խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, իսկ այսօր Ղարաբաղի խնդրի կարգավորումը դնում է հայ-թուրքական հարաբերությունների հիմքում: «Հայ-թուրքական հարաբերությունները, Ղարաբաղի, Ջավախքի, եւ մյուս հայկական խնդիրները մեկ ամբողջություն են ու մեկի լուծման համար չի կարող մյուս հարցը «մատաղ արվել»,- հայտարարել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը: Ըստ Հրանտ Մարգարյանի, եթե հայ-թուրքական բանակցային գործընթացում պատմաբանների հանձնաժողովի, Թուրքիայի տարածքային ամբողջականության ճանաչման, Լեռնային Ղարաբաղին հարակից շրջանների վերադարձի եւ այլ զիջումների տրամադրություններ են եղել, ապա Հայաստանը պետք է հետ կանգնի դրանից, քանի որ դա ծուղակ է: «Թուրքիան խախտել է բանակցությունների սկզբունքը, եւ հայկական կողմը պետք է վերադառնա իր սկզբունքայնությանը, այլապես հայ-թուրքական կարգավորումը կարող է մտահոգիչ լինել»,- հայտարարել է Հրանտ Մարգարյանը:
Հրանտ Մարգարյանի «մտահոգությունները», իհարկե, տեղին են եւ, ամենայն հավանականությամբ, բացառապես ազնիվ ու հայրենասիրական մղումներ ունեն: Անհասկանալի է միայն, թե նման իրական մտահոգություններ ունեցող քաղաքական ուժը ինչ գործ ունի կոալիցիայում: Հրանտ Մարգարյանը հայտարարում է, որ Հայաստանն արդեն պարտված է, որ ղարաբաղյան հակամարտությունը հայ-թուրքական բանակցություններում դրված է որպես նախապայման, սակայն դաշնակցական նախարարներն ու այլ պաշտոնյաները առավոտյան շարունակում են գնալ աշխատանքի: