Վատիկանը մարտկոց է կառուցում

23/04/2009

Վատիկանը քննարկում է Երկրի ամենափոքր պետության տարածքում 500 մլն եվրո արժողությամբ 100 մեգավատտ հզորությամբ արեւային մարտկոց կառուցելու հնարավորությունը, որը կազմված կլինի 2,7 հազար արեւային վահանակներից:

Ինչպես հաղորդել է «Bloomberg» գործակալությունը, շինարարությունը ծրագրվում է սկսել Հռոմից հյուսիս գտնվող Սանտա Մարիա դի Գալերիա գյուղակից ոչ հեռու Հռոմի կաթոլիկ եկեղեցուն պատկանող հողերում: Նախագծի համաձայն` արեւային մարտկոցը ավելի շատ էլեկտրականություն կարտադրի, քան անհրաժեշտ է Վատիկանի կարիքները բավարարելու համար, իսկ էլեկտրաէներգիայի ավելցուկը Վատիկանի սպասավորները մտադիր են վաճառել: Եթե նախագիծը հաջողությամբ իրացվի, ապա արեւային այդ մարտկոցն ամենամեծը կլինի Եվրոպայում: 2008 թվականին գերմանական SolarWorld AG ընկերությունը 1,5 մլն դոլար է նվիրաբերել Վատիկանում արեւային մարտկոցի կառուցման համար: Նույն այդ ընկերությունը հանդես կգա որպես նախագծի խորհրդատու: