Այս թեմային երրորդ անգամ եմ անդրադառնում: Առաջինը` ՀՀ կառավարության որոշման առիթով էր: Մեր իշխանությունները 7-8 ամիս առաջ հայտարարեցին իրենց նոր ու փայլուն ծրագրի մասին: Ծրագիր, որը պիտի աջակցեր արտասահմանյան բուհերում սովորող հայ ուսանողներին եւ շնորհալիներին հնարավորություն տար սովորելու այդ բուհերում: Առաջին հոդվածում ենթադրել էինք, որ հայրենի իշխանությունները պատրաստվում են պետական բյուջեի հաշվին կազմակերպել իրենց սիրասուն զավակների ուսումնառությունն արտասահմանում: Հոդվածին արձագանքեց ԳԱԱ թղթակից անդամ Ա. Իշխանյանը: Նա պնդում էր, որ ես անհարկի փորձել եմ նսեմացնել ազգային այդ ծրագիրը: Պարոն Իշխանյանը, որպես ծրագրի հեղինակ՝ ներկայացրեց այն երկար ճանապարհը, որն անցել էր ծրագիրը մշակելու եւ պետական մակարդակի բարձրացնելու համար: Գիտնական ֆիզիկոսի համար իմ թերահավատությունն ընդունելի չէր: Նա խնդրեց այսուհետ արտասահմանյան բուհերում սովորող հայ ուսանողների աջակցության ծրագրին անդրադառնալ թեման լուրջ ուսումնասիրելուց հետո միայն: Հետո իմ ձեռքն ընկան այդ ծրագրին առնչվող որոշ փաստաթղթեր: Պարզվեց, որ այս ծրագրերի իրականացման համար մոտ մեկ տարի առաջ ՀՀ քաղաքացիներ Սերժ Սարգսյանը եւ Տիգրան Սարգսյանը գրանցել են «Լույս» հիմնադրամը: Ակնհայտ էր, որ անձնական նախաձեռնությամբ գրանցված հիմնադրամը չի կարող հավակնել ազգային կոչվելու: Ազգային ու այս կամ այն չափով արդյունավետ հիմնադրամի օրինակ մենք ունենք: Խոսքը «Հայաստան համահայկական հիմնադրամի» մասին է: Ամենամյա հանգանակությունների ընթացքում այս հիմնադրամը ֆինանսական միջոցներ կարողանում է ներգրավել այն պատճառով, որ հիմնադրամը ղեկավարում են ոչ թե անհատ անձինք, այլ կոնկրետ պաշտոնյաներ: Օրինակ, հոգաբարձուների խորհրդի նախագահը ՀՀ նախագահն է: Անկախ այն փաստից, թե ով է զբաղեցնում այդ պաշտոնը: Այս տեսակետից «Լույս» հիմնադրամն առանձին վիճակում է: Այն գրանցվել է որպես մասնավոր հիմնադրամ: Ամենեւին էլ կարեւոր չէ, թե ինչ պաշտոն են զբաղեցնում հիմնադիրները տվյալ պահին: Այն մասնավոր սեփականություն է: Հետեւաբար՝ ՀՀ օրենսդրության շրջանակներում գործելու պարագային որեւէ հասարակական պարտավորություն չունի: Մինչդեռ պարբերաբար հայտնվում է հասարակական ուշադրության կենտրոնում: Աշնանն, օրինակ, հայկական մամուլում հրապարակումներ եղան հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնի հայտարարության մասին: Հրապարակումներում նշվում էր, որ այն անցկացվում էր գաղտնիության մթնոլորտում: Ի վերջո, հայտնի չէր, թե ինչ չափորոշիչներ են ներկայացված հավակնորդի համար, եւ այլն: Հասարակական հետաքրքրությունն այս հիմնադրամի շուրջ շարունակում է ակտիվ մնալ զուտ այն թյուր պատկերացման պատճառով, որ այդ հիմնադրամը ձեւավորվել է արտասահմանում սովորող ուսանողներին աջակցելու նպատակով: Դատելով մամուլի հրապարակումներից` կարելի է ենթադրել, որ ոմանք կարծում են, թե այս հիմնադրամը ձեւավորվել է 2007-08թթ. ՀՀ կառավարությունում եւ Գիտության ու կրթության նախարարությունում կազմակերպված քննարկումների արդյունքում: Ենթադրում եմ, որ սա թյուրիմացություն է: Նախ` պետական մարմիններում քննարկվել է միայն ուսանողներին աջակցելու ծրագրեր: Իսկ «Լույս» հիմնադրամը գրանցվել է որպես մշակութային, գիտական եւ կրթական ծրագրեր իրականացնող: Որքան ինձ հայտնի է` այս հիմնադրամն էր կազմակերպել դուդուկահար Ջիվան Գասպարյանի հոբելյանական համերգը: Հիմա էլ մայիս ամսին կայանալիք «Ջեթրո Թալ» ռոք խմբի երեւանյան համերգի կազմակերպիչն է:
«Իսկ ի՞նչ եղավ արտասահմանյան հեղինակավոր բուհերում սովորող ուսանողների խնդիրը» հարցը նեոհայկական իրականության մեջ ունի մի քանի հնարավոր պատասխան: Նախ, մասնավոր հիմնադրամը ազատ է գործելու ըստ իր հիմնադիրների ճաշակի: Հետեւաբար սեփականատերն է որոշում՝ Անդերսոնի համե՞րգը կազմակերպել, թե՞ ազգային որեւէ ծրագիր իրականացնել: Մասնավոր սեփականության պարագային դա ակնհայտ անձնական ճաշակի խնդիր է: Հասարակական պարտավորվածության մասին խոսքերն ավելորդ են: Ի վերջո, Հայաստանում կրթության ու ուսանողի խնդիրները բացառապես քաղաքական դիվիդենտներ շահելու տեսանկյունից են դիտարկվում: Շնորհալի կամ խոստումնալից երեխաներին արտասահմանյան լուրջ կրթություն ապահովելու ազգային ծրագրեր մշակելը պարապ խնդիր է: Որովհետեւ այդ ծրագրերը չեն իրագործվելու: Մեր հին ու նոր քաղաքական ուժերը, օլիգարխներն ու իրենց հնարավորություններով օլիգարխներին հավասարեցված չինովնիկներն ուսանողության հետ կապված այլ ծրագրեր ունեն: Ավելի պարզ ու նույնքան կանխատեսելի ծրագրեր: Նախապես տարածված տեղեկատվության համաձայն, հենց այսօր Հայաստանի պետական եւ ոչ պետական բուհերի 700 ուսանողներ անդամագրվելու են «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը: Դադարեք երազել սորբոն-հարվարդներում սովորող ուսանողության մասին: Թուլացեք ու ըմբոշխնեք վերոհիշյալ լուրը: Հատկապես ուշադրություն դարձրեք վերջին նախադասությանը: Շատերին է թվում, որ այդ նախադասությունն ամենակարեւորն է մեր ուսանողության համար: Ըստ «lragir.am»-ի` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի գրասենյակը տարածել է հաղորդագրություն այն մասին, որ «ապրիլի 23-ին «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում տեղի կունենա 17 պետական եւ ոչ պետական ԲՈՒՀ-եր ներկայացնող ավելի քան 700 ուսանողների` «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանն անդամակցելու հանդիսավոր արարողությունը: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շարքերը համալրած ուսանողներին կողջունի եւ կշնորհավորի ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Երիտասարդ կուսակցականներին կհանձնվեն կուսակցական անդամատոմսեր: Միջոցառման ավարտին նախատեսվում է հյուրասիրություն»: