Այսօր էլ Մարիամի լուսաբացը թոշնեց օրվա հետ եկող անորոշության, մենակության ու վախի զգացումից: Ճիշտ այնպես, ինչպես երեկվա օրն էր հոգսերից թառամել, ու ճիշտ այնպես, ինչպես վեց տարի շարունակ Մարիամն իր օրերը հաղթահարում է մղձավանջներով: Սարսափում է այն մտքից, որ լուսաբացին հաջորդելու են գիշերելու տեղի փնտրտուքները, ապա գալու է երեկոն, ու Մարիամն իր դստեր հետ մթության անորոշության մեջ մոլորվելու է: Ու ոչ ոք չի իմանալու, որ Մարիամը դստեր հետ փողոցում է քնել: Այդպես, մի օր էլ Մարիամն ինքն իրեն կկորցնի, ու ոչ ոք չի իմանա, քանի որ նա ոչ մեկին պետք չէ` կարծես այս մոլորակի ավելորդությունն է: Անտուն, անհարազատ մնացած
25-ամյա Մարիամ Մատեյանը յոթ տարի առաջ խելակորույս սիրահարվեց, այնպես, ինչպես երբեւէ սիրահարվում է մեզնից յուրաքանչյուրը: Սիրուց խենթացած` ինքն էլ չգիտակցեց, թե սիրած տղամարդը` Ալիկը ինչպես իրեն հղիացրեց ու սիրուն-սիրուն խոստումները Հայաստանից Ռուսաստան ճանապարհին շաղ տալով՝ լքեց իրեն ու անհետացավ: Հետո Մարիամի սիրո գաղտնիքն ամեն օրվա հետ մեծացավ, կլորիկացավ ու մի օր էլ Մարիամին կյանքի առջեւ կանգնեցրեց՝ որպես ապօրինի ճանապարհով հղիացած մայր: «Սկսվեց սկանդալները, վիճաբանություններն ու ամենավիրավորական բառերը: Ծնողներս ինձ չներեցին, իսկ քույրս, եղբայրս թքած ունեն ինձ վրա: Մեր տանն ապրում էի՝ ինչպես ավելորդություն: Հայրականս տունը դարձավ ինձ խորթ, պատերի անկյուններում կուչ եկած էի ապրում: Ամեն պահի երեսիս ինչ ասես շպրտում էին»,- պատմում է Մարիամն, ում շուրթերից բառեր պոկելու համար ինձնից մեծ ջանքեր են պահանջվում, որովհետեւ Մարիամն այն կանանցից չէ, ովքեր իրենց դժբախտ կյանքը դարձնում են մելոդրամ ու բոլորին այն ընթերցելով` ապրում են: Ուժեղ ու զուսպ կին է, բայց, երբ վստահում ու սկսում է կիսվել` աչքերից արցունքներն այնպես են «պայթում», որ թվում է` յոթ տարվա վիրավորանք ու ցավ են դուրս տալիս: Խոսել չկարողանալու լռության մեջ Մարիամի մարմնի միջից ինչ-որ բանով խոսքերը ներս են քաշում` թույլ չտալով, որ արտահայտվի: Ու հենց սկսում է իրեն թույլ տալ լաց լինել` ժամանակը դառնում է ազատ, եւ մեզնից ոչ մեկը չի շտապում: Մարիամը լացում է. «Հասկանո՞ւմ ես, երբ Նելլիիս ունեցա` եկան հիվանդանոց, տարան տուն, մի քանի ամիս պահեցին, որովհետեւ երեխան իրենց համար նորություն էր, սիրում էին, զբաղվում էին: Հետո երեխան ձեռքիս` ինձ վռնդեցին փողոց»,- պատմում է երիտասարդ կինը, ով փողոցում հայտնվելուց հետո մաշվել է, մարմինը ոսկրացել, հյուծվել է: Հարավ-արեւմտյան թաղամասում գտնվող հայրական բնակարանը դարձավ հուշ, ու Մարիամի համար դուռը դրսից կողպվեց: Վեց տարի է, ինչ ապրում է այնտեղ, որտեղ անուն չունի, որովհետեւ` «Դրսում, մի ծանոթի, մի ընկերուհու, մի բարի մարդու, չգիտեմ… էնքան անորոշ, էնքան վախերով եմ ապրում: Տեղ չունեմ գնալու, ինչքա՞ն կարող ես ծանոթների տանը կուչ գալ, ապրել: Երեխաս… ախր երեխաս ի՞նչ մեղավոր էր իմ դժբախտության համար»: Երեխան նույնքան իրեն ավելորդություն է համարում, որքան մայրն է ինքն իրեն թաքցնելով՝ ուրիշներին ստիպում չնկատել իրեն: 6-ամյա Նելլին շփոթվում է, երբ հայտնվում է ուշադրության կենտրոնում, եւ հարցերիս պատասխանելու փոխարեն՝ կարկամում է: Ասում է` «Ուզում եմ մամաս ուրախ լինի, որ ես էլ ծիծաղեմ: Մամաս մենակ լացում ա, լացում ա: Մեկ էլ ուզում եմ, որ տուն ունենանք ու իմանանք` ուր գնանք, թե չէ` մամաս լացում ա, լացում ա…»: Նելլիի` հոր մասին հարցերն է՛լ ավելի են տանջում Մարիամին: Ասում է` «Խաբում, ասում եմ` պապան գալու ա մեզ փրկի էս վիճակից: Սպասում ա, բայց չգիտեմ, թե ինչի՞ եմ խաբում երեխուն: Ես չեմ կարողանում պաշտպանել իրան, գոնե թող հավատա, որ հայրը պիտի գա ու ամեն ինչ տեղը գցի»: Մարիամի քույրն ու եղբայրը բնավ չեն հետաքրքրվում իրենով ու զարմուհիով: Երեկ Մարիամն աղջկա հետ հանգրվանել էր Շենգավիթ համայնքի Աերացիա թաղամասի 7-րդ հանրակացարանում ապրող ծանոթի տանը: Արդեն քանի օր է` այնտեղ է գիշերում, բայց ծանոթն այլեւս չի կարողանում հանդուրժել մոր ու աղջկա ներկայությունն այն պարզ պատճառով, որ սենյակը փոքր է, իսկ սոցիալական պայմանները` վատ: Մարիամն այժմ անաշխատունակ է, որովհետեւ բուժվում է, իսկ նախկինում ուրիշների տները մաքրելով` երեխային կարողանում էր կերակրել: Վերջերս նրան փողոցից ուղիղ տարել են հիվանդանոց: Հանրակացարանի բնակիչները վստահեցնում են` «Մի քանի օր առաջ դուրս էր եկել լվացք փռելու: Մեկ էլ տեսնենք` ընկավ գետնին, դու մի ասա` աչքերի առաջ սեւացել, գլուխը պտտվել, ուշագնաց ա եղել»: Հիվանդանոցում պարզվել է, որ Մարիամի մոտ ծանր սթրեսներից նյարդային լուրջ հիվանդություն է առաջացել: Հանգստացնող դեղորայքով նրա վիճակն ինչ-որ չափով կայունացրել են. «Հիմա հանգստացնող դեղեր եմ խմում: Ահագին սրսկումներ են նշանակել, բայց էս անտեր վիճակում չեմ կարող ինձ հետեւել»: Հանրակացարանի բնակիչները վստահեցնում են, որ Մարիամին ու աղջկան օգնում, կերակրում են, բայց քանի որ բոլորն էլ թշվառ պայմաններում են ապրում` հաճախ նրանք քաղցած են մնում: «Բոլորս էլ մեր աղջկա տեղ ենք ընդունում: Մի աման ճաշ ենք եփում` նրանց էլ ենք տալիս, բայց էս աղջիկն էս վիճակով երկար չի ձգի: Քանի գնում` կործանվում ա»: Մարիամը վերջերս դիմել է Շենգավիթի թաղապետարան` խնդրելով ընտանեկան նպաստ հատկացնել, սակայն մերժվել է զուտ այն պատճառով, որ մշտական բնակության վայր չունի, հետեւաբար գրանցված է հայրական տան հասցեով: Ասում է` «Եթե ես էնտեղից դուրս գամ` ո՞ւր գրանցվեմ, եթե փողոցում եմ մնացել: Գոնե նպաստ տային` երեխայիս մի կտոր հաց կառնեի, թե չէ` ուրիշների տանը ո՞նց ասես՝ մի կտոր հաց տվեք»: Որպես միայնակ մայր՝ Մարիամը նույնպես չի օգտվում որեւէ արտոնությունից: 6 տարեկան Նելլիի դպրոցական տարիքը շուտով կմեկնարկի, բայց նա հավանաբար չի դառնա դպրոցական, որովհետեւ ոչ հանգրվան ունի, ոչ էլ դպրոց գնալու հնարավորություն: Մարիամը վերջերս դիմել է Շենգավիթի թաղապետարան` խնդրելով Աերացիայի 4-րդ կարգի վթարային հանրակացարանի ազատ սենյակներից մեկն իրեն տրամադրել, սակայն մերժել են` պատճառաբանելով, թե ազատ սենյակ չկա: Մինչդեռ հանրակացարանի բնակիչները վստահեցնում են, որ սենյակներ, այնուամենայնիվ, կան: Մարիամը տասն օր առաջ դիմել է նաեւ Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին եւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին` խնդրելով իր եւ աղջկա համար կացարան հատկացնել: «Հասկանո՞ւմ ես, ինձ շատ բան պետք չի, ընդամենը մի բուն, մնալու, գիշերելու տեղ: Էլ չեմ դիմանում էս սթրեսներին, էս վախերին: Էլ չգիտեմ՝ երեխայիս ձեռքը բռնած ո՞ւր կծկվեմ գիշերով ու լուսացնեմ: Էլ չեմ դիմանում…»:
25-ամյա Մարիամն ու 6-ամյա Նելլին հանգրվանել են իրենց ծանոթի տանն ու օրեր շարունակ անհամբեր սպասում են վարչապետի կամ քաղաքապետի մեծահոգությանը: Այդ պատասխանից է կախված նրանց ճակատագիրը, որի մանրամասները լսելիս` համոզվում եմ, որ Մարիամն էլ չի դիմանում, Մարիամն ուզում է ինքն իրեն կորցնել…