Քաջալերում են

23/04/2009

«Եվրամիությունը քաջալերում է Հայաստանին եւ Թուրքիային` հաղթահարել հարաբերություններում մնացած վերջին խոչընդոտները եւ օգտվել տասնամյակներով շարունակվող այս տարաձայնությունը լուծելու հնարավորությունից»,- նախօրեին Պրահայում Թուրքիայի հետ բանակցություններից հետո նման հայտարարություն է արել Եվրամիության ընդարձակման հարցերով հանձնակատար Օլի Ռենը: «Մենք հորդորում ենք Թուրքիային եւ Հայաստանին հարաբերությունների նոր դարաշրջան սկսել. դա կլինի ամենակարեւոր քայլը` Հարավային Կովկասի հետագա կայունության եւ բարգավաճման ուղղությամբ»,- ասել է նա: «Մենք Հայաստանի հետ բանակցություններում բավականին մեծ առաջընթաց ենք արձանագրել»,- իր հերթին Պրահայում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը: «Ազատություն» ռադիոկայանի այն հարցին, թե կոնկրետ ե՞րբ է բացվելու Եվրոպայի վերջին փակ սահմանը, Թուրքիայի արտգործնախարարը հստակ պատասխան չի տվել, փոխարենը՝ հայ-թուրքական հաշտեցումը պայմանավորելով ղարաբաղյան հակամարտության լուծման հետ: «Կովկասում բազմաթիվ խնդիրներ կան` Հարավային Օսիա, Աբխազիա, ղարաբաղյան հակամարտություն: Թուրքիան մի կողմից՝ շարունակում է բանակցությունները Հայաստանի հետ հարաբերությունները լիարժեք կարգավորելու ուղղությամբ, մյուս կողմից` աջակցում է այդ հակամարտությունների կարգավորմանը: Հենց այդ նպատակով մենք նախաձեռնել ենք Կովկասյան կայունության եւ անվտանգության պլատֆորմը` հինգ երկրների մասնակցությամբ: Երեկ տեղի է ունեցել այդ պլատֆորմի փոխարտգործնախարարների հերթական` երրորդ հանդիպումը,- ասել է Ալի Բաբաջանը` ավելացնելով,- Թուրքիան հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը ընդգրկուն կերպով է մոտենում` ձգտելով կայունություն եւ անվտանգություն հաստատել տարածաշրջանում»: Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը` Բաբաջանը նշել է, որ 2009 թվականը հակամարտությունը կարգավորելու շատ լավ հնարավորություն է ընձեռում, որը չպետք է կորցնել: «Մենք շատ գոհ ենք, որ երկու նախագահները` Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը, ժամանակ առ ժամանակ հանդիպումներ են ունենում, եւ շատ մեծ հույս ունենք, որ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցությունները արդյունքներ կտան: Մենք քաջալերում ենք կարգավորման այս գործընթացը, եւ խոսում ենք երեք համանախագահների` Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի հետ, որոնք ամուր քաղաքական կամք ունեն եւ տարածաշրջանային խաղաղության տեսլական,- հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը` շեշտելով,- Մենք համոզված ենք, որ այս խնդիրները կարող են լուծվել. այժմ մենք դրանք լուծելու իրական հնարավորություն ունենք»: Անդրադառնալով Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցություններին, Ալի Բաբաջանն ասել է, որ Անկարան հաստատակամ է պահանջվող բարեփոխումներն իրականացնելու եւ շարունակելու հարցում: «Թուրքիան այս ուղղությամբ հսկայական աշխատանք է տարել վերջին հինգ-վեց տարիներին, ինչի վրա հիմնվելով կարելի է կանխատեսել, թե որքան կարող է փոխվել առաջիկա 5-6 տարիների ընթացքում,- հայտարարել է նա` ավելացնելով,- Թուրքիան փոխվում է ամեն օր, շատ արագ, եւ բանակցությունների ավարտին մենք բոլորովին այլ երկիր ենք ունենալու. երկիր, որը եվրոպացիները գուցե ավելի լավ կհասկանան, եւ հուսով եմ, ավելի բարձր կգնահատեն: Միեւնույն ժամանակ Շվեդիայի արտգործնախարար Կարել Բիլդտը, ում երկիրը հուլիսից ստանձնելու է՝ Եվրամիության նախագահությունը, ասել է. «Թուրքիան Եվրամիության երկրորդ ռազմավարական գործընկերն է` Միացյալ Նահանգներից հետո: Եվրամիությունը Թուրքիայի անդամակցությամբ կդառնա ավելի ուժեղ, դինամիկ եւ ծանրակշիռ»: