Մամեդյարովին փոխո՞ւմ են

23/04/2009

«Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը ցանկացած պահի կարող է պաշտոնանկ արվել»,- նման տեղեկություն է հրապարակել թուրքական «Դունյաբուլթենի» էլեկտրոնային թերթը, որպես պատճառ նշելով այն հանգամանքը, որ թուրք-հայկական հարաբերությունների բարելավման շուրջ բանակցությունների հետ կապված Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ ստեղծված լարվածության համար պատասխանատուն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը համարում է հենց Մամեդյարովին: Թերթը գրել է, որ ըստ Ադրբեջանում շրջանառվող լուրերի, նախագահ Իլհամ Ալիեւը պատրաստվում է «նշանակալից փոփոխություններ կատարել արտաքին քաղաքականության մեջ»: Ըստ այդ լուրերի, նախագահ Ալիեւը հավատում է, որ «Թուրքիայի հետ Հայաստանի միջեւ հարաբերությունների մասին իր բավարար տեղեկացված չլինելու արդյունքում է ծագել թուրք-հայկական սահմանի բացման հնարավորությունը»: «Դունյաբուլթենի» պարբերականը հայտնել է, որ Ադրբեջանի նոր Արտաքին գործերի նախարարի թեկնածուների թվում նշվում են Ադրբեջանի դիվանագիտական ակադեմիայի ռեկտոր, ԱՄՆ-ում այդ երկրի նախկին դեսպան Հաֆիզ Փաշաեւի եւ Իլհամ Ալիեւի հետ իր մոտ հարաբերություններով հայտնի՝ ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Յաշար Ալիեւի անունները: