Ծագումնաբանության բնագավառում կատարած աշխատանքների համար սկանդալային հռչակ ստացած պրոֆեսոր Պանայոտիս Զավոսը հայտարարել է, թե վերջերս պատճենաբուծել է մարդու 14 սաղմ եւ դրանցից 11-ը պատվաստել կամավոր կանանց: Այս մասին հաղորդել է բրիտանական «Independent» թերթը: Ինչպես գրում է հրատարակությունը, չորս կանայք, որոնց պատվաստվել են պատճենաբուծված սաղմերը, «արդեն իրոք հղիացել են» եւ «հասունացնում են երեխաներին»: Նրանց ծնվելուն կարելի է սպասել մոտ ժամանակներս: Թերթը նաեւ ստացել է այն տեսանյութերին ծանոթանալու հնարավորություն, որտեղ, ականատեսների խոսքով, պատկերված են ինչպես մարդու պատճենաբուծման՝ Զավոսի աշխատանքներն, այնպես էլ արհեստականորեն ստեղծված սաղմերի պատվաստումը կամավոր մայրերի մարմնում: Աշխարհի երկրների բացարձակ մեծամասնությունը մարդու պատճենաբուծման փորձերն արգելել է: Ինչպես իր հերթին երեկ հաղորդել է Մեծ Բրիտանիայի «Սքայ Նյուզ» հեռուստաընկերությունը, Զավոսն իր ներկայիս աշխատանքները կատարել է Մերձավոր Արեւելքի երկրներից մեկում: